Առողջություն եւ մարդու իրավունքներ. հիմնարար մոտեցումներ երկարատեւ ազդեցության համար

Առողջություն եւ մարդու իրավունքներ. հիմնարար մոտեցումներ երկարատեւ ազդեցության համար

«Դժվար բաները միայնակ չես կարող անել»,- ասաց Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր եւ HEAL նախաձեռնության համահիմնադիր եւ ֆակուլտետի ղեկավար Շրիրեմ Շամասունդերը` ընդգծելով կապերի եւ համայնքի կարեւորությունը։ Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպված 2025 թ․ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ժամանակ՝ պրոֆեսոր Շամասունդերը ընդգծեց աջակցության համակարգերի եւ մասնագիտական ուղղորդումների անհրաժեշտությունը՝ առաջնագծում առողջապահական ծառայություն իրականացնողների հաջող գործունեության համար։

«Առողջություն եւ մարդու իրավունքներ. հիմնարար մոտեցումներ երկարատեւ ազդեցության համար» թեմայով քննարկումը տեղի ունեցավ 2025 թ․ մայիսի 7-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում՝ «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո տեղի ունեցած ֆորումի շրջանակում։ Բանախոսները քննարկեցին, թե ինչպես են համայնքի կողմից ղեկավարվող ռազմավարությունները վերաձեւում հանրային առողջության ոլորտը ողջ աշխարհում՝ հատկապես խոցելի եւ ճգնաժամերից տուժած տարածաշրջաններում։ 

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաշխարհային առողջապահության գծով ղեկավարի նախկին տեղակալ Նիդհի Բորին շեշտեց, որ միջազգային ֆինանսավորման կտրուկ կրճատումները կործանարար ազդեցություն են ունեցել գլոբալ առողջապահական ծրագրերի վրա՝ հանգեցնելով քաոսի գործառնական մակարդակում եւ երկարատեւ վնասների` ինչպես գործունեություն ծավալող կազմակերպությունների, այնպես էլ նրանց կողմից սպասարկվող համայնքների համար։

«Մենք ականատես ենք լինում բավականին լուրջ եւ անմիջական հետեւանքների առողջապահության յուրաքանչյուր ոլորտում՝ սկսած երեխաների անհրաժեշտ պլանային պատվաստումների, ինչպես նաեւ մայրերի՝ անվտանգ ծննդաբերելու հնարավորության կրճատումից մինչեւ այնպիսի միջոցների բաշխման դադարեցում, ինչպիսիք են մալարիայի կանխարգելման համար կենսական ու հեշտ կիրառելի անկողնային ցանցերը»,- ասաց տիկին Բորին։ «Եվ այժմ ամբողջ համայնքն ունի մեծ խնդիր, թե ինչպես առաջ շարժվել, երբ կան բազմաթիվ մասնիկներ, բայց չկա դրանք վերամիավորելու հնարավորություն»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիտա Թարմարաթնամը նույնպես նշեց զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորման կրճատման՝ ալիքի էֆեկտ ունեցող համաշխարհային ազդեցությունների մասին։ Նա պատմեց, թե ինչպես է իրենց հիմնադրամը փորձում մոբիլիզացնել մասնավոր հատվածը՝ ավելի մեծ աջակցություն ստանալու նպատակով, սա դիտարկելով որպես ֆինանսավորման մոդելները վերանայելու եւ ուժեղացնելու հնարավորություն։

«Հուսահատությունը մեծ է եւ ցավոտ հատկապես նրանց համար, ովքեր երկար տարիներ ահռելի աշխատանք են կատարել՝ փորձելով փոխել իրավիճակը։ Եվ երբ մենք մտածում ենք, թե որտեղ կա հնարավորություն, առաջինը մտաբերում ենք գործակալությունը, ու թե ինչ է նշանակում աշխարհում մեր երկրների համար ընտրել՝ ինչպես առաջ տանել զարգացման օրակարգն ապագայում», ասաց տիկին Թարմարաթնամը։ «Երբ մտածում ենք վերակառուցման մասին՝ փոխելով կենտրոնացումը, առաջին հարցն այն է, թե ինչն է այժմ հրատապ եւ անհետաձգելի, եւ ինչ ներդրում է անհրաժեշտ ավելի երկարաժամկետ հեռանկարում»։

«Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից եւ քննարկման մոդերատոր Էլիս Փարքը խոսեց ավելի որակյալ տվյալների եւ պատմությունների անհրաժեշտության մասին, որպեսզի ներդրողները կարողանան առողջապահությունը դիտարկել որպես կայուն եւ երկարաժամկետ ներդրումային հնարավորություն, նույնիսկ եթե եկամուտներն ավելի ուշ են նյութականանում։ «Հնարավոր է, որ այդ ներդրումը հիմնավորող բավականին ուժեղ տվյալներ կան, որոնք ցույց են տալիս, որ կա բավականին մեծ հավանականություն, որ արդյունքը դրական կլինի՝ կնվազի մայրական մահացությունը կամ մանկական։ Բայց այդ ամենը հաճախ չի փոխանցվում, որովհետեւ արդյունքի հասնելու ժամանակահատվածը, ինչպես գիտենք, որոշ մարդկանց համար չափազանց երկար է թվում՝ հեռավոր ապագայի հարց»,- նշեց տիկին Փարքը։

Քննարկելով առողջապահության ոլորտի աշխատողների այլ մարտահրավերներ՝ պրոֆեսոր Շամասունդերն ընդգծեց, որ թեեւ ֆինանսավորումը կարեւոր է, հավասարաչափ կարեւոր են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են վարպետությունը, ինքնուրույնությունը եւ կապը մյուսների հետ՝ մարդկանց պահելու համար հատկապես գյուղական վայրերում։ 

«Շատերի համար թեւաթափ լինելու գործոններից մեկն այն է, ինչը Փոլ Ֆարմերն անվանել է «անհեթեթ մահեր», երբ աշխատում ես այնպիսի միջավայրերում, որտեղ ականատես ես լինում անիմաստ տառապանքների։ Դու տեսնում ես, թե ինչպես են հիվանդները մահանում այնպիսի պատճառներից, որոնք մենք գիտենք՝ ինչպես բուժել, որ այդ դեղամիջոցները հասանելի են աշխարհի տարբեր հատվածներում, բայց նրանք դեռ մահանում են»,- բացատրեց պրոֆեսոր Շամասունդերը։ «Գոյություն ունի, այսպես ասած, «բարոյական տրավմա» հասկացություն, երբ առողջապահության ոլորտի աշխատողները տեսնում են այդ անիմաստ տառապանքը եւ ցանկանում են փոխել համակարգը։ Իսկ դա պետք է արվի համայնքի հետ միասին` ոչ մեկուսացած»։

Անդրադառնալով իրապես համայնքի կողմից ղեկավարվող աշխատանքի մարտահրավերներին՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության Ֆիլդինգի դպրոցի հանրային առողջապահության հարցերով դեկանի տեղակալ եւ պրոֆեսոր Ալինա Դորիանն ընդգծեց, որ նման աշխատանքը պահանջում է որոշում կայացնելու հնարավորություն, անձնվեր եւ երկարաժամկետ հանձնառություն․ մի բան, որ ավանդական ակադեմիական եւ ֆինանսական կառույցները հաճախ դժվարանում են ապահովել։

«Համայնքի կողմից ղեկավարվող աշխատանքներն ամբողջությամբ հիմնված են հարաբերությունների վրա։ Ամեն ինչ հիմնված է վստահության վրա։ Սրանք բաներ են, որոնք առաջ են շարժվում հարաբերությունների ու վստահության հաստատման արագությամբ, ոչ թե արդյունքների ու կատարողական ցուցանիշների», նշեց փոխդեկան Դորիանը։ «Հետեւաբար, ակադեմիական հաստատություններում կան որոշ բաներ, որոնց մասին մենք եւս պետք է մտածենք։ Մենք կարող ենք լինել հիանալի գործընկերներ՝ մեր հմտությունների, վերապատրաստումների, փորձի շնորհիվ․ այն ամենի, ինչ կարող ենք առաջարկել։ Բայց մենք պետք է նաեւ մտածենք մեր սեփական համակարգերի մասին՝ արդյոք դրանք իսկապես հասկանում եւ գնահատում են համայնքահեն աշխատանքի արժեքը»։