Լիցքավորելով աշխարհը. մեդիայի դերը

Լիցքավորելով աշխարհը. մեդիայի դերը

2017թ-ի Aurora Dialogues-ի «Լիցքավորելով աշխարհը» քննարկումների շարքի երկրորդ բաժինը վարում էր The Boston Globe-ի հետաքննական Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան բյուրոյի նախկին ղեկավար Սթիվեն Քյուրքչյանը: Բանախոսներն էին նիգերաամերիկացի լրագրող Չիկա Օդուան եւ BILD-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ֆլորիան ֆոն Հայնցեն:
Սթիվեն Քյուրքչյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց օրվա քննարկումների խորագրի վրա՝ «Լիցքավորելով աշխարհը», եւ անդրադարձավ այն ազդեցությանը, որ կարող է ունենալ արդար լրագրությունը ամենահրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում: «Լիցքավորելը մի բառ չէ, որի հետ մեդիան հեշտությամբ է աշխատում, քանի որ այն ներառում է քարոզչություն, համոզում, իսկ ավանդական մեդիան դա միշտ էլ դժվարությամբ է ընդունում»,- նշեց Քյուրքչյանը:
 
«Ազնիվ, փորձարարական, անկախ, արդար լրագրությունն, ըստ էության, աշխարհը լիցքավորելու ու առկա խնդիրները լուծելու առաջին քայլն է»,- ասաց նա:
Նիգերացի-ամերիկացի Չիկա Օդուայի 15-ամյա լրագրողական փորձը ներառում է Al Jazeera-ում, CNN-ում, The New York Times-ում, The Huffington Post-ում եւ France24-ում աշխատանքը: Նա ընդգծեց ճգնաժամերի լուսաբանման գործում ոչ միայն համաշխարհային, այլեւ փոքր տեղական լրատվամիջոցների գործունեության կարեւորությունը:
 
«Միջազգային լսարանների համար շատ կարեւոր է տեղացու հայացքով ծանոթանալ այն ամենին, թե ինչ է կատարվում, ուստի ես միշտ քաջալերում եմ տեղացի լրագրողներին, որպեսզի վստահ լինեն, որ իրենք եւս ձայն ունեն»,- բացատրեց լրագրողը:
 
BILD-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ֆլորիան ֆոն Հայնցեն խոսեց ժամանակակից մեդիայի վերափոխման եւ այն հավելյալ ջանքերի անհրաժեշտության մասին, որոնք անհրաժեշտ են ուղերձները տեղ հասցնելու համար: «Մենք չենք ուղարկում լրագրողներին, որպեսզի նրանք զուտ գրեն թերթի համար: Յուրաքանչյուր լրագրող, որին ուղարկում ենք այս աշխարհը լուսաբանելու, լուսաբանում է նաեւ սոցիալական մեդիայի՝ Թվիթերի, Ֆեյսբուքի եւ Սնեփչաթի համար: Այդտեղ է, որ մենք կարող ենք հասնել հաջորդ սերնդին, ինչը մեզ համար խիստ կարեւոր է», - ընդգծեց նա: