logo
ՓԱԿԵԼMenu
Ճանապարհ դեպի մարդասիրություն

Ճանապարհ դեպի մարդասիրություն

Այսօր մարդասիրության ոլորտը կանգնած է ֆինանսական լուրջ կրճատումների առաջ։ Հենց այս համատեքստում 2025 թ. մայիսի 6-ին «Ավրորան» Լոս Անջելեսում անցկացրեց Մարդասիրության թեմայով կոնֆերանս։ Այն հնարավորություն տվեց համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնողներին եւ ակտիվիստներին համախմբվելու եւ վերագնահատելու իրավիճակը՝ քննարկելով ռազմավարություններ, որոնք կօգնեն շարունակել իրենց աշխատանքն աճող ճնշման պայմաններում։ Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները խոսեցին այն մասին, թե որքան մեծ է պատմելու ուժը՝ թե՛ սեփական, թե՛ այն մարդկանց պատմությունները, որոնց օգնում են իրենց աշխատանքով։ Դա կարեւոր է տեղական մարդասիրական նախաձեռնությունները պահպանելու եւ դրանց աջակցություն ապահովելու համար։

«Մեր զգայունությունը հաճախ մեզ ստիպում է հայացքը թեքել, երբ լարվածությունը մեծանում է, իսկ այս օրերին հաստատ այդպես է... Եվ այս անտարբերության գայթակղիչ հակաթույնը կարող է լինել պատմությունը։ Մեզ համար՝ «Ավրորայում», դա նշանակում է, որ «մարդասիրության մեջ ամենակարեւորը մարդն է»։ Ուզում եմ պարզապես ընդգծել, որ այս դահլիճում հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը բացառիկ պատմություն ունի պատմելու»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը՝ սկսելով կոնֆերանսի ամփոփիչ քննարկումը։ Այն նվիրված էր պատմությունների փոխակերպող ուժին, որը չափազանց կարեւոր է մարդասիրական աշխատանքում։ 

Քննարկման մասնակիցները պատմեցին սովորական մարդկանց պատմություններ, որոնք իրենց խիզախությամբ եւ տոկունությամբ խորը հետք են թողել նրանց կյանքում եւ դարձել ներշնչանքի աղբյուր։

«Գրեմմիի» առաջադրված երաժիշտ, բարերար, բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր եւ ծնունդով լոսանջելեսցի Ալոե Բլեքը պատմեց իր հանձնառության մասին, թե ինչպես է իր ունեցած հանրային հարթակն օգտագործում ճգնաժամամային իրավիճակներում իրական հերոսներին փառաբանելու համար։ Այդպես նա ավելի քան 9 միլիոն դոլար է հավաքել՝ հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար։

«Ես գիտակցում եմ, որ բազմաթիվ հնարավորություններ ունեմ լայն լսարանի առաջ հանդես գալու եւ․․․ երբ պահը գալիս է՝ ոտքի կանգնելու եւ ամենախոցելիների անունից խոսելու, ես զգում եմ, որ ես ունեմ այդ հնարավորությունը։ Բայց խոսքը միայն իմ մասին չէ։ Իմ հետ կան նաեւ համայնքի այլ առաջնորդներ։ Ես նրանց եմ առաջ բերում, աջակցում, որպեսզի նրանք նույնպես տեսանելի լինեն, քանի որ իրականում հենց նրանք են անում ամենածանր գործը։ Եվ երբ ես գրեցի SHINE երգը, հենց դա էր իմ նպատակը՝ տեսախցիկներն ու ուշադրությունն ուղղել իրական հերոսների կողմը»,- ասաց Ալոե Բլեքը, որն իր SHINE ստեղծագործությունը նվիրել է «Ավրորայի» հերոսներին։

ԱՄՆ նախկին դիվանագետ եւ ռազմածովային հետախուզության սպա Րաֆֆի Գրեգորյանը խոսեց հոր՝ «Ավրորայի» համահիմնադիր եւ ականավոր մարդասեր, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի (1934–2021 թթ․) թողած ժառանգության եւ այն արժեքների մասին, որոնք յուրացրել է իր ծառայության ընթացքում։ Նա պատմեց այն կարեւոր դասերի մասին, որոնք սովորել է՝ աշխատելով գլոբալ հակամարտությունների գոտիներում՝ մասնավորապես Բալկաններում։ 

«Այսօր առավոտյան մարդասեր-հերոսներին լսելիս ինձ իսկապես ցնցեց այն, որ դուք գիտեք՝ ոչ ոք չի գալու ձեզ փրկելու։ Այդուհանդերձ, դուք անում եք այն, ինչ պետք է անեք՝ առանց սպասումների, որ որեւէ մեկը կգա օգնության։ Դուք օգնում եք ձեր հարեւաններին, ձեր համայնքին կամ նույնիսկ անծանոթների։ Դա պարզապես ապշեցուցիչ է։ Շնորհակալություն, այստեղ ներկա մարդասերներին, որովհետեւ դուք եք իրական հերոսները եւ դուք եք պատճառը, որ «Ավրորան» գոյություն ունի»,- ասաց «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Գրեգորյանը։

Մարդու իրավունքների հայտնի պաշտպան, բեսթսելլերի հեղինակ, Enough նախագծի եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր (հիմնել են Ջորջ Քլունիի հետ) Ջոն Փրենդերգասթը պատմեց, թե ինչպես է դարձել ակտիվիստ։ Ամեն ինչ սկսվել է 1983 թվականին տեղի ունեցած մի հուզիչ հանդիպումից, երբ նա ծանոթացել է երկու տղաների՝ անօթեւանների կացարանում ապրող Մայքլի եւ Ջեյմսի հետ։ Այդ հանդիպումից հետո նա որոշել է դառնալ մենթոր տղաների համար, ինչը հիմնովին փոխել է նրա կյանքի ընթացքը։

«Ու ահա՝ բում, կայծակի պես մի բան խփում է սրտիս, եւ մտածում եմ՝ պետք է ինչ-որ բան անել։ Դրանից հետո՝ քառասուն տարվա ընթացքում, ես եւս ինը հոգու մենթոր եմ դարձել, այսինքն՝ ընդհանուր 11 հոգի… նրանք դարձել են իմ ընտանիքի մի մասը»,- նկատեց Ջոն Փրենդերգասթը՝ պատմելով այդ տարիների ընթացքում սովորած դասերի մասին․ «Առաջին դասը՝ լինել թիմի, դաշինքի, շարժման մաս։ … Քո ձայնը, երբ միացնում ես ավելի մեծ ջանքերի, արշավի, շարժման, դառնում է շատ ազդեցիկ։ Ու ինձ միշտ դուր է եկել երկար ժամանակ առաջ գրված պոեմի այս տողը․ «Նրանք փորձեցին թաղել մեզ, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Ողջ կոնֆերանսի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր մի միտք, որ պատմությունները կամուրջ են դեպի ապրումակցում, իսկ ապրումակցելը տանում է գործողության։ «Ավրորայի» առաքելության առանցքում մարդն է, որն առաջին պլան է գալիս գլոբալ մարտահրավերների համայնապատկերում, քանի որ յուրաքանչյուր ճգնաժամի ետեւում կա մարդ, ընտանիք, պատմություն։

Ամփոփելով քննարկումը՝ Արմինե Աֆեյանը մտածելու նյութ տվեց լսարանին․ «Պատմությունը միայն այն մասին չէ, թե ինչ է եղել քեզ հետ, թեեւ դա պատմության մի մասն է։ Բայց պատմությունն այդտեղ չի ավարտվում։ Իրական հետաքրքիր հատվածն սկսվում է այն պահից, երբ դու որոշում ես, թե ինչ անել այդ ամենի հետ եւ ինչ ուղղությամբ գնալ դրանից հետո»։

Մարդասիրության թեմայով կոնֆերանսը ավարտվեց հուզիչ ակորդով՝ Ալոե Բլեքի՝ SHINE երգի ակապելլա կատարմամբ։