logo
ՓԱԿԵԼMenu
Պետրա Թաբելինգ.«Մեղքի զգացումն անխուսափելի է»

Պետրա Թաբելինգ.«Մեղքի զգացումն անխուսափելի է»

Պետրա Թաբելինգը, որը երկար տարիներ լուսաբանում է իրավիճակը տուժած երկրներում գերմանական (WDR, Deutsche Welle եւ Frankfurter Allgemeine) լրատվամիջոցների համար, քննարկում է, թե ինչպես են ազդում ԶԼՄ-ները մեր`հակամարտություններից եւ աղետներից տուժածներին աջակցելու պատրաստակամության վրա: Վերջին տարիներին նա գլխավորում էր Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում «The Dart Center for Journalism and Trauma» («Լրագրություն եւ վնասվածքների Dart կենտրոն») ամերիկյան կազմակերպության ներկայացուցչությունը: Այսօր Պետրան շարունակում է հատուկ դասընթացների միջոցով գործընկերներին օգնել հաղթահարել «թեժ կետերում» աշխատանքի հոգեբանական հետեւանքները:

Սարսափելի պատկեր

Ողբերգության վայրից արվող ռեպորտաժներում շոկային կադրերի առատությունը կարող է մարդկանց մոտ պասիվություն եւ անօգնականության զգացում առաջացնել: Հաճախ միտք է առաջանում, որ աշխարհն ընդհանուր առմամբ վտանգավոր վայր է, եւ մարդն ուղղակի անզոր է դրա դեմ: Դա ինձ հիշեցնում է Թոմաս Հոբսի հայտնի թեզը՝ պատերազմի ժամանակ «մարդը մարդու դեմ գայլ է»:

Իհարկե, սա նոր երեւույթ չէ՝ գալիս է դարերի խորքից: Միակ տարբերությունն այն է, որ նախկինում մեզ համար այդքան հեշտ հասանելի չէր վախեցնող պատկերների նման քանակը ՝ անկախ այդ իրականությանը բախվելու մեր ցանկությունից: Ավելացնենք նաեւ, որ ահաբեկիչներն իրենց նպատակների համար ակտիվորեն օգտագործում են սոցիալական մեդիան:

Այս խնդրի հաղթահարումը բավականին իրատեսական է, եթե գիտակցվի դրա կարեւորությունն ու փորձ արվի պատմել ոչ միայն կորուստների, այլեւ այն մասին, թե ինչպես են մարդիկ հաղթահարում ու վերապրում ողբերգությունները:

 

«Արյունոտ վերնագրեր»

Վտանգավոր իրավիճակների մասին տեղեկացնելով՝ լրագրողները մարդկանց կյանք են փրկում: Բայց կարեւոր է մտածել, թե կոնկրետ ինչպես է լուսաբանվում այս կամ այն իրավիճակը, ինչպես են մեզ պատմում այն մարդկանց մասին, որոնք տառապում են, նրանց մասին, ովքեր շարունակում են ապրել: Խնդիրն այն է, որ մենք՝ լրագրողներս, սովորաբար ընկնում ենք «արյունոտ վերնագրի» հետեւից եւ հազվադեպ ենք մտածում, թե ինչ է տեղի ունենում հետագայում այդ համայնքի հետ, ինչ կփոխվի նրանց կյանքում մի քանի տարի անց: Սա պետք է ուսուցանվի, պետք է հնարավորություններ ստեղծվեն նման մոտեցման համար: Ես եւ իմ գործընկերները՝ որպես դասընթացավարներ, զբաղվում ենք սրանով արդեն երկար տարիներ:

Շատ կարեւոր է իրավիճակը վերահսկել տուժածի հետ համատեղ, քանի որ ողբերգություն վերապրած մարդիկ հաճախ անօգնական լինելու զգացում ունեն:

Եթե տուժածների հետ աշխատանքի ժամանակ լրագրողը հոգի չի դնում, դա կարող է ավելի խորացնել նրանց վիճակը եւ անգամ հանգեցնել կրկնակի ցնցման: Հարցազրույցի հերոսներին պետք է ներկայացնել, թե ինչի մասին է լինելու պատմությունը, ինչ կադր է եթեր գնալու: Հնարավորություն տվեք նրանց տեսնելու, թե ինչ տեսքով է դա լինելու, ինչպես նաեւ զգուշացրեք, որ ցանկացած պահի կարող են ընդհատել հարցազրույցը:
 

Ուրախության դասեր

Որպես լրագրող սկսել եմ աշխատել դեռ 90-ականներին՝ ռեպորտաժներ պատրաստելով հետհակամարտային տարածաշրջաններից, ինչպիսին է, օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիան: Միշտ կարծում էի, թե ինձ հասկանալի է սոցիալական անարդարության իրավիճակներ, զրկանքներ կամ քաղաքական անհանգստություններ լուսաբանող լրագրողի դերը: Սակայն առաջադրանքներից մեկն առանձնապես բարդ էր:

2001-ին Ռումինիայում եւ Արեւելյան Եվրոպայում աշխատում էի ՄԻԱՎ-ով վարակված երեխաների հետ եւ մի քանի շաբաթ անցկացրեցի հոսպիսներում: Վրդովված էի Չաուշեսկուի ընտանիքի դաժան քաղաքականությունից, որի հետեւանքով այդքան մեծ թվով անմեղ զոհեր կային, ԶԼՄ-ների կուրությունից, ինչպես նաեւ ապշեցուցիչ աղքատությունից: Համարում էի, որ պետք է ոչ միայն տեղեկացնեմ իրավիճակի մասին, այլեւ ինչ-որ բան անեմ, ինչ-որ կերպ օգնեմ:

Բայց այդ երեխաները, որոնք կանգնած էին մահվանը դեմառդեմ, ինձ շատ բան սովորեցրեցին, այդ թվում՝ ինչպես ապրել այսօրվա օրով:

Այդ պատճառով ռեպորտաժս անվանեցի «Ուրախության երեխաներ»: Վատագույն հանգամանքներում նրանց գոյության, ինչպես նաեւ այդ երեխաներին օգնելու համար նվիրատվություն անելու հնարավորությունների մասին պատմելն ամենաչնչին բանն էր, որ որպես լրագրող կարող էի անել նրանց համար:

Լրագրողական երկընտրանք

Արդյոք պե՞տք է սկսես օգնել հերոսներիդ, թե՞ ավելի լավ է շարունակես աշխատանքդ կատարել: Յուրաքանչյուր լրագրողի համար սա անձնական հարց է, բայց մեղքի զգացումն անխուսափելի է՝ անկախ այն բանից, թե ինչպես ես վարվումգործում:

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սկսվելու հետ այս հարցը կրկին բավականին սրվեց: Վերջերս Բեռլինում տեղի ունեցած հասարակական ֆորումում մեծ թվով ելույթ ունեցողներ՝ Հունաստանում եւ Հունգարիայում աշխատող գերմանացի թղթակիցներ եւ լուսանկարիչներ, բաց խոսում էին այս երկընտրանքի մասին: Նրանցից ոչ մեկի համար լրագրողական նյութն առաջին տեղում չէր:

Լրագրողներն օգնում էին գաղթականներին ջուր, սնունդ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր հայթայթել, քանի որ այդ պահին մարդասիրական օգնությունը փախստականների ճամբար դեռ չէր հասել:

Սակայն լրագրողների մի մասն իր դերն այլ կերպ է պատկերացնում: Նրանք չեն համարում, որ մարդասիրական առաքելության աշխատակիցներ են, որոնց, միեւնույն է, չեն կարող ամբողջովին փոխարինել, այլ վստահ են, որ լրագրողի պարտքը իրադարձությունների վայրից տեղեկատվություն ապահովելն ու հնարավորինս արհեստավարժ լինելն է: Մեր սեմինարների ընթացքում քննարկում ենք այսպիսի եւ այլ բարդ հարցեր:
 

Ակտիվ բարություն

Մեր բազմաթիվ արարքներ կախված են դաստիարակությունից, կրթությունից եւ արժանի օրինակներին հետեւելուց: Այլ մարդկանց օգնելու գործում կարեւոր է հավասարակշռություն գտնել նրբազգացության եւ խղճահարության միջեւ: Գլխավորը պասիվ կարեկցանքով չսահմանափակվելն է, այլապես դժվար թե ձեզ հաջողվի փոխել ինչ-որ մեկի կյանքը: Եվ կրկին՝ այստեղ կարեւոր է մեդիայի դերը:

Լրագրողները պետք է ներկայացնեն ավելի շատ պատմություններ, որոնք ներառում են ճիշտ օրինակելի մոդելներ, եւ որոնք լսարանին են հասցնում միտքը, որ յուրաքանչյուրն ունակ է բարի գործերի:

Ականատես լինելով փախստականների ողբերգությանը, որն այնքան սերտորեն առնչվում է մեզ, ինչպես նաեւ հիշելով նացիզմի պատմությունը՝ անձամբ զգում եմ, որ մեծ թվով գերմանացիներ պատրաստ են գործել: Մասնավորապես՝ վերջին ամիսների ընթացքում բնակիչներն սկսել են ավելի ակտիվ աջակցել փախստականներին: Ինչպես ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ “Wir schaffen das!”՝ «Մենք կարո՛ղ ենք դա անել»: