logo
ՓԱԿԵԼMenu
Ջուլիեն Լուսենգե. «Կոնգոյի կանայք այլեւս զոհ չեն, այլ փոփոխության առաջամարտիկ»

Ջուլիեն Լուսենգե. «Կոնգոյի կանայք այլեւս զոհ չեն, այլ փոփոխության առաջամարտիկ»

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն կոնգոյացի իրավապաշտպան է, որը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին՝ լինելով «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիրն ու նախագահը, ինչպես նաեւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիրը: Մենք զրուցել ենք նրա հետ իր գործունեության, դրա վտանգների եւ ազդեցության մասին:

Վտանգված կանայք եւ երբեք չդադարող պատերազմները

Լինել կին կամ աղջիկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նշանակում է լինել վտանգի մեջ, նշանակում է լինել բոլոր տեսակի բռնությունների, հատկապես՝ սեռական բռնության պոտենցիալ զոհ։ Կոնգոյացի կինը ենթարկվում է խտրականության բոլոր տեսակներին: Մենք այն բոլոր զինված խմբերի տնօրինության տակ ենք, որոնք վխտում են մեր երկրում: Նույնիսկ մեր մշակույթը մեզ թույլ չի տալիս պաշտպանել մեր իրավունքները, կարծիքը, այն գծում է մեր՝ համայնքին ծառայելու սահմանները:

27 տարի է մեր երկիրը ներքաշված է պատերազմի մեջ: Բացի այդ, տեղի են ունենում միջհամայնքային բախումներ: Այս հակամարտությունները հրահրում են հարեւանները, ընկերությունները, որոնք գալիս են թալանելու ընդերքը: Սա առաջին հերթին տնտեսական բնույթի հակամարտություն է, որը բերում է փոքր, միջհամայնքային բախումների՝ իրավիճակը սրելու համար: 

Որպես լրագրող, ակտիվիստ եւ ֆեմինիստ՝ մեծ ցավ էի ապրում, երբ ես փողոցում տեսնում էի կանանց իրենց երեխաների հետ՝ առանց աջակցության, հագուստի կամ սննդի: Կանանց եւ երեխաների իրավունքների վերաբերյալ հաղորդումներից բացի, ես սկսեցի պատրաստել հաղորդումներ նաեւ խաղաղության թեմայով՝ կոչ անելով կանանց օգնելու այլ կանանց ու չթողնելու նրանց փողոցներում:  Շատ հանդիպումներ կազմակերպեցի ցեղապետերի, բոլոր համայնքների առաջնորդների եւ կանանց հետ: 

Եկավ մի պահ, երբ յուրաքանչյուր կին իր մաշկի վրա էր զգացել այս պատերազմը, եւ այլեւս չէինք կարողանում խոսել մեկս մյուսի հետ: Կինը, որի հետ մեծացել էիր, մի օր դեմդիմաց էր դուրս գալիս ու թեքում հայացքը: Ես ասացի ինքս ինձ՝ ի՞նչ է կատարվում մեզ հետ: Եվ ես հանդիպում կազմակերպեցի: Ի վերջո, մենք հասկացանք, որ մենք ոչինչ չգիտենք պատերազմի մասին: Մենք երկար լաց եղանք եւ որոշեցինք հաղթահարել խնդիրը, գնալ համայնքներ եւ ասել նրանց, որ դադարեցնեն պատերազմը:   

 

Պայքարի գինը

Քանի որ ես մոբիլիզացնում էի մարդկանց, հայտնվեցի զինված խմբերի առաջնորդների թիրախում, որոնք ինձ ընկալում էին որպես իրենց շարժման հակառակորդ: Ես ստիպված էի հեռացնել ամուսնուս ու երեխաներիս: Իսկ ես չէի ցանկանում մեկնել: Մտածեցի, որ բոլոր այդ մարդիկ բռնություն են կիրառում, որպեսզի ստիպեն մեզ փախչել, որպեսզի ազատ լինեն անելու այն, ինչ կցանկանան՝ սպանելու ու բռնաբարելու կանանց: 

Ես մնացի ու շարունակեցի կազմել իմ զեկույցներն ու դրանք ուղարկել աշխարհով մեկ: Այդ ժամանակ ես ընդամենը երեսուն տարեկան էի:  Ես չէի գիտակցում, թե որքան լուրջ է վիճակը: Մի օր ես ստիպված էի հեռանալ ու միանալ ընտանիքիս Բենինում, քանի որ գործերը լավ չէին: Իրենց վրա հարձակումից շատ չանցած ինձ միացան գործընկերներս: Իմ տունն ամբողջությամբ ավերված էր: Նրանք թալանել էին ամենն, ինչ ունեինք: Ամեն ինչ ավերված էր:

Լինում էին պահեր, երբ ինձ մեղավոր էի զգում: Չէ՞ որ հենց գործիս պատճառով հարձակվեցին ընտանիքիս վրա, կորցրինք ամեն ինչ, կարող էր երեխա մահանալ... որովհետեւ երեխաներս եւս ստանում էին մահվան սպառնալիքներ: Բայց իմ երեխաներն ու ամուսինն ամեն անգամ ասում էին ինձ. «Ոչ, ոչ ոչ: Դու սխալ ոչինչ չես արել: Դու լավ բան ես անում՝ պաշտպանելով այլ կանանց: Դու լավ գործ ես անում: Դու ամեն ինչ անում ես իրավիճակը փոխելու համար: Մենք դեմ չենք դրան: Մենք աջակցում ենք քեզ»: Հենց ամուսնուս եւ ընտանիքիս աջակցությունն էր, որ օգնում էր ինձ շարունակելու: 

 

Համերաշխության ուժը

SOFEPADI-ն պաշտպանում է եւ առաջ մղում կանանց իրավունքները: Մենք փաստագրում ենք կանանց նկատմամբ բոլոր բռնությունները, աջակցում ենք տուժածներին, որոնք հաղորդում են ներկայացնում այդ մասին, օգնում ենք նրանց այդ հարցում, տեղեկացնում բնակչությանն իրենց իրավունքների մասին, որպեսզի նրանք կարողանան հաղորդել հանցագործությունների մասին, եւ դասընթացներ անցկացնում, որպեսզի իմանան իրենց իրավունքները եւ պաշտպանեն սեփական անձը: Մենք տրամադրում ենք բժշկական, հոգեբանական, իրավական եւ դատական աջակցություն, օգնում տուժածներին սոցիալ-տնտեսական վերաինտեգրման հարցում: Մենք օգնում ենք երեխաներին, որոնք բռնաբարության զոհ են կամ ծնվել են բռնաբարության հետեւանքով, օգնում ենք նրանց վերադառնալու դպրոց եւ սովորելու համալսարանում, եթե ցանկանում են: 

Բռնության զոհերի հետ մենք համերաշխության խմբեր ենք ձեւավորում, որպեսզի նրանք օգնեն միմյանց, փորձի փոխանակման միջոցով իրավիճակից ելք գտնեն: Մենք սովորեցնում ենք նրանց օրենքները, որպեսզի նրանք դառնան փաստաբանի օգնական եւ կարողանան դիմել դատարան եւ օգնել այլ տուժածների: Մենք գյուղերում կազմակերպում ենք նաեւ, այսպես կոչված, «արդարադատության սենյակներ», դատավորներին բերում գյուղեր, որպեսզի դատեն հանցագործներին:  

Մենք շատ աշխատանք ենք տանում կանանց եւ երեխաների իրավունքների ուղղությամբ, բայց նաեւ խաղաղության: Մենք աշխատանքային խմբեր ենք ձեւավորել գյուղերում՝ բարձրաձայնելու եւ լուծելու միջհամայնքային հակամարտությունները: Այս խմբերն առաջնորդում են կանայք: Այսօր նրանք իրենց գյուղերում այլեւս չունեն իմ կամ մեկ այլ գործընկերոջ կարիքը: 

Այսօր կան կանայք, որոնք հաղորդում են բռնաբարության մասին՝ իրագործված իրենց ամուսնու կողմից դստեր նկատմամբ: Սա չլսված բան է: Մենք ունենք երիտասարդներ, որոնք արշավներ են կազմակերպում՝ դատապարտելու բռնությունը կանանց նկատմամբ: Սա մեծ առաջընթաց է, որին հասել ենք: Մենք ունենք ցեղապետեր, որոնք ընդունել են կանանց ներկայությունն իրենց կողքին, ինչը հնարավոր չէր նախկինում:

Իմ գործընկերների հետ ես ստեղծեցի Կոնգոյացի կանանց հիմնադրամը (FFC), որը մոբիլիզացնում է ռեսուրսները, դրանք տրամադրում այլ կազմակերպությունների՝ ուժեղացնելով նրանց կարողությունները, որպեսզի կարողանան բարեփոխել իրենց գյուղերը: Երբ մենք Բունիայում վերապատրաստում ենք սեռական բռնության զոհերին, մյուսները մեր տրամադրած միջոցներով վերապատրաստում են անցնում այլ վայրերում: Արդյունքում մենք դառնում ենք ավելի ուժեղ: 

Այսօր մենք կին ակտիվիստների եւ փրկվածների մեծ ցանց ունենք, որոնք աշխատում են հանուն խաղաղության, կանանց իրավունքների եւ դատապարտում սեռական բռնությունը: Մենք պարզապես զոհ չենք: Կոնգոյի կանայք եւ բռնությունից տուժածները կասեն ձեզ, որ նրանք այլեւս զոհ չեն: Նրանք փոփոխության առաջամարտիկներ են, որովհետեւ նրանք բարեփոխում են իրենց գյուղերը: 

Ջուլիեն Լուսենգեն աջակցում է հազարավոր կանանց, որոնց բռնաբարել են պատերազմի ժամանակ: Մերօրյա խիզախ հերոսներին կարող եք օգնել նաեւ դուք՝  նվիրաբերելով «Ավրորային», որպեսզի նրանք շարունակեն իրենց կենսական գործունեությունը։