logo
ՓԱԿԵԼMenu
Հայկ Բադիկյան՝ քանդակագործ Սան Ֆրանցիսկոյից

Հայկ Բադիկյան՝ քանդակագործ Սան Ֆրանցիսկոյից

«Այո, սըր, Դուք քանդակագործ եք»: Ռոդենը՝ Հայկ Բադիկյանի մասին

 

Նրա մասին 

Հայկ Բադիկյանը Սան Ֆրանցիսկոյում մեծ հռչակ վայելող քանդակագործ էր։ Իր ոճի մեջ բազմազան՝ նա կերտել է արվեստի մի շարք հայտնի գործեր, որոնք զարդարում են այս քաղաքի եւ առհասարակ Միացյալ Նահանգների բազմաթիվ թանգարաններ, զբոսայգիներ ու շենքեր։ 

Բադիկյանը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում (այն տարիների Օսմանյան կայսրության մաս)։ Լուսանկարչության ձեւավորման սկզբնական տարիներին նրա հետաքրքրասեր հայրը սկսել էր զբաղվել դրանով, սակայն թուրքական իշխանությունների կողմից մեղադրվելով հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ՝ ստիպված էր եղել հեռանալ Միացյալ Նահանգներ։ Շատ չանցած՝ Բադիկյանը նույնպես մեկնել է այնտեղ եւ հոր՝ Ֆրեզնոյում բարգավաճող ագարակում տարիներ անցկացնելուց հետո տեղափոխվել Սան Ֆրանցիսկո՝ սկսելով զբաղվել քանդակագործությամբ։  

Միացյալ Նահանգներում տաղանդաշատ քանդակագործի անուն վաստակելով՝ Սան Ֆրանցիսկոյի մեծ հրդեհից հետո ուղեւորվել է Փարիզ՝ կատարելագործելու իր արվեստը։ Նրա բազմաոճ քանդակները պատկերում են Աբրահամ Լինքոլնին (քանդակն այժմ զարդարում է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքը), ԱՄՆ գեներալ Ջոն Ջ. Փերշինգին, որի գլխավորությամբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան զինուժը մուտք էր գործել Եվրոպա (քանդակը տեղադրված է Սան Ֆրանցիսկոյի «Գոլդեն գեյթ փարք» զբոսայգու տարածքում), ինչպես նաեւ մի շարք դասական ու առասպելական կերպարների։ Բադիկյանը նաեւ կերտել է շենքերի ճակատները զարդարող դեկորատիվ քանդակներ (օրինակ, Սան Ֆրանցիսկոյի Metropolitan Life Building անունը կրող շենքի համար)։

 

Հետաքրքիր փաստ 

Բադիկյանն անդամակցել եւ երկու անգամ նախագահել է Սան Ֆրանցիսկոյի «Բոհեմական ակումբ» հաստատությունը, որը տղամարդկանց փակ եւ էլիտար ակումբ է։