«Անջրդի հողերում արդյունաբերական համայնքներ կծագեն, որ ծուխ ու ծխնելույզ չեն ունենա։ Գործարանների վրա ապակե խողովակների անտառներ կտարածվեն, եւ ամենուր վեր կխոյանան ապակե շենքեր, իսկ դրանց ներսում կընթանան ֆոտոքիմիական պրոցեսներ, որոնք մինչ օրս բացառապես բույսերի անթափանց գաղտնիքն էին… Եվ երբ հեռու ապագայում քարածխի պաշարները լիովին սպառվեն, քաղաքակրթությունը դրանից չի ընկրկի, քանի որ կյանքն ու քաղաքակրթությունը կգոյատեւեն այնքան, որքան կփայլի արեւը»
Ով է նա
Ջիակոմո Լուիջի Չամիչյանը տաղանդավոր գյուտարար գիտնական էր, որի աշխատանքներն օրգանական քիմիայի ոլորտում հանգեցրին իր իսկ կողմից օրգանական լուսաքիմիայի գիտաճյուղի ստեղծմանը։ Նա հավատում էր, որ արեգակի լույսը կարելի է օգտագործել իբրեւ էներգիայի աղբյուր։ Ապագան ցույց տվեց նրա մարգարեության ճշմարտացիությունը։
Չամիչյանը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Տրիեստ քաղաքում, որն այժմ Իտալիայի կազմում է, որտեղ էլ նա անց է կացրել իր կյանքի տարիները։ Աշխատած լինելով հիմնականում Բոլոնիայի համալսարանում՝ Չամիչյանը մի քանի հայտնագործությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Երկար տարիներ ուսումնասիրելով լույսի ազդեցությունը քիմիական ռեակցիաների վրա՝ Չամիչյանը գիտակցեց արեւային էներգիայի կիրառության ներուժը մարդկության եւ արդյունաբերության համար։ Առաջնորդվելով այդ հավատով՝ նա 1912թ. նույնիսկ կառուցեց արեւային մարտկոց եւ տեղադրեց իր լաբորատորիայի տանիքին։ Դա բավարար էներգիա էր տալիս սենյակում մեկ լամպ սնուցելու համար։
Չամիչյանը հարգանք էր վայելում գիտական գործընկերների շրջանում։ Նա ինն անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում, որից երկու անգամը նրան ներկայացրել է իր ժամանակի նշանավոր քիմիկոս եւ Նոբելյան մրցանակակիր Էմիլ Ֆիշերը։ Հակառակ բազմակի առաջադրմանը՝ Չամիչյանն այդպես էլ մրցանակը չի ստացել։
Հետաքրքիր փաստ
Չամիչյանը եղել է նաեւ Իտալիայի Սենատի անդամ։ Այդ տարիներին սենատորներ էր նշանակում թագավորը՝ ընտրելով այն անհատներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել իտալական հասարակության կյանքում։
Ավելին