«Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեան»:
Նրա մասին
Հայ ազգային-ազատագրական շարժման փառաբանված օրերի բոլոր զորավարների շարքում Գարեգին Նժդեհն առանձնանում է իր բացառիկությամբ։ Նրա ռազմական տաղանդը գերազանցվել է միայն գրողի եւ մտածողի իր կատարած դերով, քանի որ նրա մտքերը ձեւավորել են ազգային գաղափարախոսության այն հենքը, որը մինչ օրս շարունակում է ներազդել հայաստանյան քաղաքական կյանքի վրա։
Նժդեհը ծնվել է Նախիջեւանում։ Սանկտ-Պետերբուրգում իրավաբանական կրթությունը կիսատ թողնելով՝ եկել է Կովկաս՝ միանալու հայ ազատագրական շարժմանը եւ հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության, եւ մասնակցել մի շարք ճակատամարտերի։ Ապա անցել է Բուլղարիա եւ ուսումն ավարտել Սոֆիայի սպայական դպրոցում։ Վերադառնալով Հայաստան՝ թուրքերի դեմ մղված Ղարաքիլիսայի (ներկայիս Վանաձոր) ճակատամարտում գլխավորել է ռուսական բանակի հայ-եզդիական դիվիզիան։ Ավելի ուշ նշանակվել է նորանկախ Հայաստանի հարավային զորքերի պատասխանատու։
Հայաստան մուտք գործելով՝ բոլշեւիկները նպատակ էին դրել Ադրբեջանին փոխանցելու հայկական Սյունիք եւ Արցախ երկրամասերը։ Նժդեհը կատաղի պայքար սկսեց բոլշեւիկների ու նրանց այդ ծրագրի դեմ եւ կարողացավ ապահովել Զանգեզուրի (Սյունիքի) եւ Արցախի ու Նախիջեւանի մի մասի անկախությունը՝ հռչակելով կարճատեւ կյանք ունեցած, սակայն պատմական կարեւորագույն առաքելություն կատարած Լեռնահայաստանի Հանրապետությունը, որի արգասիքը եղավ այն, որ Սյունիքը մնաց իբրեւ հայկական տարածք, ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի եւ հետեւապես ներկայիս Հայաստանի Հանրապետության կազմում։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Նժդեհը լքեց երկիրը եւ հեռացավ Միացյալ Նահանգներ, որտեղ հիմնադրեց Հայկական երիտասարդաց դաշնակցությունը՝ Սփյուռքի հնագույն երիտասարդական կազմակերպություններից մեկը։
Բացի ռազմական սխրանքներից, Նժդեհը նաեւ բեղուն գրչի տեր էր. նա հեղինակել է բազմաթիվ նամակներ, գրքեր եւ հարյուրավոր աֆորիզմներ, որոնք արտացոլում էին հայ հասարակության եւ հայի հոգեբանության վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաեւ այն սկզբունքները, որոնք իր համոզմամբ թույլ կտային հայությանը հասնել ազգային տեւական ազատության եւ անկախության։
Բուլղարիայում ապրելու տարիներին նա շարունակել է գործել հանուն Հայաստանի ազգային նպատակների իրագործման, սակայն Խորհրդային Միության կողմից նրան ուղարկվում է բանակցությունների հրավեր, որը, ինչպես պարզվում է, լինում է ծուղակ։ Նժդեհը ձերբակալվում եւ ուղարկվում է Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ ենթարկվում է հարցաքննությունների ու խոշտանգումների։ Ապա տեղափոխվում է Երեւանի բանտ, որում կարճ ժամանակ անցկացնելուց հետո կրկին հետ է տարվում Վլադիմիր, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն։
Հայաստանի անկախացումից մի քանի տարի առաջ մի քանի նվիրյալի ջանքերով նրա աճյունը գաղտնի վերադարձվում է Հայաստան եւ կտակի համաձայն ամփոփվում Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում վեր խոյացող Խուստուփ լեռան լանջին։
Հետաքրքիր փաստ
«Նժդեհը» Գարեգին Տեր-Հարությունյանի մարտական անունն էր, որ նշանակում է «պանդուխտ, աստանդական»։
Ավելին