Հասարակության դիրքորոշման ազդեցությունը փախստականների ինտեգրմանը

Հասարակության դիրքորոշման ազդեցությունը փախստականների ինտեգրմանը

2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա երկրորդ նիստի գլխավոր զեկույցի բանախոսն էր Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը։ Ելույթներով հանդես եկան նաեւ Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների փորձագետների խորհրդի անդամ Ջիանի դ’Ամատոն, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Մշակույթի եւ հաղորդակցության բաժնի գլխավոր տնօրեն Անդրեաս Գյորգենը, Թուրք-գերմանական համալսարանի (TDU) զարգացման կոնսորցիումի նախագահ Ռիտա Զյուսմութը, եւ «Միջազգային միգրացիա եւ ինտեգրացիա» (Journal of International Migration and Integration) պարբերականի գլխավոր խմբագիր, Մանիտոբայի համալսարանի Ներգաղթի ուսումնասիրության գիտական կենտրոնի (Immigration Research West) ղեկավար, պրոֆեսոր Լորի Վիլքինսոնը։ Նիստը վարում էր միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը։
 

Նիստը մեկնարկեց «Ավրորա» Մարդասիրության ցուցիչ 2017 հետազոտության արդյունքների ամփոփմամբ, որը ներկայացրեց Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը։ «Ավրորա» Մարդասիրության ցուցիչը սոցիոլոգիական հատուկ հետազոտություն է, որն ուսումնասիրում է մարդասիրական խոշորագույն հիմնախնդիրների շուրջ հանրության ընկալումները։ Պրոֆեսոր Յակոբսը  ներկայացրեց հետազոտության արդյունքները՝ սպասվող քննարկումներին ընդառաջ մասնակիցներին ծանոթացնելով նյութի համատեքստի հետ։ Ընդհանուր առմամբ, ըստ Մարդասիրության ցուցչի՝ մարդասիրական գործունեության նկատմամբ հասարակական աջակցությունը կտրուկ անկում է ապրում, իսկ հանրությունն ընդհանուր առմամբ կորցրել է հավատը, թե աշխարհի առաջնորդներն ունակ են լուծելու փախստականների ճգնաժամը։

Նիստը վարող միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, որը նաեւ Արքայական քոլեջի (Լոնդոն) եւ Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հրավիրյալ պրոֆեսոր է, նոր թափ հաղորդեց քննարկմանը՝ բանախոսներին հարցնելով, թե իրենց կարծիքով մարդկանց ընկալումներն ու վախերն ինչպես են ազդում խնդրի վրա։ «Ակնհայտ է, որ մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակներում։ Ի՞նչ է կատարվում, երբ հարցը հանգում է ազդեցությունները, տրամադրություններն ու տագնապը հասկանալուն»,– հետաքրքրվեց նա։

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Մշակույթի եւ հաղորդակցության բաժնի գլխավոր տնօրեն Անդրեաս Գյորգենը ներկաներին հորդորեց ուշադրություն դարձնել մարդկանց մտահոգությունների եւ դրսեւորած այլատյացության իրական պատճառներին՝ ցավով նշելով, որ «եթե մարդիկ խոսում են իրենց վախերից եւ երկիր մուտք գործող միգրանտներից, ապա դեպքերի մեծագույն մասում նրանք իրենց զատված են զգում սեփական հասարակությունից»։

Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների փորձագետների խորհրդի անդամ Ջիանի դ’Ամատոն խոսեց պատասխանատվության խնդրի մասին. «Ո՞վ պիտի ինչ-որ բան անի։ Ըստ իս՝ հարցը չի կարելի թողնել քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ուսերին։ Բոլորս, բոլոր կողմերը պետք է որոշակի քայլեր անեն այն ուղղությամբ, որով ցանկանում են ընթանալ»։

Շատ խոսվեց նաեւ քաղաքացիական ծառայողներին վիճակվող մարտահրավերների մասին։ «Միջազգային միգրացիա եւ ինտեգրացիա» (Journal of International Migration and Integration) պարբերականի գլխավոր խմբագիր, Մանիտոբայի համալսարանի Ներգաղթի ուսումնասիրության գիտական կենտրոնի (Immigration Research West) ղեկավար, պրոֆեսոր Լորի Վիլքինսոնն անդրադարձավ այն ծանր բեռին, որ նրանք կրում են իշխանությունների հետ առնչվելիս։ «Դու ստիպված ես գործ ունենալ գործող կառավարության հետ, ինչպիսին էլ այն լինի։ Ուրիշը չկա»,– բացատրեց նա։ «Եւ փորձում ես քաղաքական գործիչներին հաղորդել հիմնավոր եւ ամբողջական տեղեկություններ՝ հուսալով, որ նրանք կօգտագործեն դա հիմնավոր եւ ամբողջական կերպով»։

Թուրք-գերմանական համալսարանի (TDU) զարգացման կոնսորցիումի նախագահ Ռիտա Զյուսմութն ընդգծեց այն փաստը, որ միգրանտներին զբաղվածությամբ հնարավորին արագ ապահովելը հիմնարար նշանակություն ունի նրանց հանդեպ պակաս թշնամական վերաբերմունք ապահովելու գործում։ «Շատ կարեւոր է նրանց հնարավորինս արագ հաղորդել «պատկանելության» զգացողություն»,– պնդեց նա։ «Ընկալումները երկնքից չեն ընկնում, դրանք գալիս են մարդկանցից»։