logo
ՓԱԿԵԼMenu
Հերակլիոս` Բյուզանդիայի կայսր

Հերակլիոս` Բյուզանդիայի կայսր

«Մի ահաբեկվեք ձեր թշնամիների բազմությունից»:

 

Նրա մասին

Բյուզանդիայի անվեհեր կայսր Հերակլիոսն իր երկարամյա գահակալության ընթացքում բազմաթիվ հաջողություններ է գրանցել։ Ծագումով Հայկական լեռնաշխարհից էր՝ Աֆրիկայի էքսարքոսի (փոխարքայի) որդին։ Գահ է բարձրացել բազմաթիվ անհաջողություններով եւ անհաջող կառավարմամբ աչքի ընկած Փոկաս կայսերը տապալելուց հետո։ 

Փոկասից եւ նրա նախորդներից ժառանգած խնդիրների մեջ թաղված՝ Հերակլիոսն անհապաղ անցավ գործի։ Սկզբում նա փորձեց հանդարտեցնել Բյուզանդիայի տարածք ներխուժած ավարներին։ Լինելով մեծատաղանդ ռազմագետ՝ նա վերջիններիս ներում շնորհեց բանակցության խոստումը դրժելու եւ իրեն առեւանգելու փորձի համար, որպեսզի հնարավորություն ստանա ուշադրությունն անարգել բեւեռելու հռոմեացիների կյանքը տարիներ ի վեր մթագնող խոշորագույն խնդրի՝ Պարսկաստանի վրա։ Բյուզանդական զորքը հմտորեն առաջնորդելով Սասանյան կայսրության դեմ՝ նա ջախջախեց վերջինիս բանակները։ Չվարանելով իբրեւ կայսր անձամբ սուր բարձրացնելուց՝ ճակատամարտերից մեկում անձամբ առաջնորդեց գրոհն ու հասցրեց սպանել պարսիկ հրամանատարներից մեկին նախքան զորքը կհասներ իր հետեւից եւ ետ կշպրտեր թշնամու զորամիավորումները։ 

Հերակլիոսն իրականացրեց վարչական մի շարք կարեւոր վերափոխումներ, որոնք երկարատեւ ազդեցություն ունեցան կայսրության վրա։ Դրանցից էր պետության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի փոխելը, ինչը հարատեւեց մինչեւ Կոստանդնուպոլսի անկումը 1453 թ.։ Նրան է պատկանում նաեւ կայսրության անատոլիական սահմանի երկայնքով ձգվող նահանգներում տեղակայված զինված ուժերի վերակազմավորումը։ Նոր համակարգը կայսրությանը թույլ տվեց առավել արդյունավետ ու հաջող դիմակայել թշնամու առաջխաղացումներին։ 

Կյանքի վերջին տարիներին նա պակաս հաջողություն ունեցավ երկրի սահմանների վրա արաբների ավերիչ հարձակումները ետ մղելու գործում։ Դրա հետեւանքով արաբները նվաճեցին Եգիպտոսն ու Սիրիան։ Սակայն համարվում է, որ առանց Հերակլիոսի ամուր եւ վճռական կառավարման, կայսրության վերակազմակերպման ու զինված ուժերի հզորացման արաբներն անհամեմատ ավելի մեծ հաջողությունների կարող էին հասնել, հատկապես նրանց բոլոր այլ նվաճումների աշխարհագրության լույսի ներքո։

 

Հետաքրքիր փաստ

Կնոջ մահից հետո Հերակլիոսն ամուսնացել է իր քրոջ դստեր հետ, որից ինը երեխա է ունեցել։ 

 

Ավելին

Heraclius: Britannica

Heraclius to the Rescue: The History of Byzantium podcast