2025 թ․ մարտի 10-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ UWC միջազգային գրասենյակի հետ համագործակցությամբ, անցկացրեց «Ինչպես ներկայացնել մարդասիրական կամ սոցիալական ուղղվածության նախագիծ» խորագրով ինտերակտիվ վեբինար: Այն նախատեսված էր հատուկ 2024-2025 թթ․ «Երիտասարդական Ավրորայի» մասնակիցների համար՝ օգնելու նրանց ստեղծել գրավիչ առաջարկներ իրենց մարդասիրական նախագծերի համար: Հանդիպման մասնակիցներին օգտակար խորհուրդներ տրվեցին, թե ինչի վրա ուշադրություն դարձնել իրենց նախագիծը ներկայացնելիս, ինչպես լավագույնս օգտագործել ունեցած տվյալներն ու պատմությունները լսարանին եւ հնարավոր դոնորներին ներգրավելու համար։ Ուսանողները սովորեցին նաեւ, թե ինչպես նախագիծը ներկայացնելիս վստահորեն պատասխանել իրենց ուղղված հարցերին։
Բացման խոսքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության զարգացման գծով տնօրեն Սալի Լինչն անդրադարձավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակին՝ ընդգծելով «Երիտասարդական Ավրորա» նախագծի կարեւորությունը՝ հաջորդ սերունդներին ոգեշնչելու եւ մարդասիրական գործունեության մղելու գործում։
Վեբինարի հիմնական բանախոս, համայնքային միջդիսցիպլինար հոգեբանության մասնագետ, մարդկային ռեսուրսների եւ կազմակերպչական հմտությունների զարգացման գծով դասախոս եւ UWC ԱՄՆ-ի շրջանավարտ Էնդրյու Նալանին ներկայացրեց, թե որոնք են նախագիծը հաջող ներկայացնելու հիմնական սկզբունքները։ Էնդրյուն ոչ միայն կարեւոր հմտություններ փոխանցեց մասնակիցներին ողջ կյանքի համար, այլեւ օգնեց ճիշտ պատրաստվել առաջիկա «Երիտասարդական Ավրորա» մրցույթի եզրափակիչ փուլին, որտեղ թիմերն իրենց նախագծերը պետք է ներկայացնեն երեք րոպեում՝ պայքարելով դրամաշնորհի համար։
2024-2025 թ․ «Երիտասարդ Ավրորայի» հաղթողը հայտնի կդառնա 2025 թ․ մարտի 26-ին: Եզրափակիչ անցած երեք մասնակիցները կպայքարեն 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար՝ իրենց նախագծերի հետագա զարգացման եւ գաղափարները կյանքի կոչելու համար:
«Ինչպես ներկայացնել մարդասիրական կամ սոցիալական ուղղվածության նախագիծ» խորագրով անգլերեն վեբինարի տեսագրությունը՝ ստորեւ․
Լուսանկարը՝ UWC Դիլիջան, 2018 թ․