logo
ՓԱԿԵԼMenu
Խոչընդոտների հաղթահարումը մարդասիրական եւ իրավապաշտպան գործունեության ընթացքում

Խոչընդոտների հաղթահարումը մարդասիրական եւ իրավապաշտպան գործունեության ընթացքում

«Այս դահլիճում մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ունենք մանկավարժներ, բուժաշխատողներ, իրավապաշտպաններ, խորհրդատուներ, առաջնորդներ եւ շատ ուրիշներ։ Ի վերջո, այս դահլիճում են լավագույններից լավագույնները»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը՝ ողջունելով Մարդասիրության թեմայով կոնֆերանսի մասնակիցներին։ ««Ավրորան» կազմակերպություն է, որն աշխարհին ներկայացնում է բացառիկ պատմություններ մարդասերների աշխատանքի մասին եւ օգնում նրանց ընդլայնել իրենց ազդեցությունը։ Վերջին 10 տարում մենք դա հիմնականում արել ենք մրցանակի միջոցով, որը մեկ միլիոն դոլար պարգեւ է շնորհում այն մարդասերներին, որոնք ուրիշներին փրկելու համար վտանգում են սեփական կյանքը»։ 

Այս կոնֆերանսով մեկնարկեցին «Ավրորայի» 10-ամյակի միջոցառումները՝ որպես հույսի, խիզախության եւ կարեկցանքի փառաբանություն, որոնց կարիքն ունի աշխարհը։ Ավելի քան 80 համայնքային առաջնորդներ, համաշխարհային ակտիվիստներ եւ փոփոխության առաջամարտիկներ հավաքվեցին քննարկելու մարդասիրական ամենօրյա աշխատանքի մարտահրավերները ու համաշխարհային ֆինանսավորման ճգնաժամի պայմաններում դրանք հաղթահարելու տարբերակները։ Մասնակիցների թվում էին նաեւ «Ավրորայի» ավելի քան 40 մերօրյա հերոսներ։ 

Օրվա առաջին քննարկումը «Խոչընդոտների հաղթահարումը մարդասիրական եւ իրավապաշտպան գործունեության ընթացքում» թեմայով էր, որի բանախոսներն էին չորս բացառիկ կանայք՝ Լեյմա Գբովեն, Էլիս Գրինվալդը, Սունիտա Քրիշնանը եւ Դուլսե Վալենսիան։ Քննարկումը վարում էր «Ավրորայի» ռազմավարական հաղորդակցության տնօրեն Քոլին Թոմաս-Ջենսենը, որն անդրադարձավ այսօրվա գլոբալ իրականությանը․ «Ծավալվող հակամարտություններ, տարբեր վայրերում աճող ավտորիտարիզմ, համաշխարհային խնդիրներ, ինչպիսին օրինակ՝ կլիմայական փոփոխությունն է եւ արհեստական բանականության գալիք հեղափոխությունը, որոնք ազդում են մեր կյանքի վրա… Այսպիսի մարտահրավերների պայմաններում դժվար չէ հուսահատություն եւ անզորություն զգալ, որոնց համատեքստում, իմ համոզմամբ, ձեւավորվելու է մի ամբողջ սերունդ»։ Այնուհետեւ նա դիմեց բանախոսներին՝ խնդրելով հիշել խիզախության եւ տոկոնության մասին պատմություններ։

Նոբելյան Խաղաղության դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Լեյմա Գբովեն, որը Լիբերիայում առաջնորդել է կանանց խաղաղության շարժումը, պատմեց, թե ինչպես է սկսել այն՝ ունենալով միայն հավատ եւ փամփուշտներից ծակծկված մի գրասեղան․ «Ոչ ոք չի կարող մտնել քո տարածք եւ ասել՝ ինչպես այն ավելի լավ կառավարել, քան դու ինքդ։ […] Թող բոլորը իմանան, թե ինչ ես անում։ Թող քո համայնքը ճանաչի քեզ։ Թող քո փորձառությունը խոսի քո փոխարեն»։

«Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր, ինչպես նաեւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին ղեկավար Էլիս Գրինվալդը կարեւորեց ապրումակցման ուժը, որն սկսվում է այն պահից, երբ մարդիկ «իրենց տեսնում են պատմության մեջ»։

«Ուղեղին հասնելու համար պետք է բացել սիրտը։ […] Այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր մարդ, կարծես, հիշատակի փոքր թանգարան լինի աշխարհում, որն իր միջոցով փոխանցում է իրականությունը եւ այն փաստը, որ մենք անզոր չենք, քանի որ կան ձեզ պես մարդիկ, որոնք կարող են փոխել աշխարհը»։

«Ավրորայի» հերոս եւ «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, սեռական բռնության զոհ Սունիտա Քրիշնանն ավելի քան 32․000 կնոջ եւ երեխայի է փրկել սեռական շահագործումից։ Նա անդրադարձավ այն սարսափներին, որոնք ապրել է եւ որոնց ականատես եղել, խոսեց նաեւ այն մասին, թե ինչն է իրեն ուժ տալիս չհուսահատվել․ «Կարծում եմ՝ անհավատալի հրաշք է, երբ մարդը, տեսնելով մարդկային ամենասարսափելի կողմերը, շարունակում է հավատալ եւ վստահել մեկ այլ մարդու։ Իսկ երկրորդը, որ ինձ հույս եւ ուժ է տալիս, մարդկության այն փոքր հատվածն է, որն արթուն է ու զգոն։ Եվ կարծում եմ՝ «Ավրորայի» այս ընտանիքն այդ արթուն մարդկանց փոքրիկ օրինակ է»։

Define American մերդիահարթակի ժամանցային ծրագրերի գծով համագործակցության փոխտնօրեն Դուլսե Վալենսիան, որն ինքն է մի ժամանակ եղել առանց փաստաթղթերի միգրանտ, այժմ աշխատում է փոխել ներգաղթյալների մասին մշակութային ընկալումները։ Իր խոսքում նա անդրադարձավ «արմատական ուրախությանը»՝ որպես դիմադրության ձեւի․ «Մենք չենք կարող փոխել ներգաղթի վերաբերյալ քաղաքականությունը, եթե նախ չփոխենք այն մշակույթը, թե ինչպես ենք ընկալում միգրանտներին։ Մենք աշխատում ենք բովանդակություն ստեղծողների հետ, որոնք ներկայացնում են պատմություններ, որպեսզի պայքարենք ձեւավորված նարատիվների դեմ։ Մեր գործունեության ընթացքում մենք տեսել ենք, թե պատմություններն ինչպես կարող են փոխել մարդկանց ընկալումները»։

Քննարկման ընթացքում մեկ ընդհանուր կարծիք ձեւավորվեց, որ պատմություններ պատմելը՝ լինի կինոյի, բողոքի, թանգարանների թե ամենօրյա գործողությունների միջոցով, կարող է արթնացնել բարոյական գիտակցություն։ Այսօրվա աշխարհում, երբ ապրումակցման խիստ կարիք կա, այս կոնֆերանսը վերահաստատեց, որ խիզախությունն ու կարեկցանքը կարեւոր են, եւ երբ շատերն են համակարծիք, այն բազմապատկվում է։ 

Բուն քննարկմանը հետեւեցին երկու զուգահեռ քննարկում-աշխատարաններ՝ «Կայուն ֆինանսավորման ձեւավորում եւ ֆինանսական դիմակայունություն» եւ «Առաջ մղելով առաջնորդությունն ու իրավունքների պաշտպանությունը տեղական մակարդակում» թեմաներով, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց պատմություններն ու դիտարկումները՝ մարդասիրության ոլորտի ֆինանսավորման համաշխարհային կրճատումների համատեքստում։