Օրվա առաջին քննարկումն անդրադարձավ 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներին եւ քննարկվեց միջազգային հանրային կարծիքը փախստականների ճգնաժամի, միգրացիայի, հումանիտար միջամտության եւ հանուն ուրիշների միջամտելու պատասխանատվության թեմաները: Քննարկումը վարում էր Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը: Քննարկման մասնակիցներն էին Կահիրեի ամերիկյան համալսարանի փախստականների եւ միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Իբրահիմ Ավադը, RefugePoint-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը եւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը անցկացրել է միջազգային հանրային կարծիքի ուսումնասիրություն: Այն մշակել եւ իրականացրել է բելգիական Kantar Public ընկերությունը: Kantar Public-ի մեթոդական հարցերով տնօրեն դոկտոր Հայկ Գյուզալյանը ներկայացրեց «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները: Նա ասաց, որ Ցուցիչի ուսումնասիրության շրջանակներում հարցվել է 6500 մարդ՝ 12 երկրից՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան, Արգենտինա, Ճապոնիա, Թուրքիա, Քենիա, Ռուսաստան եւ Հայաստան: Այն հիմնականում կենտրոնացած է եղել միգրացիայի եւ նոր հասարակություններում միգրանտների ինտեգրացիայի վրա:
Դոկտոր Գյուզալյանն ամփոփեց հարցման երեք հիմնական եզրակացությունները. առաջին՝ հումանիտար գործունեության հանդեպ աջակցությունն ակնում է ապրում: «Մարդիկ առավել թերահավատորեն են սկսել մոտենալ փոփոխություն բերելու հարցում անհատական կամ խմբային գործողությունների կարողությանը: Հումանիտար ճգնաժամերը կարգավորելու հարցում նրանք ցածր վստահություն ունեն նաեւ առաջնորդների եւ կազմակերպությունների հանդեպ»,- նշեց նա: Երկրորդ՝ պոպուլիզմն ու մեկուսացումն աճ են արձանագրում: Այս միտումներն արտացոլված են հարցման արդյունքներում: Երրորդ եւ թերեւս ամենակարեւոր հանգամանքն էլ այն է, որ. «երիտասարդները դրական պատասխան են տվել գրեթե բոլոր հարցերին: Նրանք լավատեսորեն են տրամադրված ապագայի հանդեպ եւ, ինչը շատ կարեւոր է, պատրաստ են գործել»,- բացատրեց նա:
Գարեթ Էվանսն այնուհետեւ հրավիրեց քննարկման մասնակիցներին ներկայացնելու իրենց տեսակետները ցուցիչի արդյունքների մասին:
Աշխարհում միգրացիայի խնդիրների առաջատար մասնագետներից մեկը՝ Իբրահիմ Ավադը նշեց. «Կարծում եմ, որ որեւէ զարմանալի բան չկա այս արդյունքների մեջ, սակայն դրանց որոշ ասպեկտներ առավել շատ բացատրության կարիք ունեն: Իմ հետաքրքրությունը գրավեցին Հայաստանը, Արգենտինան ու Քենիան, որոնք առանձնանում են որպես շատ ընդունող ու փախստականների համար շատ բաց: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ դա Հայաստանի պատմական փորձով, Ցեղասպանությամբ է պայմանավորված: Դա պայմանավորված է այն հայ փախստականներով, ովքեր գնացին ու ապաստան ստացան բազմաթիվ տարբեր երկրներում, դա հայերին փախստականների հանդեպ առավել ընդունող է դարձրել»:
Գարեթ Էվանսն ընդհանուր հարց հնչեցրեց՝ թե արդյոք առաջնորդները ձախողել են բարոյական ազդակ տալու հարցում: Պրոֆեսոր Ավադը պատասխանեց, որ չնայած մեդիային մեղադրում են բազմաթիվ հարցերում, սակայն այն փոխանցում է քաղաքական գործիչների ասածները: Որոշ քաղաքական գործիչներ «դաստիարակում են թշնամանք ու քսենոֆոբիա»:
Սաշա Չանոֆը, ում գլխավորած կազմակերպությունը փորձում է լուծումներ գտնել աշխարհում առավել մեծ ռիսկի մեջ գտնվող փախստականներիի համար, ասաց. «Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ կան շատ հստակ եւ սուր թյուրըմբռնումներ: Մեկն այն է, որ փախստականները վտանգավոր են եւ ահաբեկիչներ են, երբ, ըստ էության, փախստականներն ահաբեկչության առաջին զոհերն են: Սակայն մեր ժամանակներում հաճախ տեսնում ենք այնպիսի քաղաքական հռետորաբանություն, որը փախստականներին ներկայացնում է որպես վտանգ»: Դա անսովոր երեւույթի չէ, քանի որ վտանգների ու ճգնաժամերի շրջանում փախստականները հաճախ դառնում են քավության նոխազ: Մյուս ընկալումն էլ այն է, որ փախստականները վերցնում են տեղացիների աշխատատեղերը: Իրականությունն այն է, ինչը դրսեւորվում է ԱՄՆ-ում եւ այլուր, որ փախստականներն ստեղծում են աշխատատեղեր, քանի որ լավ գործարարներ են:
Հինա Ջիլանին Պակիստանից է: «Ես մի երկրից եմ, որտեղ մենք ընդունել ենք ամենաշատ փախստականներին աշխարհում ամենաերկար ժամանակահատվածի համար: Ուստի ինձ համար նորություններ չեն այն խնդիրները, որոնք հիմա փորձում ենք վերլուծել ու հաղթահարել այսօր»,- ասաց նա: Նա ասաց, որ այս հարցը երկու կողմ ունի. «Առաջինն այն է, որ հակամարտությունը դուրս է մղում մարդկանց: Իսկ մյուսն այն է, երբ մարդիկ հասնում են որոշակի նպատակակետի, որո՞նք են պարտավորությունները, եւ ո՞վ է պարտավոր դրանք կյանքի կոչել»:
«Ողբերգությունները մարդկանց դուրս են մղում, իսկ ողբերգության սրտում այն ճանաչողության եւ անհատի արժանապտվության պակասն է, որ մարդ արարածն արժանի է»,- ամփոփեց նա:
2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները հասանելի են այստեղ: