Հաստատելով համաժողովի հիմնական թեմաների արդիականությունը՝ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի (Robert Bosch Stiftung) նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալն իր երախտագիտությունը հայտնեց Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչներին եւ գործընկերներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, «Գլոբալ հեռանկարներ» (Global Perspectives) նախաձեռնությանը եւ «Մերկատոր» հիմնադրամին (Stiftung Mercator)՝ ասելով. «Համաժողովի թեմաները մեր հաստատության հետաքրքրությունների ոլորտում, որոնք են ներգաղթը, միգրացիան եւ ինտեգրացիան՝ որպես համաշխարհային եւ եվրոպական մարտահրավերներ, ինչպես նաեւ Աֆրիկայի զարգացման հարցում գործընկերներության անհրաժեշտությունը»։
Այնուհետեւ ելույթ ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ ընդգծեց այն պատմական նշանակությունը, որ ունի Aurora Dialogues քննարկումների առաջին արտահայաստանյան համաժողովը՝ բացատրելով նաեւ, թե ինչ տրամաբանությամբ է դրանց անցկացման վայր ընտրվել Գերմանիան։ «[Եվրոպական] այս երկիրը ներգաղթի ճգնաժամային պահին իր վրա վերցրել է կարեւորագույն պատասխանատվություն»,– ասաց Ռուբեն Վարդանյանը եւ հավելեց. «Մեր նախաձեռնության համար խիստ կարեւոր էր այսպիսի քննարկումները համաշխարհային լսարան դուրս բերելը»։
Հիմնական բանախոս, Գերմանիայի Բունդեսթագի նախկին նախագահ Նորբերտ Լամերտը, որի ելույթի խորագիրն էր «Միգրացիայի ճգնաժամը՝ որպես համաշխարհային պատասխանատվություն», լսարանին հաղորդեց, որ սկզբում դժկամությամբ է ընդունել համաժողովին մասնակցելու հրավերը, ինչի հիմնական պատճառը, իր խոսքով, եղել է մյուս մասնակիցների մեծ ճանաչումը։ «Շնորհակալ եմ հրավերի համար, որը սկզբում վարանում էի ընդունել, քանի որ վստահ չեմ, թե ավելին եմ տեղեկացված քննարկվող նյութից, քան ներկաների մեծամասնությունը»,– ասաց նա։ Շարունակելով՝ Լամմերտը շեշտեց, թե որքան բարդ եւ բազմաշերտ են այն խնդիրները, որոնց շուրջ միասին հավաքվել են մտորելու։ «Ի՞նչ կարող է ելույթ ունեցողն անել հարցի բարդության կապակցությամբ,– հարցրեց Լամմերտը,– լավագույն դեպքում՝ առավելագույնս ընդգծել դրա կարեւորությունը»։
Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) Կառավարման խորհրդի անդամ եւ ավագ գիտաշխատող Մաթիաս Լյուկեն խոսեց «Միգրացիայի միտումները եւ շարժիչ ուժերը» թեմայով: Մեջբերելով ահազանգող վիճակագրությունը՝ նա երեւան հանեց այն դժվարությունները, որոնց բախվում են միգրանտներն ու փախստականները, եւ կոչ արեց ճանաչել այն դրական ազդեցությունը, որն այդ մարդիկ կարող են ունենալ ընդունող երկրների տնտեսությունների վրա։ «Փախստականները նորարար մարդկանց խումբ են, քանի որ վերապրելով եւ հաղթահարելով բազում մարտահրավերներ՝ տիրապետում են ձեռներեցության իրական ունակությունների»,– հայտարարեց բանախոսը։
Նիստը վարող միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, որը նաեւ Արքայական քոլեջի (Լոնդոն) եւ Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հրավիրյալ պրոֆեսոր է, ուղղորդում էր առաջին նիստի ընթացքը՝ բանախոսներին հարցեր ուղղելով միգրացիայի եւ դրա՝ աշխարհի ապագայի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ «Ինչպե՞ս եք հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի համար, արդյոք մենք սարսափելի ժառանգություն չե՞նք թողնում»,– հարցնում էր Գոուինգը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային նախագահ Գեերտ Կապելարեն, համաձայնելով վերոնշյալ հարցադրումների հետ, ներկայացրեց այս խնդիրների լուծման ուղղությամբ ներկայումս գործող ռազմավարությունը: Նա ընդգծեց, որ կարեւորագույնը երիտասարդ սերնդի վրա կենտրոնանալն է, եւ ցավով նշեց, որ միգրացիայից լիովին ձերբազատվելը անհնարին է. «Մենք համոզված ենք, որ ամենաուղիղ միջոցը երեխաների ուղղությամբ ներդրումն է, ուր էլ նրանք ապրելիս լինեն։ Այն բավարար կերպով չի իրականացվում,–ընդունեց նա եւ շարունակեց,– միգրացիայի կանխարգելումը պատրանք է։ Հարկավոր է միասին հասկանալ, թե ինչպես աշխատենք միգրացիայի հետ, բայց կանխարգելել այն հնարավոր չէ»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ, «Օքսֆամ» (Oxfam) միջազգային միության պատվավոր նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնն ուշադրություն հրավիրեց միգրացիայի ճգնաժամի մեկ այլ կողմի վրա եւ նախազգուշացրեց այն աչքաթող անելու վտանգների մասին։ «Այս ամենի հիմքում կլիմայի փոփոխության հետեւանքով առաջ եկած միգրացիայի մշուշոտ ուրվապատկերն է։ Այս քննարկումները կլիմայական համատեքստում նշանակում են, որ 2050 թվականին աշխարհն ունենալու է մոտ 200 միլիոն կլիմայական փախստական»,– ասաց բանախոսը։