Լիցքավորելով աշխարհը. հաղթահարելով դժվարությունները

Լիցքավորելով աշխարհը. հաղթահարելով դժվարությունները

Հինգերերոդ քննարկումը վարում էր ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ եւ ՄԱԿ-ում նախկին դեսպան Նենսի Սոդերբերգը: Բանախոսներն էին 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիում Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, 9/11 հուշահամալիրի եւ թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ալիս Գրինուոլդը եւ լիբերացի խաղաղության ակտիվիստ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն:
Նենսի Սոդերբերգը, դիմելով UWC-ի ուսանողներին, խրախուսեց նրանց մեծ երազանքներ ունենալ եւ իրականացնել դրանք: «Մենք լսելու ենք արտասովոր պատմություններ սովորական մարդկանցից այն մասին, թե ինչպես պետք է լիցքավորել եւ գործել: Հուսով եմ, որ բոլոր շրջանավարտներն այսօր դա իրենց սրտին մոտ կընդունեն: Կարող եք մտածել, որ դուք սովորական եք, սակայն դուք կարող եք անել արտասովոր բաներ»,- նկատեց Սոդերբերգը:
 
2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիում Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի խոսքից ողջ լսարանը հուզվեց, երբ նա ներկայացրեց այն վայրագությունները, որոնց ականտես էր եղել: «Երբեք չեմ հասկացել, թե ինչու պետք է լինեն ջարդեր: Ես կորցրել եմ իմ ընտանիքի 60 անդամների, սակայն չեմ ցանկանում նրանց վրեժը լուծել: Հութուներն ինձ չէին հասկանում, թութսիներն ինձ նույնպես չէին հասկանում», - նշեց Մեգին:
 
«Ես որոշեցի ստեղծել նոր սերունդ: Ես տեսա, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամներն ու իմ ընկերներն ունակ են առանց ամաչելու մարդ սպանել իմ աչքերի առաջ եւ ես որոշեցի, որ պետք է դեմ կանգնեմ դրան», - հավելեց նա:
 
9/11 հուշահամալիրի եւ թանգարանի նախագահ եւ գործադիր տնօրեն Ալիս Գրինուոլդն անդրադարձավ զգացմունքային խլությանն ու կարեկցանքի պակասին ժամանակակից աշխարհում եւ ընդգծեց, որ աշխարհի առջեւ ծառացած մեծագույն խնդիրները մեր բոլորի մտահոգությունն են: «Ահաբեկչությունն ուրիշի հետ տեղի չի ունենում: Այն տեղի է ունենում մեզ հետ: Դա փաստ է եւ հիմա արդեն բոլորն ընդունում են, որ դա կարող է տեղի ունենալ մեզ հետ», - նշեց նա:
 
«Երբ գիտակցում ես, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ քեզ հետ, դա կարեկցանքի սկիզբն է: Ներկայումս դա է բացակայում», - ընդգծեց Գրինուոլդը:
 
Լիբերացի խաղաղության ակտիվիստ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն հիշեցրեց լսարանին չափից շատ մտածելու վտանգների մասին: «Ես ինձ համարում եմ կառուցողական միջամտող: Դու ինչ-որ բան տեսնում ես, գլուխդ առաջ նետվում ես այդտեղ: Երբեք աշխարհում մի վայր չեմ տեսել, որտեղ պատմությունը կերտողները չափից շատ վերլուծեին իրենց դերը: Ուղղակի կային մարդիկ, ովքեր տեսան կարիքն ու գործի անցան»,- նշեց Գբովեն:
 
Նա նաեւ նշեց բացասական զգացմունքների ուժի մասին եւ շատ հստակորեն խոսեց իր շարժառիթների մասին: «Մարդկանց մեծամասնության շարժառիթը բարկությունն է: Ես շատ բարկացած աֆրիկյան կին եմ: Դուք լսել եք ջղային սեւ կանանց մասին, ես դրանց աֆրիկյան տեսակն եմ»,- կատակեց նա: