Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար Ջիվան Գասպարյանն ասում է` մեզանից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա, բայց դրա համար չպիտի լացենք, հակառակը` պիտի շարունակենք ապրել: «Հողի վերքերը բուժվում են, սրտի վերքերը չեն բուժվում»,- իր գրած երգերից մեկի տողերն է մեջբերում: Դուդուկը փոխեց նրա կյանքը: Դուդուկը նրան դարձրեց աշխարհահռչակ: Նա իր դուդուկի մեղեդիով աշխարհին ներկայացրեց հայերի չսպիացող վերքերն ու ապրել-արարելու շնորհքը:    
 

Դուդուկահար Ջիվան Գասպարյանն ասում է` մեզանից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա, բայց դրա համար չպիտի լացենք, հակառակը` պիտի շարունակենք ապրել: «Հողի վերքերը բուժվում են, սրտի վերքերը չեն բուժվում»,- իր գրած երգերից մեկի տողերն է մեջբերում:

Դուդուկը փոխեց նրա կյանքը: Դուդուկը նրան դարձրեց աշխարհահռչակ: Նա իր դուդուկի մեղեդիով աշխարհին ներկայացրեց հայերի չսպիացող վերքերն ու ապրել-արարելու շնորհքը:  

Ջիվան Գասպարյանը Թուրքիայում չորս անգամ համերգ է ունեցել: Պատմում է, որ ամեն անգամ Թուրքիայում իրեն նույն հարցն են տալիս` «Ձեր պապերը Մուշից են, ի՞նչ կասեք Մուշի մասին»: Ու ինքն ամեն անգամ ներկայացնում է իր գերդաստանի պատմությունը:

Նրա պապերը մշեցի են: Հայրական պապը` Ղեւոնդ Գասպարյանը, հողագործ է եղել: Վեց եղբայր է ունեցել, որոնցից միայն երկուսն են գաղթել Հայաստանի Սոլակ գյուղ (գտնվում է Կոտայքի մարզում), մյուսներն ինքնապաշտպանական մարտերում զոհվել են: Դուդուկահարը պատմում է, որ ցեղասպանության տարիներին սկսված գաղթի ժամանակ թոռներից 4-ը մնացել էին Մուշում: Մի թուրք երեխաներին տարել էր իր տուն, պահել: Հետո մեծ պապը` Ղեւոնդ պապի հայրը, անցել է սահմանն ու Թուրքիայում ապրող քուրդ ընկերների հետ գնացել Մուշ, վերցրել երեխաներին ու բերել Հայաստան:

         Մուշ քաղաքի տեսարան
         Լուսանկարը՝ Բոդիլ Բյորնի հավաքածուից, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան

 

Արամայիս Գասպարյանը` Ջիվան Գասպարյանի հայրը, ծնվել է 1898թ. Մուշում: 17 տարեկանում հոր հորդորով, որպես կամավոր, միացել է Անդրանիկի զորքին: Զորքում էին նաեւ նրա 2 եղբայրները: Նրանցից մեկը եղել է Անդրանիկի ձիերի նալբանդը: 3-ից երկուսը հետագայում հաստատվել են Հայաստանում, իսկ մեկը` Գեւորգը, անհայտ կորել է:

Արամայիսը Թուրքիայից Հայաստան է անցել Անդրանիկի զորքի հետ: Զորավարը Ղարաբաղն ազատագրելու նպատակ ուներ, սակայն առաջացած հակասությունների պատճառով հեռացավ Հայաստանից: Այս ամենից հետո էլ Ջիվան Գասպարյանի հայրը հաստատվել է Սոլակ գյուղում: Այստեղ էին հաստատվել նաեւ բազմաթիվ մշեցիներ, այդ թվում` Խաչատուր Գրիգորյանը, որի աղջկա` Մագթաղի հետ հետագայում պիտի ամուսնանար Արամայիսը: Ջիվան Գասպարյանը պատմում է, որ իր գերդաստանի մի մասը Սոլակում հաստատվել է մինչեւ 1915-ը, մյուսները` 1915-ի կեսերին: Այդ տարիներին գյուղը բնակեցված էր խոյեցիներով ու մշեցիներով: Մայրական պապը` Խաչատուրը, անասնապահ էր, միայն սպիտակ ոչխարներ էր պահում: Ասում է` եթե մի ոչխարի նույնիսկ պոչը սեւ լիներ, պապը մորթում էր: «Մայրական պապս լավ ուտող էր` 20-25 ձվից ձվածեղ էր ուտում: Բարի մարդ էր, բայց մի անարդար բան տեսնելիս, մեջը չէր պահում` ասում էր` թունդ հայհոյելով»,- ժպտալով վերհիշում է այսօր արդեն 87-ամյա թոռը:

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ., Սոլակում: Չնայած ընտանիքը 1926թ.-ից հաստատվել էր Երեւանում, մանկությունն անցկացրել է գյուղում: «Ընդհանրապես մեր ցեղը լավ մարդիկ են եղել, ընտանիք սիրող, թասիբով… Ես հիշում եմ, պապիս տունը մի 30 հոգով նստում էին ճաշի: Թոնիր ունեին, փայտից սարքած քուրսի էին դնում (կարճ ոտքերով սեղան- հեղ.), քեչեքը գցում գետնին, էն ժամանակ մահճակալ էլ չկար, ոտքերը կախում էին թոնրի մեջ, բարձերը վերցնում, քնում»,- ասում է նա: Ընտանիքում շատ չէին խոսում 1915-ին կատարվածի մասին: Մի անգամ Խաչատուր պապը սաստել էր կնոջը` Մարգարիտ տատին, երբ երեխաներին պատմում էր, թե ինչ են արել թուրքերը հայերի հետ: Երեխաներն ուշադրությամբ լսում էին, տատն սկսել էր լացել պատմության կեսից ասել, որ իր հարազատներին սպանել են թուրքերը: «Հայրս պատմում էր, որ թուրքերը դաժան էին,  սիրուն աղջիկներին, որ ուզում էր խանը, զոռով տանում էին: Բայց իրենք պայքարում էին, կռվում էին: Ամիսներով սարերում էին»,-պատմում է դուդուկահարը:

 

                            Ժողգործիքների անսամբլ, 1944թ. (կենտրոնում՝ 16-ամյա Ջիվան Գասպարյանը)

                            Լուսանկարը՝ Գասպարյանների ընտանեկան արխիվ/ © PAN Photo


Երեւանում Ջ. Գասպարյանի հայրը զբաղվում էր քարտաշությամբ: Օպերայի, Հանրապետության հրապարակի շենքերի քարտաշներից էր: «Ինձ ասում էր` տղա ջան, ամեն մեկս մի քար դնենք, որ մեր երկիրը կանաչի: Իսկ եթե քարը հանենք, երկրից բան չի մնա»,- հոր խոսքերն է հիշում վարպետը:

Մայրը մահացել է հոր բացակայության պայմաններում, երբ Հայրենական մեծ պատերազմը նոր էր սկսվել, ու Արամայիս Գասպարյանը երեք եղբայրների հետ մեկնել էր ռազմաճակատ: Դուդուկահարը հիշում է, որ մորը հարեւաններն են հուղարկավորել. «Սպիտակ ներկած չորս տախտակի մեջ դրեցին բեռնատարն ու տարան թաղեցին»: Մագթաղ մայրիկին հուղարկավորել են ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում, որտեղ, ըստ Ջ. Գասպարյանի, այն ժամանակ բազմաթիվ գերեզմաններ կային, սակայն հետագայում մոր գերեզմանի տեղը քանդել են:

«Մենք անտեր երեխաներ էինք, ո՞վ էր տերը, ո՞վ էր տիրականը, հետո թե ինչ եղավ՝ չիմացանք, էդպես էլ կորավ մորս գերեզմանը: Առանց մեր, առանց հեր մեծացանք… Հազար տեսակ շրջապատ մտանք, վերջը էդ դուդուկն ինձ փրկեց, երբ սկսեցի սովորել դուդուկ նվագել, կյանքս փոխվեց»,- ասում է Ջ. Գասպարյանը`ավելացնելով, որ հայրը պատերազմից հետո տուն վերադարձավ:

 

 

Ջիվան Գասպարյանը` «24/04»-ի «Վերածնունդ» համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ապրիլի 24, 2015թ., Երեւան, լուսանկարը՝ Էդգար Բարսեղյանի

«Աշխարհում վատ ազգ գոյություն չունի` կա լավ ու վատ մարդ: Այսօրվա թուրքերին չեմ մեղադրում, եթե թուրք երիտասարդները խելացի լինեն, պիտի պահանջեն իրենց կառավարությունից, որ ներողություն խնդրի: Նրանց պիտի բացատրվի, որ ժամանակին մեզ ճնշել են, սպանել են, մորթել են, խշտիկներով խփել են. տատս էնպիսի բաներ էր պատմում»,- ասում է վարպետը:

Ջիվան Գասպարյանը լսել է, որ Մուշի իր պապական տանը հիմա քրդեր են ապրում: Նշում է` մի անգամ որոշել էր գնալ Վան, Մուշ, Սասուն, Արարատ լեռը բարձրանալ, բայց ոտքը վնասել էր ու չկարողացավ: Նա հուսով է, որ մի օր, եթե նույնիսկ ինքը չէ, գուցե թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկապես գտնի իր պապական տունը Մուշում: 

  «Իմպրովիզացիա», ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյաններ

 

* Գլխավոր նկարում՝ ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները,© PAN Photo

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: