Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն

Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն

«Դարեր շարունակ կանայք միավորվել են՝ դիմադրելու ճնշում գործադրողներին, փորձելով հաստատել խաղաղություն: Կարծես դա մեզ մոտ լավ է ստացվում: Այսպիսով, ինչպե՞ս ներգրավել կանանց»,- այսպիսի հարց բարձրացրեց «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Էլիս Գրինվալդը «Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն» թեմայով քննարկմանը, որն անցկացվեց Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում՝ 2024 թ. մայիսի 9-ին, Լոս Անջելեսում:  

Բանախոսների թվում էին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը, FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարը, The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին եւ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը: Քննարկման մոդերատորն էր Էլիս Գրինվալդը: 

Իր հիմնական ելույթի ժամանակ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը խոսեց սեփական փորձի մասին՝ որպես գենդերային հարցերով փորձագետ, եւ այն մասին, թե ինչպես է դա ազդել գենդերային արդարության հարցում իր տեսակետների ձեւավորման վրա: «Իմ գործունեությունն սկսելուց երկու տասնամյակ անց ես դեռ մտածում եմ կանանց անտեսանելի լինելու մասին: Որտե՞ղ է արդարությունը։ Ինչո՞ւ են կանայք դեռ անտեսանելի. <...> Այսօր մենք խիզախաբար ոտքի ենք կանգնում եւ ասում՝ մենք դադարում ենք խնդիրը լուծել։ Մենք պատրաստվում ենք անդրադառնալ խնդրի բուն պատճառին»,- պարզաբանեց տիկին Բեյը:

FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարն ընդգծեց, որ հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնց բախվում են Աֆղանստանի կանայք, շատ կարեւոր է, որ միջազգային կազմակերպությունները եւ անհատները խոսեն նրանց անունից: «Իրոք, կարեւոր է խոշորացույցի տակ պահել Աֆղանստանը, շարունակել խոսել տիրող վիճակի մասին, քանի որ չէինք ցանկանա, որ թալիբների վայրագություններն ու դաժանությունը բնականոն ընթացք համարվեն, իսկ դա հենց այն է, ինչ կատարվում է, իսկ մենք բոլորս հայացքներս փախցնում ենք դրանից: Մյուսը, որ իսկապես կարեւոր է, Աֆղանստանի կանանց լսելն է եւ նրանց ձայնը լսելի դարձնելն ու նրանց կազմակերպությունների աշխատանքին աջակցելը»,- ասաց տիկին Աքբարը:

 

Կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունը հաճախ ապավինում է տղամարդկանց, որոնք պաշտպանում են նրանց իրավունքները, ուստի, նրանց հետ աշխատանքը կարող է օգնել ավելի արդյունավետորեն լուծել գենդերային հավասարության հարցը, ասաց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը: «Մենք տրամադրում ենք ապահով տուն, առողջապահական ծառայություններ եւ այլն, բայց պետք է կարգավորել սոցիալական նորմերը: Այդ ասպարեզում հիմա մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում՝ 2010 թվականի համեմատ, երբ մենք նույնիսկ չէինք կարող խոսել սեռական բռնության մասին. Այսօր ունենք սեռական հանցագործությունների մասին օրինագիծ, օրենսդրական դաշտը գնալով ընդլայնվում է, սկիզբ է դրվում հաշվետվողականությանը, մենք ունենք կանանց շարժում, որն այլեւս չի լռեցվում»,- հավելեց Իլվադ Էլմանը:

Տղամարդիկ, որոնք կանանց հավասար չեն համարում, կազմում են խնդրի առյուծի բաժինը, համաձայնեց The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին: Նա հիշեց, թե ինչպես էր երիտասարդ տարիներին՝ որպես պատերազմ լուսաբանող լրագրող, բախվում, այսպես կոչված, մենսփլեյնինգին, երբ տղամարդիկ թերագնահատում են կանանց իմացությունը: «Այն ժամանակ մենք չունեինք այդ բառը, բայց հիմնականում տղաներն էին ինձ ասում, թե ինչ անել: Ես պարզապես փախչում էի նրանցից եւ ինչ-որ բան անում, ու ինձ մոտ շատ ավելի լավ էր ստացվում: Ես միշտ ստիպում էի մարդկանց խոսել ինձ հետ, որովհետեւ ես ուղղակի նստում էի հատակին եւ նրանց հետ թեյ խմում ու ծխում, իսկ նրանք խոսում էին ինձ հետ: Եվ բոլորը միշտ ասում էին. «Օ՜, կանայք, գիտեք, նրանք օգտագործում են իրենց կանացի հնարքները»: Բայց ես դա չէի անում: Ես ընդամենն օգտագործում եմ իմ կանացի ինտուիցիան եւ լսելու ունակությունը»,- ասաց տիկին դի Ջիովանին:

«Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Էլիս Գրինվալդը հիշեցրեց ներկաներին, որ կանայք եւ համայնքներում աշխատող կանանց կազմակերպությունները դարեր շարունակ մեծ ջանքեր են գործադրել խաղաղության հաստատման գործում: «Դուք կարող եք վերադառնալ մ.թ.ա. 5-րդ դար, երբ Արիստոֆանեսի «Լիսիստրատայում» կանայք կանգնեցրին պատերազմը։ Այն կատակերգություն է, բայց իմաստը դա է: Բուենոս Այրեսում ունենք «Mothers of Plaza de Mayo» կազմակերպությունը, [որտեղ] տատիկները մինչեւ հիմա էլ քայլերթեր են անում անհետ կորածների համար: Վերջերս երկու կազմակերպություն ի հայտ եկավ՝ «Կանայք հանուն խաղաղության» (Women Wage Peace) եւ «Արեւի կանայք» (Women of the Sun), որոնք, կարծում եմ, միասին, չգիտեմ՝ կստանան, թե ոչ, առաջադրվում են Նոբելյան մրցանակի»,- ասաց տիկին Գրինվալդը:

«Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ: