Գրեգորիո Հայրապետյան

Գրեգորիո Հայրապետյան

Աշխարհասփյուռ հայության համար 2011թ. մարտը նշանավորվեց կարեւորագույն մի իրադարձությամբ. արգենտինական դատարանի որոշմամբ՝ «1915թ.-ից մինչեւ 1923թ. ընկած ժամանակահատվածում Թուրքիայի պետությունը հայ ժողովրդի նկատմամբ իրագործել է ցեղասպանություն»։ Առաջին անգամ Հայոց ցեղասպանությունն օրենսդիր համակարգի կողմից դիտարկվեց որպես իրավական հարց։ Որոշումը տասը տարվա ուսումնասիրությունների, դատական լսումների եւ տարբեր երկրների արխիվներին ուղարկված դիմումների քննության արդյունքն էր։ Փաստերն ու վկայությունները հավաքվել ու օգտագործվել էին «ճշմարտության իրավունքի» մասին հայցը հիմնավորելու համար։
 

Կոկոյի, ինչպես բոլորը կոչում են Գրեգորիո Հայրապետյանին, մասնագիտական համբավը նրան դարձրել է արգենտինահայ համայնքի ամենասիրելի ու հարգելի անձնավորություններից մեկը, որին բոլորը դիմում են նոտարական օժանդակության համար։

Արգենտինական դատարաններով իր երկարամյա ուղին նա սկսել է 2000թ., դստեր՝ Լուիզայի խորհրդատվական օժանդակությամբ։ Հայրապետյանն օգտագործել է համընդհանուր իրավազորության սկզբունքը եւ այն փաստը, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեպքում գործի հարուցման համար վաղեմության ժամկետ գոյություն չունի։ «Մարդու իրավունքների կազմակերպությունների պայքարը հանուն ճշմարտության եւ արդարության, մինչեւ այժմ արձանագրված բոլոր արդյունքները եւ համընդհանուր իրավազորության սկզբունքն ինձ դրդեցին մտածելու դրանք իմ ընտանիքի եւ հայ ժողովրդի հանդեպ գործված ցեղասպանության պարագայում իրավականորեն կիրառելու մասին»,– պատմում է Գրեգորիոն։

 

Հայրապետյանն Արգենտինայում դատ է հարուցել ընդդեմ Թուրքիայի։ Նրա հայցը մերժվել է առաջին ատյանում, սակայն որոշումը բողոքարկելու պահից ի վեր կշեռքի նժարը թեքվել է, եւ գործը թափ հավաքել։

 

                                                      Գրեգորիո «Կոկո» Հայրապետյանը 
                                                 Լուսանկարը՝ Սեբաստիան Լեբլեբիջյանի

«Նախքան հայ լինելը՝ մենք մարդ ենք։ Ցեղասպանության հարցում արդարադատության պայքարը խորքային կապ ունի այն պայքարի հետ, որն ազգերը մղում են իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասում է Կոկոն՝ դեմքի մտազբաղ արտահայտությամբ։

Կոկոն ժառանգել է իր հոր արկածներ սիրող ոգին եւ խորապես ազդվել է նրա պատմած պատմություններից. «Դատավարության գաղափարի արմատները  հորս պամություններում են։ Ես զարմանում էի՝ եթե նա գնացել է պատերազմի՝ պատրաստ կյանքը հանուն Հայաստանի զոհելու, ինչպե՞ս կլինի, որ մենք ոչինչ չկարողանանք անել իրավական համակարգի միջոցով»։
 

