Կոնստանտին Խաբենսկիի դասախոսությունը Երեւանում

Կոնստանտին Խաբենսկիի դասախոսությունը Երեւանում

2017թ. մայիսի 27-28-ին աշխարհում հումանիտար ոլորտի առաջատար գործիչներ, բարեգործներ, բիզնես եւ մեդիա շրջանակների ներկայացուցոիչներ ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու Aurora Dialogues քննարկումների երկրորդ շարքին: Որպես քննարկումների ծրագրի հավելում՝ Երեւան ժամանած հայտնի հետազոտողներ, հումանիտար ոլորտի ակտիվիստներ, ովքեր եկել էին մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, կարդացին դասախոսություններ այսօր աշխարհում ամենահրատապ հումանիտար խնդիրների շուրջ: Մայիսի 28-ին Կոնստանտին Խաբենսկին հանդիպեց իր երկրպագուների հետ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում եւ պատմեց նրանց իր հիմնադրած բարեգործական հիմնադրամի գործունեության մասին, ինչպես նաեւ պատասխանեց նրանց հարցերին: Դերասանի ելույթը վերանագրված էր. «Ինչպե՞ս կարող են օրինակելի անձինք օգնել համայնքներին եւ մղել նրանց գործողությունների՝ հանուն աշխարհում ամենախոսցելի խմբերի»: 

Կոնստանտին Խաբենսկին Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, կինոյի եւ թատրոնի դերասան, ինչպես նաեւ «Կինոտավր», «Նիկա», «Ոսկե Արծիվ» եւ այլ մրցանակների դափնեկիր: 2008թ. Խաբենսկին ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որպեսզի օգնի քաղցկեղով եւ բարդ ուղեղային հիվանդություններով երեխաներին: Այսօր այդ հիմնադրամը Ռուսաստանում ամենաշատ միջոցներ հավաքագրող 10 հիմնադրամների թվում է: Այն ոչ միայն տրամադրում է թիրախային օգնություն, այլեւ օժանդակում է հիվանդանոցների վերազինմանը, կազմակերպում է սեփական վերականգնողական ծրագրեր, բարելավում է բժիշկների հմտությունները եւ փորձում է փոխել հասարակության վերաբերմունքը օնկոլոգիական խնդիրների հանդեպ:

Խոսելով բարեգործության մասին՝ Կոնստանտին Խաբենսկին խոստովանեց, որ փորձում է այդ գործում ներգրավել նաեւ կինոյի ու թատրոնի իր գործընկերներին, ովքեր պատրաստ են օգտագործել իրենց հայտնի լինելու հանգամանքը հասարակության բարօրությանը նպաստելու համար: «Մենք շատ գործընկերների ենք ներգրավում, «հայտնիների», ովքեր մեր եւ լսարանի շրջանում արժանի են հարգանքի: Նրանք այցելում են հիվանդանոցներ եւ ոչ միայն: Մասնակցում են բացօթյա միջոցառումների, կազմակերպում են միջոցառումներ թատրոններում եւ այլուր, իսկ ամենակարեւորն այն է, որ դա անում են գիտակցաբար: Նրանցից շատերը, հավատացեք ինձ, արդեն զգում են մասնակցության կարիքը, իրենց ընկղմում են «բարեգործության ջրերում»: Նրանց հետ միասին, իհարկե, այս պատմությունը ներգրավում է նաեւ իրենց դիտողներին, երկրպագուների, մեդիան, ընկերներին ու ծանոթներին»,- ասաց դերասանը:

Նա լսարանին մանրամասնորեն ներկայացրեց համակարգային բարեգործության կարեւորությունը, որում մարդիկ կներգրավվեն ոչ թե առանձին դեպքերում, այլ մշտապես՝ շեշտելով որ այդպես է ներկայում զարգացած երկրներում: «Բազմաթիվ երկրներ հասկանում են, որ բարեգործությունը ճիշտ է ու անհրաժեշտ: Մենք եւս փորձում ենք այս գաղափարը տարածել մեր երկրի քաղաքացիների շրջանում. այն միտքը, որ բարեգործությունը պարզ եւ անհրաժեշտ բան է: Սա կոչվում է ամենօրյա բարեգործություն, երբ անհատը չի մտածում, թե իր տրամադրությունը լավ է, թե վատ կամ պետք է արդյոք ինչ-որ լավ բան անել. անձն արդեն այդ հոսքի մեջ է: Շաբաթը, ամիսն ու եռամսյակը մեկ նրանք մեխանիկորեն ինչ-որ գումարներ են փոխանցում կամ մասնակցում մեր միջոցառումներին, օգնում ինչ-որ այլ կերպ»,- ընդգծեց Խաբենսկին:

Ելույթի ամենահուզիչ պահն այն էր, երբ մի հայ փոքրիկ տղա շնորհակալություն հայտնեց Խաբենսկիին: Տղան բեմ բարձրացավ եւ ասաց, որ «քեռի Կոստյայի» կողմից ստեղծած հիմնադրամն օգնել է իրեն անհրաժեշտ բուժում ստանալ, այնուհետեւ սեղմեց Խաբենսկիի ձեռքը լսարանի հոտնկայս ծափահարությունների ներքո:

Խաբենսկին կոչ արեց բոլորին չսպասել հատուկ առիթի իրենց հերոսությունը ցույց տալու համար եւ հըիշեցրեց հավաքվածներին, որ ցանկացած պահը կարող է դառնալ հերոսության պահ, այդ թվում հենց այն պահը, որում մենք հիմա ապրում ենք: «Դուք պետք է մտածեք եւ հասկանաք, որ հերոսությունը պարտադիր չէ, որ լինի ճակատամարտի մասշտաբի: Դա կարող է լինել անձնական հերոսություն, որը միանգամից տեսանելի չէ ուրիշի համար, սակայն ներքին արժանապատվության զգացում ունի, որը մշատապես ձեզ հետ է լինելու», - հավաստիրացրեց դերասանը:

Իր դրդապատճառների ու հիմնական շարժիչ ուժի մասին խոսելիս Խաբենսկին նկատեց, որ մշատպես հենվում է քրտնաջան աշխատանքի վրա ու փորձում է հավատարիմ մնալ իր ընտրած ուղուն: «Եթե անկեղծ ես ու նվիրված քո մասնագիտությանը, ապա վաղ թե ուշ դրա արդյունքը կտեսնես»,- ասաց նա:

2010թ. Կոնստանտին Խաբենսկին սկսել է իրականացնել իր սեփական ծրագիրը՝ «Ստեղծագործ զարգացման ստուդիա», որն ստեղծվել է կինոյում դերասանի աշխատանքի ու իր բարեգործական գործունեության հատման կետում: Երեխաների դերասանական ստուդիաներն ստեղծվում են միջնակարգ դպրոցների հիման վրա, որոնք բացվել էին Եկատերինբուրգում, Կազանում, Պերմում եւ այլ քաղաքներում: Ծրագրի շարունակությունը «Փետուրների» փառատոնն է՝ «Մաուգլիի սերունդը» բարեգործական ներկայացմամբ: Միջոցառման մասնակիցներից մեկը հրավիրեց դերասանին երեխաների դերասանական ստուդիա հիմնադրել նաեւ Երեւանում: Մասնակիցները ողջունեցին գաղափարն իրենց ծափահարություններով, իսկ Խաբենսկին շնորհակալություն հայտնեց աղջկան ու խոստացավ մտածել նման ծրագրի զարգացման ուղղությամբ:

Խաբենսկիի ոգեւորվածությունը հուզեց լսարանին, նրանք ակնհայտորեն ոգեշնչված էին դերասանի էներգիայով: «Ես հավատում եմ այն ամենին, ինչ անում է մեր հիմնադրամը: Դա ճիշտ է, դա անհրաժեշտ է», - եզրափակեց Կոնստանտին Խաբենսկին:

 

Ներքեւում կարող եք դիտել Կոնստանտին Խաբենսկիի դասախոսության տեսանյութը (ռուսերեն):