Աճող գլոբալ ճգնաժամերի ֆոնին 2025 թ․ մայիսի 7-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը։ Այն համախմբել էր հայտնի ակտիվիստների, ռազմավարություններ մշակողների, գիտնականների եւ մարդասիրական գործի նվիրյալների՝ ավելի քան 30 երկրից։ Ֆորումն անցկացվեց «Ավրորայի» 10-ամյակի միջոցառումների շրջանակում՝ «Խաչմերուկին. համալիր գործողություններ հանուն կայուն ապագայի» ընդհանուր խորագրի ներքո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համատեղ ջանքերով։
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր այստեղ հյուրընկալել մարդու իրավունքների եւ մարդասիրության ոլորտի հեղինակավոր գործիչների, ինչպես նաեւ «Ավրորայի» մերօրյա հերոսներին եւ դափնեկիրներին ամբողջ աշխարհից»,– բացման խոսքում ասաց «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սուիթսերը։
«Մենք հավաքվել ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը մեծ կարիքի մեջ է։ Մեզ անհրաժեշտ են կանխատեսումներ եւ երկարաժամկետ հեռանկար։ Մեզ անհրաժեշտ են ավելի ուժեղ առաջնորդներ եւ միջոլորտային փորձ»,– շարունակեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը՝ հանդես գալով ոգեշնչող կոչով՝ ի գործ։ «Մեզ անհրաժեշտ են ավելի շատ համագործակցություններ՝ ստանալու առավելագույն արդյունք սուղ ռեսուրսների՝ ուշադրության, ժամանակի, ֆինանսավորման պայմաններում։ Բացի այս հրատապ կարիքներից, կավելացնեի նաեւ ավելի շատ կարեկցանք, ավելի շատ ապրումակցում, ավելի շատ մարդկայնություն»։
Հենց այս ելույթների եւ հնչած ուղերձների տրամաբանությամբ սկսվեց եւ շարունակվեց ֆորումը՝ կենտրոնանալով ոչ միայն համաշխարհային խնդիրների դիտարկման վրա, այլեւ կարեւորելով կայուն եւ ճկուն գործելաոճը ճգնաժամային իրավիճակներում եւ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդասիրական ճգնաժամերի առաջնագծում աշխատանք իրականացնողներին։ Երկրորդ տարին անընդմեջ ֆորումն անցկացվեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում՝ ընդգծելով համատեղ եւ միջոլորտային մոտեցումների խիստ անհրաժեշտությունը՝ աշխարհի ամենահրատապ ճգնաժամերին տեղական մակարդակում արդյունավետ արձագանքելու համար։
Ֆորումը մեկնարկեց «Ի՞նչ է կատարվում աշխարհում» խորագրով՝ քննարկելու աշխարհում տիրող իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները։
«Ամեն տարի ասում ենք, որ «Ավրորայի» կարիքը երբեք այսքան մեծ չի եղել, բայց այս տարի դա առավել ճշմարիտ է, քան երբեւէ»,– ասաց քննարկման մոդերատոր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Նյու Յորք Թայմսի» սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը։ Նա անդրադարձավ ԱՄՆ կառավարության ջանքերին՝ միգրանտներին արտաքսելու այնպիսի վայրեր, որտեղ բռնաբարությունը, խոշտանգումներն ու մյուս վայրագությունները շարունակում են մնալ անպատիժ։
«Այսօր «ոչ մարդասերները» հաղթում են»,– պատասխանեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Հիմա, երբ հակամարտություններից տուժածներին տրամադրվող ինստիտուցիոնալ աջակցությունն արագորեն կրճատվում է, անհատներն ավելի մեծ ճնշման տակ են հայտնվում՝ գործելու թե՛ բարեգործության ոլորտում, թե՛ առաջնագծում՝ բառացիորեն փրկելով մարդկանց կյանքը»։
Նուբար Աֆեյանն ընդգծեց, թե որքան կարեւոր է «պարանոյիդ լավատեսությունը» ավելի լավ ապագա կառուցելու համար. մարդը պետք է կարողանա իր գլխում միաժամանակ ունենալ երկու մոտեցում՝ հնարավորություն դիմակայելու ներկա վտանգներին եւ միեւնույն ժամանակ կարողություն զարգանալու եւ առաջ շարժվելու։
«Ավտոկրատական ռեժիմների կողմից դրսեւորվող վարքի որոշ գծեր կրկնությունն են այն ամենի, ինչ տեսնում ենք դարեր ի վեր»,– ասաց «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էրիկ Էսրայիլյանը՝ խոսելով պատմության կրկնվող օրինաչափությունների մասին։ Նա նաեւ ավելացրեց, որ գործելու համար անհրաժեշտ գործիքներն այսօր ավելի հզոր են, քան երբեւէ, եւ մարդկանց հանդեպ բարբարոսական մոտեցումները թաքցնելն ավելի է բարդացել։ Նա անդրադարձավ Արցախի խնդրին, որտեղից հայերը տեղահանության եւ ագրեսիայի են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ «Ինչ-որ պահի կարող է լինել փոփոխություն։ Եվ ես կարծում եմ՝ դա կախված է ձեզ նման մարդկանցից, որ այստեղ են եւ ստեղծում են ցանցեր, որոնք կարող են աջակցել ձեզ եւ հիշեցնել, որ ամենամութ պահը միշտ արշալույսից առաջ է»։
«Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ես ուսանող էի»,– հիշեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քոմֆորթ Էրոն՝ խոսելով քաղաքական հիշողության ձախողումների մասին։ «Ամեն առաջնորդ ասում էր՝ այլեւս երբեք։ Հետո եղավ Դարֆուրը, հետո՝ Իսրայել-Պաղեստինը։ Մենք շարունակում ենք կրկնել այս բառերը՝ ասելով, թե անցյալը չի կրկնվի։ Բայց անցյալն ամեն օր մեզ հետ է»։ Նրա խոսքն ինչ-որ առումով մեղադրանք էր՝ ուղղված համաշխարհային առաջնորդներին եւ այն կառույցներին, որոնք պետք է կանխեն ողբերգությունները։ «Խնդիրն այն է, թե ինչպես ներկայացնել հարցը, ցավոք, բիզնես տեսանկյունից, թե ինչու պետք է այս կամ այն երկիրը օգնություն տրամադրի մեկ այլ երկրի։ Գաղափարը, թե կարող ես ապրել մեկուսացման մեջ, կարծում եմ՝ պատմությունը բավականաչափ օրինակներ ունի, թե ինչպես է այն, ի վերջո, շրջվում քո դեմ ու հենց քեզ հարվածում, երբ որոշում ես անտեսել ուրիշ երկրի տառապանքն ու ճակատագիրը»։
«Սքոլ» հիմնադրամի խորհրդի անդամ, ONE Campaign կազմակերպության նախկին տնօրեն եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախկին ղեկավար Գեյլ Սմիթը խոսեց վերջին շրջանում մարդասիրական ֆինանսավորման կրճատումների՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից, առաջ բերած լուրջ հետեւանքների մասին, որոնք առաջին հերթին հարվածում են ամենախոցելի համայնքներին։ Թեեւ ըստ նրա՝ հույսի հիմքեր դեռ կան։
«Ես աշխատել եմ Կոնգրեսի բազմաթիվ անդամների հետ՝ թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների։ Նրանցից ոմանք շատ ավելի ցինիկ էին հումանիտար օգնության կամ զարգացման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից որեւէ բան ձեռնարկելու հարցում, քան կարող եք պատկերացնել։ [Բայց] երբ նրանք հանդիպում էին իրական մարդկանց եւ տեսնում իրականությունը, փոխվում էին։ Նրանք տեսնում էին այդ ամենի մարդկային կողմը։ Եվ կարծում եմ՝ մեր բոլորի պարտականությունն է հասկանալ, թե ինչպես կարող ենք ձեւավորել նոր լսարան՝ պատմելով ավելի շատ պատմություններ ձեր նման մարդկանց մասին, քանի որ, ի վերջո, դա է ամենահամոզիչը»։
Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլաս Քրիստոֆը հիշեցրեց մի կարեւոր գաղափարի մասին․ «Մարդկային ամենավատ դրսեւորումների կողքին դուք միշտ կգտնեք նաեւ լավագույնը։ Երբ մարդիկ իսկապես փորձության են ենթարկվում, նրանք ընդունակ են աներեւակայելի արարքների»։