Լիցքավորելով աշխարհը. պաշտպանելով մարդու իրավունքները

Լիցքավորելով աշխարհը. պաշտպանելով մարդու իրավունքները

2017թ. Aurora Dialogues-ի «Լիցքավորելով աշխարհը» քննարկումների շարքի երրորդ բաժինը՝ «Պաշտպանելով մարդու իրավունքները», վարում էր Քարտեր կենտրոնի հակամարտությունների կարգավորման ծրագրի տնօրեն Հրայր Բալյանը: Բանախոսներն էին Search for Common Ground-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Շամիլ Իդրիսը, ամերիկյան հրեական համաշխարհային ծառայության գլոբալ դեսպան Ռութ Մեսինջերը եւ Human Rights First-ի նախագահ ու գործադիր տնօրեն Էլիսա Մասիմինոն:
«Կարծում եմ՝ բոլորս էլ տեղյակ ենք, որ պատերազմը մարդու իրավունքների ամենամեծ ու ամենավատ խախտումն է»,- բացման խոսքում նշեց Բալյանը: Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչ կարելի է անել, որպեսզի աշխարհն ունենա «Ավրորա» մրցանակի հավակնորդների նման ավելի շատ հերոսներ: 
 
Search for Common Ground-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Շամիլ Իդրիսն անդրադարձավ համաշխարհային թատերաբեմում ներկայիս խաղացող հիմնական ուժերին: «Այսօր արդեն իսկ մի քանի անգամ օգտագործված բառերից մեկը «վախն» է: Ես իրապես կենտրոնացած եմ վախի եւ այսօր աշխարհում տիրող անվտանգության բացակայության աստիճանի վրա»,- ասաց նա: Իդրիսը նաեւ նշեց, որ խաղաղությունն ու մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ համաշխարհային կազմակերպություններ պայքարի մեջ են այսօր եւ հիշեցրեց լսարանին, որ պատմականորեն այդ կազմակերպությունները թերեւս արդյունավետ են եղել:
 
«Իրենց բոլոր բացթողումներով ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, Աֆրիկյան միությունը եւ շատ այլ ինստիտուտներ մեծ հաջողություններ են արձանագրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մասնավորապես միջպետական հակամարտությունների կանխարգելման առումով»,- ընդգծեց նա:
 
Ամերիկյան հրեական համաշխարհային ծառայության գլոբալ դեսպան Ռութ Մեսինջերը խոսեց «նվիրատվության շղթայի» մասին, որը կարող է ստեղծվել եւ խրախուսվել համապատասխան լուսաբանման միջոցով: «Մենք կարիք ունենք պատմելու հաջողության պատմությունները, ընդգծելու անհատական ճանապարհները, որոնցով կարող ենք բոլորս փոփոխություններ բերել», - ասաց նա:
 
Էլիսա Մասիմինոն էլ մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ բազմաթիվ մարդիկ դեռեւս դիտարկում են փախստականներին որպես բացասական ազդեցություն իրենց երկրներում: «Ես գալիս եմ մի երկրից, որը հիմնադրվել է փախստականների կողմից: Մենք շատ գործ ենք անում Միացյալ Նահանգներում՝ հիշեցնելով մարդկանց, որ հենց դա է մեր երկիրն ուժեղ դարձրել»,- ասաց Մասիմինոն:
 
«Քաղաքացիները բացասաբար են արձագանքում միգրացիային: Նրանք կարծում են, որ կառավարությունները պատասխանատու կերպով չեն կառավարում միգրացիան: Կառավարության համար կարեւոր է վստահություն ներշնչել եւ ցույց տալ, որ իրենք գիտեն, թե ինչ են անում»,- ամփոփեց նա: