«Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», դա էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետների շարքը դասելու համար»։ Կլոդ Դեբյուսի
Նրա մասին
Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) կոմպոզիտոր էր, որը հավաքել ու գրի է առել հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը, ինչով դարձել է ամենահայտնի հայերից մեկն աշխարհում եւ հայության շրջանում։ Նրա ծավալուն եւ մանրակրկիտ աշխատանքը, որը կատարվել էր Հայոց ցեղասպանության բերած ավերածությունից կարճ ժամանակ առաջ, հսկայական դերակատարում է ունեցել հայ մշակույթի անսպառ գանձարանը գրանցելու եւ ստույգ կործանումից փրկելու գործում։
Կոմիտասը ծնվել է Օսմանյան կայսրության արեւմտյան հատվածում՝ Քյոթահիայում։ Մանուկ հասակում ծնողներին կորցնելով՝ տարվել է Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր կենտրոն, եւ ընդունվել Գեւորգյան ճեմարան։ Նրա բացառիկ ձայնն ու տաղանդն աչքի են ընկել անմիջապես. կաթողիկոսը հաճախ էր նրան կանչում հյուրերի առաջ ելույթ ունենալու։
Դեռեւս ճեմարանում ուսանելու տարիներին Կոմիտասը շրջել է գյուղից գյուղ՝ հավաքելով ու գրի առնելով հայ ժողովրդական երգերը, ապա տեղափոխվել Թիֆլիս (ներկայիս Թբիլիսի)՝ Մակար Եկմալյանի մոտ՝ շարունակելու կրթությունը։ Խրիմյան Հայրիկի միջնորդությամբ նյութական օժանդակություն է ստացել Ալեքսանդր Մանթաշեւից եւ Թիֆլիսից հետո մեկնել Գերմանիա՝ ուսանելու Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում (ներկայիս Հումբոլդտի համալսարանը Բեռլինում)։
Ուսումն ավարտելով՝ Կոմիտասը վերադարձել է Էջմիածին եւ ավելի մեծ եռանդով նվիրվել երգահավաք գործին։ Նա հավաքել է 3․000-5․000 երգ, որոնցից մեզ հասել է ընդամենը 1․200-ը։ Այս ժամանակահատվածում նա նաեւ ստեղծագործել է, ինչով մեծ ճանաչում է ձեռք բերել հայության շրջանում եւ դրանից դուրս։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Կոստանդնուպոլիս եւ հռչակվել իր երաժշտական գործունեությամբ։
Ապրիլի 24-ին Կոմիտասը ձերբակալվել եւ հայազգի բազում մտավորականների հետ միասին ուղարկվել է բանտարկյալների ճամբար։ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ որոշ թուրք ընկերների միջամտության շնորհիվ Կոմիտասին հաջողվել է փրկել, սակայն միայն մարմնով։ Կրած տառապանքները եւ ժամանակակիցների դաժան սպանությունը անվերադարձ փոխել էին Կոմիտասին։ Որոշ ժամանակ Կոստանդնուպոլսում ապրելուց հետո նա մեկնել է Փարիզ՝ հոգեբուժարան, որտեղ էլ մահացել է 1935 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից 20 տարի անց։ Ոչ ոք մինչ օրս չգիտի, թե հետագայում ինչ եղավ նրա ուսումնասիրությունների բազմաթիվ հատորների ճակատագիրը, որոնք նա այդպես էլ չհասցրեց հրատարակել։
Դժվար է գերագնահատել Կոմիտասի ավանդը հայ երաժշտության եւ, ընդհանուր առմամբ, Ցեղասպանությունից հետո հայ մշակույթի վերածննդի գործում։ Հայությունն ու ամբողջ աշխարհը առհավետ պարտական են նրան՝ հայ մշակույթի պահպանությանը ցուցաբերած անձնազոհ նվիրումի եւ անգնահատելի ներդրման համար։
Հետաքրքիր փաստ
Կոմիտասը պնդում էր, որ վերծանել է խազերը՝ հայկական միջնադարյան նոտագրության համակարգը։ Նրա մահից հետո այդ խոսքերը վավերացնող ոչ մի փաստաթուղթ, սակայն, չի գտնվել։
Ավելին