«Նրա անձի մեջ միահյուսված են գեներալը, եպիսկոպոսը, նկարիչը, հայը, միամիտ գյուղացին եւ Օթելլոն», – ասել է Անտոն Չեխովը:
Ով է նա
Իվան (Հովհաննես) Այվազովսկին ծնվել է 1817թ. Ղրիմում եւ դարձել 19-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը եւ բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը համաշխարհային պատմության մեջ։ Վրձնի հմտությամբ ու վարպետությամբ Այվազովսկին ճանաչման է արժանացել դեռեւս կյանքի վաղ տարիներին, եւ շարունակել է անդադար նկարել՝ ստեղծելով մոտ 6000 կտավ։
Թեպետ նրա գլխավոր մոտիվը ծովն էր՝ իր աներեւակայելի բազմազանությամբ, նրա գործերը որոշակիորեն տուրք էին մատուցում իր պատմական ժառանգությանը եւս։ Դրանց թվում կան հայ ժողովրդի մկրտության եւ Մասիս լեռան տեսարաններ, Ամենայն Հայոց Կաթողիկոսներից՝ մեծն Խրիմյան Հայրիկի դիմանկարը եւ այլն։ Սակայն եւ ոչ մեկը չի համեմատվի ծովի՝ նրա իսկական սիրո բացառիկ ճշգրիտ պատկերումներին։
Այվազովսկու աշխատանքները ցուցադրվել եւ ներկայումս պահվում են Փարիզի Լուվրի թանգարանում, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում եւ այլուր։ Նրա շատ գործեր ցրված են աշխարհով մեկ՝ անհատական հավաքածուներով։
Հետաքրքիր փաստ
Աշխարհի առնվազն 11 երկիր Այվազովսկու կամ նրա ծովանկարների պատկերներով փոստային նամականիշներ է թողարկել։