«Աջակցելով փախստականներին» քննարկումը վարում էր RefugePoint-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Օքսֆորդի համալսարանի Հարկադիր միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների դասախոս Ալեքասնդր Բեթսը:
Սաշա Չանոֆը շնորհակալություն հայտնեց «Ավրորա» մրցանակին «անցյալը եւ ներկան նման խորությամբ կապելու համար»: Նա ընդգծեց փախստականների ինքնուրույնության կարեւորությունը, ինչի պարագայում նրանք եւս կարող են ներդրում ունենալ հասարակության համար: Նա նաեւ խոսեց ճանապարհը լուսավորելու եւ փախստականներին աջակցելու մասին:
«Այս քննարկման ընթացքում ես կցանկանայի երեք բանի հասնել: Առաջին՝ ընդգծել փախստականների ճգնաժամի մակարդակները, երկրորդ՝ հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել այլ կերպ եւ երրորդ՝ յուրաքանչյուրին տալ այնպիսի գաղափարներ, որոնք կարեւոր կլինեն առաջ շարժվելու համար»,- ասաց Չանոֆը:
Օքսֆորդի համալսարանի Հարկադիր միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների դասախոս Ալեքասնդր Բեթսը անդրադարձավ համատեքստի եւ եզրույթների օգտագործման հարցին այս խնդրի վերաբերյալ խոսելիս: «Ուրախալի էր տեսնել, թե փախստականների ճգնաժամի մասին արդեն իսկ ինչքան է խոսվել: Մենք բոլորս լսել ենք այն թիվը, որը լուրերի գլխագրերում է՝ այսօր աշխարհում տեղահանվածների թիվն ավելին է, քան երբեւէ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Բայց եկեք դա դիտարկենք համատեքստի մեջ»,- նկատեց Բեթսը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում փախստականների հարցը որակվել է որպես փախստականների ճգնաժամ: Արժե հարց տալ, թե որտեղ եւ ինչու: Փախստականների համար պաշտպանություն եւ լուծումներ տրամադրելը պետք է կառավարել: Այս ճգնաժամը, որ սկսվեց 2015 թվականին, թվերի ճգնաժամ չէր: Այն քաղաքականության ճգնաժամ էր»,- նշեց նա:
«Փախստականներին մեր պատասխանը պետք է հումանիտար մոտեցումից անդին գնա: Մենք պետք է ներգրավենք բիզնեսը եւ ուրիշներին, որպեսզի համատեղ կարողանանք լուծել այս խնդիրները»,- ամփոփեց քննարկումը վարող Սաշա Չանոֆը: