logo
ՓԱԿԵԼMenu
Գրեգուար Ահոնգբոնոն. «Ես հասկացա, որ բոլորը լքել են ինձ»

Գրեգուար Ահոնգբոնոն. «Ես հասկացա, որ բոլորը լքել են ինձ»

2021 թ. «Ավրորայի» հերոս Գրեգուար Ահոնգբոնոնը «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիրն է, որն օգնում է հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց Արեւմտյան Աֆրիկայում եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու տեղական անմարդկային սովորությանը: Մենք զրուցել ենք նրա հետ սեփական փորձի մասին, թե ինչը ոգեշնչեց նրան՝ սկսելու իր խիզախ առաքելությունը:

Պահը, որ փոխեց ամեն ինչ

Ես անվադողեր նորոգող եմ: 23 տարեկանում այնքան շատ գումար էի վաստակում, որ այն եզակի երիտասարդներից էի, որոնք սեփական մեքենա ունեին: Բայց դա երկար չտեւեց: Ես այնքան բան կորցրի, որ ինքնասպանության եզրին էի: Երբ փող ունեի, շատ ընկերներ ունեի, բայց երբ կորցրի ամեն ինչ, ես հասկացա, որ բոլորը լքել են ինձ: Դա ամենասարսափելի բանն էր, որ երբեւէ զգացել եմ: 

Մի օր ես հանդիպեցի մի միսիոների, որը ժամանակ տրամադրեց եւ լսեց ինձ: Նույն հոգեւորականն ուխտագնացություն էր կազմակերպում դեպի Երուսաղեմ: Նա տոմս գնեց ինձ համար եւ իր հետ տարավ այդ ուխտագնացությանը: Այնտեղ իր քարոզներից մեկի ժամանակ նա ասաց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մասնակցի Եկեղեցու կառուցմանը՝ ավելացնելով իր քարը: Ես սկսեցի ինքս ինձ հարցնել՝ ո՞րն է իմ քարը: 

Վերադառնալով Կոտ դ’Իվուար, որտեղ ապրում էի կնոջս հետ, սկսեցինք փնտրել մեր քարը: Աղոթողների խումբ ստեղծելու գաղափար ծնվեց: Շաբաթվա մեջ մի օր այդ խմբով գնում էինք Բուակեի հիվանդանոց՝ այցելելու հիվանդներին եւ աղոթելու նրանց հետ: Մի այցի ժամանակ մենք հայտնաբերեցինք բոլորովին լքված հիվանդների մի սենյակ: 

Աֆրիկայում սոցիալական ապահովություն չկա: Եթե դու հիվանդ ես ու հիվանդանոց ես գալիս առանց փողի, ոչ ոք չի նայի քեզ վրա: Եթե ճանապարհին պատահար է եղել, հրշեջը քեզ ուղարկում է հիվանդանոց, ու եթե դու չունես հարազատ, որն անմիջապես կգա, կթողնեն, որ մահանաս:  

Ես ոչինչ չգիտեի այդ մասին: Երբ մտանք այս հիվանդանոց եւ տեսանք կեղտի մեջ կորած ու լքված մարդկանց, սկսեցինք լողացնել նրանց եւ դեղ գտնելու ու նրանց բուժելու ճանապարհ փնտրել: Շուտով այդ հիվանդներից շատերն սկսեցին ապաքինվել: Նրանք, որ մահացան, գոնե արժանապատվության զգացումով լքեցին այս աշխարհը: Այդ պահից ես սկսեցի հասկանալ, թե ինչու էր Հիսուսն իրեն նույնացնում աղքատների ու հիվանդների հետ: 

Ջնջելով խարանը

Մի օր 1990 թ. ես շրջում էի փողոցներով եւ տեսա հոգեկան հիվանդությամբ տառապող մերկ մի մարդու, որն աղբն էր փորփրում: Պետք է նշել, որ Աֆրիկայում հոգեկան հիվանդներին դիվահար են համարում: Մարդիկ կարծում են, թե նրանք կախարդ են: Նրանք մտածում են, թե այդ մարդիկ անիծված են: Բոլորը վախենում են նրանցից: Ես նույնպես շատ էի վախենում հոգեկան հիվանդներից:  

Բայց երբ նայեցի այդ մարդուն, ասացի ինքս ինձ՝ սա Հիսուսն է: Ես հասկացա, որ կան տղամարդիկ, կանայք ու երեխաներ, որոնք ցանկանում են մյուսների նման սիրված լինել: Ես այդ մասին ասացի կնոջս: Մենք սառնարան գնեցինք. նա ուտելիք պատրաստեց: Ամեն գիշեր ես սնունդ ու թարմ ջուր էի բաժանում հիվանդներին: Նրանց խմածը հեղեղատարներում լցվող անձրեւաջուրն էր: Մեր երկրում ցայտաղբյուրներ չկան: Կամաց-կամաց բարեկամական կապ ստեղծվեց մեր ու այս հիվանդների միջեւ: 

Բայց մենք պետք է ավելին անեինք: Բուակեի համալսարանական հիվանդանոցում, որտեղ այցելում էինք հիվանդներին, փոքրիկ մատուռ ունեինք: Այնտեղ էր, որ հավաքեցինք [հոգեկան հիվանդություն ունեցող] առաջին հիվանդներին եւ արժանապատիվ բուժում ապահովեցինք, իհարկե, բժիշկների օգնությամբ:

 

«Հեռացեք, չարժե ջանք ու ժամանակ վատնել»

1993 թ. Առողջապահության նախարարն այցելեց հիվանդանոց: Երբ տեսավ, թե մենք ինչ ենք անում, նա այնքան ուրախ էր եւ ասաց. «Ես հուսով եմ, որ ձեր ընկերակցությունը շուտով տարածում կգտնի երկրի բոլոր հիվանդանոցներում, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ անել այս մարդկանց հետ, որոնց լքել են»: Ես հարցրի, թե արդյոք նա կարող է մեզ հողակտոր տրամադրել հիվանդանոցի տարածքում, որպեսզի կառուցենք մեր կենտրոնը: Տեղում նա իր մարդկանց կարգադրեց զբաղվել այդ հարցով: Մեզ 2400 քմ հողակտոր տվեցին առաջին կենտրոնի համար: Մենք սկսեցինք գտնել-բերել փողոցներում հայտնված բոլոր հիվանդ մարդկանց: 

Քանի որ մենք շարունակում էինք արդյունքներ գրանցել, գյուղերում ընտանիքներն սկսեցին դիմել մեզ: 1994 թ. Ծաղկազարդից առաջ մի կին եկավ մեզ մոտ: Նա ասաց. «Օգնեք ինձ, իմ եղբայրը հոգեկան հիվանդություն ունի»: Մենք նրա հետ մեքենայով կիլոմետրեր անցանք, որպեսզի գյուղ հասնենք: Հենց հասանք, հայրը գոռաց նրա վրա. «Ինչո՞ւ ես մարդ բերել այստեղ: Հեռացեք, չարժե ջանք ու ժամանակ վատնել»: Ես ասացի, որ ոստիկանություն կկանչեմ, ու նա վախեցավ: Գյուղի առաջնորդի հետ խորհրդակցելուց հետո նա, ի վերջո, բացեց դուռը: 

Դա մեծ ցնցում էր ինձ համար: Իմ դիմաց մի երիտասարդ էր գամված հատակին, ինչպես Հիսուսը խաչի վրա, ոտքերն ու ձեռքերը պարանով կապված էին: Մենք ամեն ինչ արեցինք, որ տղային ազատենք կապանքներից: Բայց իզուր, պարանն անցել էր մաշկի մեջ: Մենք ստիպված էինք գնալ, բայց հաջորդ օրը գյուղ վերադարձանք կտրող գործիքով: Դժվարությամբ, բայց մենք կարողացանք ազատել նրան: 

Երբ վերադարձանք կենտրոն, իրեն լողացնելուց հետո տղան նայեց ինձ ու ասաց. «Պարոն, ես չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ Ձեզ եւ Աստծուն: Ես չգիտեմ, թե ինչով եմ արժանացել սեփական ծնողներիս այս վերաբերմունքին»: Նա դեռ տենչում էր ապրել, բայց այնքան վատ վիճակում էր, որ չապրեց: Բայց գոնե արժանապատիվ  մահ ունեցավ: 

Ոչ ոք չգիտեր՝ ինչ անել

Մենք սկսեցինք շրջել գյուղերով եւ բացահայտել տեսարաններ, որոնք չէինք էլ կարող պատկերացնել: Տղամարդկանց, կանանց ու երեխաներին թողնում-գնում էին՝ անտառներում ծառերին շղթայված: Ոչ ոք չգիտեր՝ ինչ անել [նրանց հետ]: Երբ ես գյուղ եմ գնում եւ տղամարդ կամ կին եմ տեսնում անտառներում շղթայված, ինքս ինձ ասում եմ, որ միշտ չէ, որ ծնողների մեղքն է, որոնք չգիտեն, թե ինչ անել:   

Աֆրիկյան երկրներում հոգեկան հիվանդություն ունեցողները լիովին անտեսված են մեր բոլոր պետական մարմինների կողմից: Կոտ դ’Իվուարում, որտեղ ձեռնարկեցինք այս գաղափարը, ավելի քան 25 միլիոն բնակչություն կա, բայց միայն երկու հոգեբուժարան՝ ամբողջ երկրում: Եթե դու փող չունես, նրանք չեն հոգում քո մասին: Բենինում, որտեղ ես ծնվել եմ, միայն մեկ հոգեբուժարան կա: Ի վերջո, ի՞նչ կարող են անել ընտանիքները: Նրանք չունեն ընտրություն:

Բայց ամենավատն այն է, որ կան բազմաթիվ աղանդներ, որոնք ամենուր սատանա են տեսնում: Քանի որ հոգեկան հիվանդները համարվում են դիվահար, ծնողները նրանց շղթաներով կապում են ծառերին: Գաղափարն այն է, որ մարմնի տառապանքը դուրս կմղի չարքը: Հիվանդներին ծեծում են, զրկում սննդից եւ ջրից: Նրանց այդպես կարող են թողնել երեք կամ նույնիսկ չորս օր: Սա նողկալի փորձառություն է, որն ստիպեց ինձ կյանքս նվիրելու այս մարդկանց:  

 

Բարություն բարության դիմաց

Սկզբում փոքրիկ մատուռում մոտ 40 հիվանդ ունեինք: Ինչ-որ մեկը դրսից ուտելիք էր պատրաստում նրանց համար: Բայց մի օր ես բավարար գումար չունեի այդ մարդուն վճարելու համար: Չգիտեի, թե ինչ անել: Ես հավաքեցի բոլոր հիվանդներին ու ասացի. «Աղոթեք ինձ համար, որովհետեւ իրավիճակը բարդանում է: Մենք այլեւս չենք կարող վճարել խոհարարին»: Մի կին ոտքի կանգնեց ու ասաց. «Երբ ես հիվանդ չէի, ես էի եփում տանը: Չե՞նք կարող մենք ինքներս եփել մեր կերակուրը»: 

Այդ պահից հասկացա, որ նրանց պետք է մասնակից դարձնել այս առաքելությանը: Շատերն այս  հիվանդների մեջ երիտասարդ էին, ուսանող, աշակերտ, որոնք ավարտել էին ավագ դպրոցը: Մենք պայմանավորվեցինք բուժքույրական դպրոցի հետ, որ կվերապատրաստեն նրանց: Նրանցից շատերը դարձան բուժքույրեր եւ բուժեղբայրներ ու հիմա օգնում են բուժել մյուսներին: 

Նրանք մարդիկ են, որոնք առաջ ամբողջովին մոռացված էին: Հիմա նրանք Աստծո ձեռքն են՝ հոգ տանելով ուրիշների մասին: Նրանք են, որ շրջում են փողոցներով՝ գտնում ու բերում այլ հիվանդ մարդկանց: Նրանք են, որ գալիս են գյուղեր՝ շղթաներից ազատելու հիվանդներին ու բուժելու նրանց: Օրհնվի Տերը, որ փոխվում է մտածելակերպը: Դեռ աշխատանք կա անելու:

Երբ ես իմացա «Ավրորայի» պատմությունը, թե ինչպես է այն սկսվել․ մեծ ուրախություն էր իմանալ այս շարժման մասին: Այն տառապանքը,  որ կրել է հայ ժողովուրդը, այն է, ինչի միջով անցնում է հոգեկան հիվանդությամբ տառապող մարդը: Եվ այն դեռ ճանաչված չէ: Բայց ոմանք շարունակում են աջակցել նրանց, ինչպես հայ ժողովուրդը, որն այդքան տառապել է: 

«Սբ Կամիլ» ընկերակցությունը հիմնել է Գրեգուար Ահոնգբոնոնը, որն արդեն օգնել է հոգեկան հիվանդություն ունեցող շուրջ 100.000 մարդու: Մերօրյա խիզախ հերոսներին օգնելու համար  նվիրաբերեք «Ավրորային», օգնեք նրանց շարունակելու իրենց կենսական գործունեությունը։