Ջորջո Բալիվի՝ նորարար անատոմ

Ջորջո Բալիվի՝ նորարար անատոմ

«…Բժշկության երկու հիմնասյուները դատողությունն ու դիտարկումն են։ Սակայն դիտարկումն է այն թելը, որով պետք է հյուսվի դատողությունը»։

                                              

Նրա մասին 

Հռչակավոր բժիշկ եւ անատոմ Ջորջո Բալիվին ապրել է 17-18-րդ դարերում։ 

Բալիվիի իսկական անունն էր Ջորջո Արմենո։ Նա ծնվել է Ռագուսայի Հանրապետության տարածքում, որն այժմ Խորվաթիայի մի մասն է։ Ազգանունը ստացել է իրեն որդեգրած բժիշկ Պիետրո Անջելո Բալիվիից, որի հետքերով ուսումնառության տարիներին իբրեւ մասնագիտություն է ընտրել բժշկությունը՝ ձեռք բերելով բժշկի որակավորում։ Ջորջո Բալիվին կլանված էր անատոմիայով եւ խանդավառությամբ փորձարարական դիահերձումներ էր իրականացնում տարբեր կենդանիների վրա։ Դառնալով Մարչելլո Մալպիգիի՝ այն ժամանակվա ամենահայտնի անատոմի օգնականը՝ նա շարունակել է դիակների ու կենդանիների հետազոտական հերձումները։ 

Իր հետազոտությունների ընթացքում Բալիվին ժխտել է իր ժամանակի բժիշկների մեծ մասի անհիմն նվիրվածությունը կլինիկական փորձարկումներ չանցած բժշկական համակարգերին ու պրոցեդուրաներին։ Գիտելիքի ստեղծման եւ պրոցեդուրաների մշակման գործում նա հենվել է դիտարկումների եւ դատողության կիրառության վրա՝ մեթոդ, որը շուտով դառնալու էր նոր սկզբնավորվող Լուսավորության դարաշրջանի ամենատարածված սկզբունքը։ 

Երբ Մալպիգին հրավիրվում է Հռոմ՝ ծառայելու իբրեւ Հռոմի Իննոկենտիոս ԺԲ պապի բժիշկ, Բալիվին հետեւում է նրա եւ դառնում Հռոմի պապի երկրորդ բժիշկը։ Ուսուցչի եւ պապի մահից հետո նոր պապը՝ Կղեմես ԺԱ-ն, նրան պաշտոն է շնորհում արքունական պալատում եւ նշանակում Հռոմի Սապիենցայի համալսարանի տեսական բժշկության պրոֆեսոր։

 

Հետաքրքիր փաստ 

Բրիտանական հանրագիտարանի 9-րդ հրատարակության մեջ Ջորջո Բալիվին ներկայացվում է իբրեւ «իտալացի հռչակավոր բժիշկ»։

 

Ավելին

Giorgio Baglivi - Encyclopedia.com

Giorgio Baglivi - Treccani Italian Encyclopedia