Գրիգոր Զոհրապ՝ փաստաբան, գրող, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր

Գրիգոր Զոհրապ՝ փաստաբան, գրող, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր

«Գրականութիւնը պիտի խօսէ մարդոցմէ եւ ծառայէ մարդոց»։

 

Նրա մասին 

Փաստաբան, գրող եւ խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապն իր կենդանության օրոք դարձել է Օսմանյան կայսրության հայ համայնքի համարձակ ու պատկառազդու ձայնը։ 

Ծնված լինելով Ստամբուլի հարուստ ընտանիքներից մեկում՝ Զոհրապը մեծ հարգանք է վայելել իր կյանքի ընթացքում։ Անպարտելիի համբավի շնորհիվ եղել է անչափ պահանջված փաստաբան, ներկայացրել ու պաշտպանել է ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ անհատների շահերը, որոնց նկատմամբ պարանոիդալ հակումներով հայտնի սուլթանի վարչակազմն անհիմն մեղադրանքներ էր առաջ քաշում։ Զոհրապը հայտնի էր որպես զորեղ հռետոր եւ մեծ տպավորություն էր գործում ժամանակակիցների վրա՝ լիներ դա խորհրդարանում, դատարանում, թե համալսարանում, որտեղ դասախոսում էր։ 

Իբրեւ մարդու իրավունքների ու անմեղ մարդկանց անհողդողդ պաշտպան՝ նա հաճախ էր գործեր վերցնում հայության եւ այլոց նկատմամբ կատարված անարդարությունների վերաբերյալ՝ բարձրաձայնելով ապօրինությունների մասին։ Իր անխարդախ կեցվածքի պատճառով 1890-ականներին նա ստիպված եղավ լքել Օսմանյան կայսրության տարածքը՝ փրկվելու իշխանությունների հետապնդումից։ Վերադառնալուց հետո Ստամբուլի հայերը նրան առաջադրեցին պատգամավորության՝ ներկայացնելու հայ համայնքը նորաստեղծ խորհրդարանում։ Չնայած թուրքական դիմադրությանը՝ նա ընտրվեց խորհրդարանի անդամ։  

Զոհրապը եղել է բացառիկ զարգացած անհատականություն, եւ սա վառ կերպով արտահայտվել է նրա գրական ստեղծագործություններում։ Ոճական բազմազանությամբ նա կարողանում էր արագ անցում կատարել պատմվածքի ժանրից էսսե ու բանաստեղծություն։ Նրա գրվածքներն արտացոլում ու բազմապատկում էին արդեն իսկ փառաբանված հռետորական ձիրքը։ Զոհրապը, սակայն, ողջ փայլով դրսեւորվեց նովելի ժանրում, եւ համարվում է դրա մեծագույն վարպետն արդի հայ գրականության մեջ։  

Որպես պատգամավոր՝ Զոհրապը ողջ ցասումով պահանջում էր դադարեցնել 1915 թվականի ապրիլի 24-ին ծայր առած ձերբակալություններն ու ոճրագործությունները։ Նրա կոչերը, սակայն, այդպես էլ մնացին անտեսված, իսկ ինքը ձերբակալվեց 1915 թվականի մայիսի 21-ին եւ աքսորվեց։ Նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն, ուստի համարվում է, որ Գրիգոր Զոհրապը սպանվել է տեղահանության ճանապարհին՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։ 

 

Հետաքրքիր փաստ 

Սկզբում Զոհրապն ստացել է ճարտարագետի կրթություն, սակայն թողել է այն՝ խորամուխ լինելու իրավաբանության ոլորտում։

 

Ավելին

The Poturli (short story) by Krikor Zohrab