Փոքրիկ ենթասպան

Օհաննես Հայրապետյանը՝ Կոկոյի հայրը, ծնվել է Բալուում (Խարբերդի՝ ներկայիս Էլազիկ նահանգում), գյուղացու ընտանիքում։ Նա ճանապարհորդի անսանձ ոգի ուներ։ «Դեռ ընդամենը 12 տարեկան՝ հայրս ու նրա մի քանի ընկեր տնից մի քիչ հաց ու պանիր են վերցնում ու գնում տեսնելու, թե լեռան մյուս կողմում ինչ կա»,– պատմում է Կոկոն։ Տղաները լեռներն անցնում են ու հասնում Խարբերդ։ «Նրանց նկատում ու ձերբակալում են, բայց հորս հաջողվում է ինչ-որ տան մեջ թաքնվել»,– պատմում է Գրեգորիոն։ Այնտեղ բնակվող երկու հայ կանայք պատրաստվում էին մեկնել Միացյալ Նահանգներ եւ Օհաննեսին տանում են իրենց հետ: «Նյու Յորք հասնելով՝ նրանք հորս ասում են, որ ուրիշ ծրագրեր ունեն եւ չեն կարողանա նրան հետները վերցնել։ Մի ոսկեդրամ տալով՝ հորդորում են նրան որեւէ մեկի հետ խոսելիս, նշի՝ էրմենի (որ թուրքերենով «հայ» է նշանակում)»։ Նա այդպես էլ արեց՝ պատասխանելով իրավապահներին, որոնք էլ կապվեցին մի հայ ընտանիքի հետ, որպեսզի տեղավորեն Օհաննեսին. 1906 թվականն էր։ Օհաննեսն աշխատանքի անցավ իրեն ապաստան տված ընտանիքի մթերային խանութում։ 18 տարեկանում նա արդեն կրթություն ուներ եւ իր սեփական գործն սկսեց։

1916թ. Օհաննեսն իմանում է, որ իր ընտանիքը սրի է քաշվել, եւ որ Օսմանյան կայսրության տարածքում եղած հայկական գյուղերը վերացել են աշխարհի երեսից։ Նա որոշում է վերադառնալ ու կռվել իր հայրենակիցների հետ կողք կողքի։ Հայազգի այլ երիտասարդների հետ նա զինվորագրվում է «Արեւելյան լեգեոնին» (որը 1918 թվականից հայտնի էր նաեւ «Հայկական լեգեոն» անվանումով), որի նպատակն էր ազատագրել Կիլիկիայի երկրամասն ու Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո ինքնավարություն ստանալ։ Եվ իսկապես, 1919թ. մայիսին Կիլիկիայում հայերն անկախ պետություն են հռչակում։

 

          Օհաննես Հայրապետյանը (կենտրոնում) Հայկական լեգեոնի կազմում. Ադանա, 1914/18թ.                                                     Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից

Օհաննեսը ծառայության է անցնում Ադանայի ֆրանսիական զորքերում եւ պատերազմում խրամատներում։ «Քանի որ հայրս գրագետ էր, շուտով ենթասպայի կոչում է ստանում։ Նրան անվանում էին «petit corpora»l (ֆրանսերեն՝ «փոքրիկ կապրալ»), քանի որ կարճահասակ էր»,– ծիծաղելով պատմում է Կոկոն։ Մեկ տարի ճակատում անցկացնելուց հետո նա վիրավորվում է եւ ուղարկվում դաշտային հոսպիտալ։ Երբ նրան բաց են թողնում, պատերազմն արդեն ավարտված է լինում, եւ նա մնում է Ադանայում։ «Նրան վստահեցրել էին, որ Մեծ Հայաստան են կերտելու։ Դրա համար էլ մի քանի ընկերներով ու համախոհներով նրանք Կիլիկիայում հողատարածք են գնում»,– պատմում է Կոկոն։

Ինչեւէ, Օհաննեսը շուտով հասկանում է, որ երկար մնալ չի հաջողվելու։ 1920թ. ֆրանսիական կառավարությունը լուծարում է Հայկական լեգեոնն ու ճանաչում Թուրքիայի գերիշխանությունը Կիլիկիայի տարածքի վրա։ Հայ բնակչությունը ֆրանսիական զորքերի հետ շուտով լքում է Կիլիկիան։ «Այն օրերին մարդիկ շատ էին խոսում Արգենտինայի մասին եւ պատմում, որ այնտեղ Կորդոբա անունով մի տեղ կա, որը ճիշտ իրենց գյուղի նման է»,– ասում է Կոկոն։ Տուն գտնելու երազանքով տարված՝ Օհաննեսն ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկա։
 

Սեր՝ բաց ծովում

Նավի վրա Օհաննեսը հանդիպում է Զեյթունից (այժմ՝ Սուլեյմանիե, հարավային Թուրքիա) մի աղջկա՝ Լուսաբեր Պարսումյանին , որն ուղեւորվում էր Բուենոս Այրես՝ աշխատելու Բեգլիի նպարեղենի գործարանում։ Նա ցեղասպանությունից փրկվել էր՝ շնորհիվ Մարաշի «Բեթել» որբանոց-դպրոցի, որտեղ ապրել էր 20 տարի՝ իբրեւ հսկիչ եւ ուսուցիչ։ Նա իր գերդաստանի միակ ներկայացուցիչն էր, որ փրկվել էր ցեղասպանությունից։

Օհաննեսը փորձում է նվաճել աղջկա սիրտն ու առաջարկում է նրան տանել Կորդոբա։ Աղջիկը չի համաձայնում։ «Մեր համերկրացիներից Խուան Գրալյանն ստիպված մի քանի նամակ է ուղարկում մորս՝ վստահեցնելով, որ հայրս բարի եւ աշխատասեր մարդ է»,– պատմում է Կոկոն։ Գրալյանը դառնում է Օհաննեսի եւ Լուսաբերի խնամախոսը, հարսանիքի փեսեղբայրն ու նրանց երեք երեխաներից երկուսի կնքահայրը։

 

                         Լուսաբեր Պարսումյանը (աջից) 16 տարեկանում, «Բեթել» որբանոցում                                                                   Լուսանկարը՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից

Կորդոբայում Օհաննեսը դառնում է տեղի նոր համայնքի մասնիկը։ «Հայրս խորապես սիրում էր իր հայրենիքը։ Այն օրերին Հայաստանը պետություն դառնալու հնարավորություն էր ձեռք բերել, եւ հայրս դրա աջակիցն էր։ Կիրակի օրերին նա ընկնում էր դռնեդուռ եւ բաժանում Հայաստանից ստացած գրքերը,– ասում է Կոկոն ու ավելացնում,– նա միշտ խոսում էր պատերազմի մասին։ Երբեմն հիշում էր, թե ինչպես էին զուռնա նվագում, երգում-պարում, իսկ երբեմն էլ պատմում էր, թե խրամատներում ինչպես էին գինի խմում խիզախ ոգին պահպանելու համար։ Նա պարզապես արդարություն էր երազում»։


Այլ աշխարհակարգ

Այս ընտանեկան պատմությամբ՝ 83-ամյա Կոկոն իր կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարին։ Ցեղասպանությունը ոճիր է եւ որպես այդպիսին՝ պիտի քննվի ընդհանուր իրավունքի դատարանում։ Սա նպատակ էր, որը Հայրապետյանը հաջողությամբ իրագործեց հայկական այլ հաստատությունների հետ, որոնք համահայցվոր դարձան այդ գործում։ Շատ տարիներ անց Կոկոն իրականացրեց իր հոր երազանքը։ «Այս քայլը ներկայիս աշխարհակարգը փոխելու փորձ էր,– ասում է Կոկոն,-մենք պիտի ուղենիշեր ստեղծենք, քանի որ պարզապես սպասելը ոչ մի օգուտ չունի»։

Կոկոյի արդարադատության արշավը շարունակում է նրա «Լուիզա Հայրապետյան» հիմնադրամը, որը կրում է ավտովթարից զոհված նրա դստեր՝ պայքարի եւս մի առաջամարտիկի անունը։ Հիմնադրամը մասնակցում է մարդու իրավունքների առաջխաղացման եւ ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համար մղվող պայքարին՝ իրավական գործողությունների եւ կրթական, մշակութային ու ուսումնական ծրագրերի միջոցով։

Իր գաղափարներին հավատարիմ՝ Կոկոն հույսը չի կորցնում, որ հաջորդ սերունդներն է՛լ ավելի կբարելավեն իրավիճակը. «Երիտասարդներն են, որ շարունակում են մեր գործը։ Եվ դա ոչ թե՝ որովհետեւ պարզապես երիտասարդ են, այլ քանի որ նրանցից ոմանք ա՛յլ կերպ են նայում աշխարհին»։ Նա նույնպես պնդում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունը պետք է հետաքննվի արդարադատության համակարգի միջոցով, սակայն՝ ավելի լայն ընդգրկմամբ. «Շատ դժվար է իրավական ոլորտում անհատապես որեւէ բանի հասնելը։ Այսօր հայկական պետականություն գոյություն ունի, եւ այդ պետությունն ունակ է Միջազգային դատարանում իրավական գործընթաց սկսել։ Հաջորդ քայլը դա պիտի լինի»։


Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: