Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների ու միջոցառումների մի զգալի մասն ուղղված է աշխարհին եւ Թուրքիային։ Սա նորմալ է եւ ակնկալվում էր, որ այդպես էլ պետք է լինի։ Սակայն ցեղասպանության 100-րդ տարելիցը նաեւ մի յուրօրինակ սահմանագիծ է, ելակետ՝ ներհայկական խնդիրներին անդրադառնալու համար։
Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենամյա հիշատակումների ժամանակ, որպես կանոն, շեշտադրվում են ցեղասպանության զոհերը, երբեմն էլ, որպես լրացում, հիշվում հայ ֆիդայիները, ինքնապաշտպանական մարտերը։ Սակայն այս լրացումը, այնուամենայնիվ, մաս չի կազմում պաշտոնական, ինստիտուցիոնալ ձեւակերպման, ինչն էլ ուզում ենք, թե՝ ոչ, բերում է զոհի կաղապարի, զոհի մշակույթի գոյատեւմանը նպաստելուն։
Մինչդեռ Հայոց ցեղասպանության ու, մասնավորապես, Առաջին աշխարհամարտի տարիներին առկա էին նաեւ այլ իրողություններ։ Ռուսական կայսրությունում, գլխավոր հրամանատարության պաշտոնական տվյալներով, պատերազմի Արեւմտյան եւ Կովկասյան ճակատներում կռվող հայազգի զինվորների թիվը կազմում էր մոտ 300 հազար մարդ։ Ձեւավորվեցին յոթ հայկական կամավորական ջոկատներ՝ իրենց կազմում ունենալով 6 հազար հոգի։ Աղբյուրները վկայում են, որ կամավորական շարժմանը մասնակցել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ էր ոչ միայն Հայաստանից եւ Անդրկովկասից, այլ նաեւ Ռուսաստանի մյուս վայրերից, արտասահմանյան երկրներից, սակայն Կովկասյան բանակի հրամանատարությունը, ղեկավարվելով կառավարության ցուցումներով, գիտակցաբար չգնաց կամավորների թվի ավելացմանը։ 1916թ. նոյեմբերին ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայերից բաղկացած Արեւելյան լեգեոնը (ավելի քան 5 հազար զինվոր), որը 1918 թ. դեկտեմբերին վերանվանվեց Հայկական լեգեոն։
Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի մի շարք ինքնապաշտպանական կռիվներ եղան։ 1915 թ. հայերը ստիպված դիմեցին զենքի օգնությանը Շատախ/Թաղում, Վանում, Շապին-Գարահիսարում, Մուշում, Ֆընտըճագում, Ուրֆայում, 1920-21 թթ.՝ Հաճընում եւ Այնթապում։ Քաղաքներից ու համեմատաբար խոշոր բնակավայրերից ինքնապաշտպանական կռիվներ եղան նաեւ գավառներում՝ Գավաշում, Փեսանդաշտում, Յոզղատ գավառի հայկական գյուղերում, Սասունում, Մուսա լեռում, Խնուս գավառի հայկական գյուղերում, Խոտորջուրի գավառում։
Որոշ վայրերում հայերը դիմադրել են շատ կարճ, այլ տեղերում՝ շաբաթներ եւ ամիսներ շարունակ։ Կազմակերպված ու չկազմակերպված, զինված ու շատ քիչ զենք-զինամթերքով։ Երեւույթը շատ բազմադեմ է, գնահատականները՝ տարբեր, սակայն մեկ բան ակնհայտ է՝ հայ քաղաքացիական բնակչությունը ոչ քիչ դեպքերում հենց այնպես չի կոտորվել, չի «մորթվել ոչխարների նման», այլ ամեն հնարավոր պարագայում զենքը ձեռքին փորձել է պաշտպանել իր, իր ընտանիքի կյանքն ու արժանապատվությունը։ «Ոչխարի նման մորթվող ժողովուրդը» չէր կարող 1918թ. մայիսին, դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին, պետականության բացակայության պայմաններում, միավորվել եւ հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտ մղել Սարդարապատում եւ Ապարանում, դիմակայել Ղարաքիլիսայում՝ արդեն արեւելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից։
Սակայն հայկական իրականության մեջ, արդեն շուրջ մեկ դար, պաշտոնական կամ անպաշտոն ձեւով նշվում է «Հայոց ցեղասպանության զոհերի» հիշատակը։ Հայտնի ու դեռեւս անհայտ ինքնապաշտպանության կռիվների մասնակիցները նույնպես ներառվում են «զոհերի» շարքում։ Տասնամյակներ շարունակ հենց միայն նմա´ն շեշտադրումն իր հետեւից բերում է թերարժեքության բարդույթների դրսեւորումներ, ցեղասպանության հիշողությունը որպես բեռ ընկալելու երեւույթներ, որոշ դեպքերում էլ՝ դրանից ազատվելուն ուղղված գործողությունների անհրաժեշտության գիտակցում։
Պետք է նկատել, որ հիշողության վրա հենված քաղաքականությունը բյուրեղացվում է տասնամյակների ընթացքում եւ նրա ազդեցությունը հասարակության վրա միանգամից ու անմիջապես չէ, որ երեւում է։ Երբեմն հիշողության գործոնը լոկ ինքնաբուխ ձեւով դրսեւորվում է տվյալ հասարակության համար ճգնաժամային պահերին, երբեմն՝ մշտապես ներկա է հասարակության ամենօրյա կյանքում, նրա ինքնադրսեւորման եւ ինքնության անքակտելի մասն է կազմում։ Այդ քաղաքականությունը բաղկացած է միմյանց հետ անտեսանելի թելերով կապված բազմաթիվ կտորներից, որոնց համակցումն է, որ կազմում է հիշողության վրա հենված քաղաքականության ամբողջությունը։
Հայոց ցեղասպանությունից անցել է հարյուր տարի։ Ունենք ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական մարտերի իրողություն, ունենք շուրջ քսանհինգամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոն։ Եվ այս պարագայում անհրաժեշտություն է դառնում վերաիմաստավորել հիշողության օրվա խորհուրդը, ձեւափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն եւ շրջանառության մեջ դնել այլ բանաձեւ՝«Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր»։
Հարություն Մարության
Հարություն Մարության. պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի մարդաբանության ամբիոնի հրավիրյալ դասախոս: Նա սովորել է IREX/RSEP-ի (Միչիգանի համալսարան, 1998թ.), Fulbright-ի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, 2003-2004թթ) եւ DAAD-ի (Բեռլին, 2013թ.) ծրագրերով: Հետազոտական հետաքրքությունները՝ կոլեկտիվ և պատմական հիշողություն, ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնություն, պատկերագրություն, ժամանակակից ազգային շարժումներ և ազգային ինքնություն եւ այլն: Երեք մենագրությունների եւ հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ: ՀՀ նախագահի մրցանակի է արժանացել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար:
*Գլխավոր նկարում՝ Մուսա լեռան ինքնապաշտպանական ջոկատ