logo
ՓԱԿԵԼMenu
Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան. ««Ավրորան» շարունակում է համախմբել մարդասիրության արժանավոր գործին նվիրված մարդկանց»

Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան. ««Ավրորան» շարունակում է համախմբել մարդասիրության արժանավոր գործին նվիրված մարդկանց»

2022 թ. հոկտեմբերի 15-ին Սուրբ Ղազար կղզում անցկացվող «Ավրորայի» միջոցառումների շրջանակում Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի է ունեցել աղոթք եւ հոգեւոր համերգ։ Հյուրերին ողջունեցին համաշխարհային հայկական քրիստոնեական համայնքի անդամները, այդ թվում՝ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը: 

«Բարի երեկո բոլորին: Ուրախ եմ, որ այստեղ եմ, որ հավաքվել ենք Սուրբ Ղազարում՝ անկախ բոլոր մարտահրավերներից եւ մարդկության խաղաղ գոյակցությանը խոչընդոտող հանգամանքներից: Աշխարհն այս օրերին ծանր վիճակում է: Ուստի ժամանակն է՝ բարձրացնելու խաղաղության աղոթք, որը պետք է հնչի աշխարհի բոլոր անկյուններում բոլոր լեզուներով: Մենք կարեկից ենք բոլոր այն մարդկանց, որոնք տառապում են, մասնավորապես՝ Հայաստանում ու բոլոր այն վայրերում, որտեղ ծանր վիճակ է։ Մենք աղոթում ենք, որ այն անմիջապես ավարտվի:

Համաշխարհային խաղաղությունը պարզապես իդեալիստական հայեցակարգ չէ, այլ շոշափելի նպատակ, որի համար մենք բոլորս պետք է քրտնաջան աշխատենք: Մենք չպետք է կորցնենք հույսը, եւ ես կկրկնեմ այն, ինչ հայր Մեսրոպն ասաց՝ «Ավրորան» այսօր օգնում է մեզ գիտակցելու դա: Մեզ ուրախություն է պարգեւում այն, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է համախմբել մարդասիրության արժանավոր գործին նվիրված մարդկանց ամբողջ աշխարհում, նրանց, ովքեր ի վերուստ արձագանքել են «Ավրորայի» կոչին եւ նվիրվել այլոց օգնելու առաքելությանը: Նրանց ջանքերը երկրորդ հնարավորություն են տալիս հալածանքների, ցավի ու տառապանքի միջով անցնողներին՝ անկախ սեռից, կրոնից կամ ազգությունից: Նախաձեռնությունը լուսավորում է նրանց դժվարին ուղին՝ քաջալերելով եւ տալով ավելի լավ կյանքի, ավելի լավ ապագայի հույս: Ուստի եկեք հետեւենք այդ ոգեշնչող մտքին՝ բացելով մեր սրտերը մեր Փրկչի հոգեւոր խոսքի առաջ եւ արտասանելով «Հայր Մեր» աղոթքը: