«Որքան որ ես կապրեմ, պիտի ջանամ կյանքս ի սպաս դնել հայրենիքիս»։
Նրա մասին
Հովսեփ Էմինը որոշել էր, որ իր կյանքի կոչումը Հայաստանի ազատագրումն է։ Նա իր կյանքը նվիրել էր Հայաստանի ազատագրման գործի համար աջակիցներ գտնելուն։ Թեպետ նա իր կյանքի ընթացքում չտեսավ իր գործերի արգասիքը, նա դարձավ այն շարժման հիմնադիրը, որը բերեց հայկական անկախ պետականության վերստեղծմանը։
Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանում` վաճառականի ընտանիքում։ Հասակ առնելով՝ տեղափոխվել է Կալկաթա (Հնդկաստան), որտեղ բնակություն էր հաստատել նաեւ իր հայրը։ Այդուհանդերձ, համոզված լինելով, որ աճառականություն իր համար չէ՝ նա ոտք դրեց մի ամբողջ կյանք տեւած ճանապարհի վրա, որն իրեն պտտեց աշխարհով մեկ։ Սակայն նախքան իր միանձնյա գործունեությունը սկսելը նա մուտք գործեց տարբեր ռազմական հաստատություններ՝ ծանոթանալու զինվորական գործին։
Հաջորդ յոթ տարին Էմինն անցկացրեց Անգլիայում՝ ընկերանալով այնպիսի մարդկանց, ինչպիսին էին Էդմունդ Բյորկը, եւ փորձելով ստանալ նրանց աջակցությունը հայ ազգի ազատագրման գործում։ Սա անչափ տպավորիչ քայլ էր՝ հաշվի առնելով, որ նա Եվրոպայում օտարական էր եւ չուներ անձնական կապեր։ Նպատակին հասնելու երկաթյա կամքն ու անխոնջ համառությունը նրան հասցրին աշխարհի հզորների պալատները։
Հասկանալով, որ չի անգլիացիներին համոզել չի ստացվի՝ նա ճանապարհ ընկավ Ռուսաստան ու Վրաստան, որտեղ փորձեց բանակցություններ վարել այդ երկրների ղեկավարների հետ, որպեսզի նրանք օգնեն հայ ազատագրական պայքարի կազմակերպմանն ու իրականացմանը, սակայն կրկին ապարդյուն։
Վերադառնալով Կալկաթա՝ Էմինը փորձեց ստանալ հայ մեծահարուստ վաճառականության աջակցությունը, սակայն նրանց սառն արձագանքից հուսահատված՝ անցավ իր բազմամյա ուղեւորությունների եւ հանուն հայության ազատագրության միանձնյա պայքարի շարադրմանը։ Գիրքը վերնագրված էր «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը եւ արկածները»։
Հետաքրքիր փաստ
Թեեւ Էմինի գիրքն ինքնակենսագրական է, հեղինակն այն շարադրել է երրորդ դեմքով։
Ավելին