Ամենազվարճալի կինը

Ամենազվարճալի կինը

«Թոնի» եւ «Էմմի» մրցանակների կրկնակի դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինը միշտ ինքն է եղել իր կյանքի տերը՝ անկախ, զվարճալի, հավակնոտ ու շատ հայտնի. Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ավագ դպրոցի ավարտական պարահանդեսի թագուհին, կանադական «SCTV» կատակերգական շոուի սիրված անդամներից մեկը եւ յուրօրինակ կատակերգական տաղանդով օժտված կին։

                Անդրեա Մարտինն ավագ դպրոցի ավարտական երեկույթին իր զույգի հետ
 

Նա իր երկու «Թոնի» մրցանակներից առաջինն ստացել է  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ իր վերջին դերերից մեկի՝ Քեմբրիջի (Մասաչուսեթս) Ամերիկյան խաղացանկային թատրոնում «Պիպին» մյուզիքլի 2013թ․ նորացված տարբերակում Պիպինի տատիկ Բերթի դերի համար, իսկ երկրորդը՝ 1992 թվականին՝ «Իմ լավագույն տարին» բրոդվեյյան մյուզիքլում իր դեբյուտի համար։ Ընդհանուր առմամբ, Անդրեա Մարտինը հինգ անգամ ներկայացվել է Թոնի» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նշված մրցանակաբաշխության պատմության ընթացքում որեւէ դերասանուհի չի գերազանցել այս ցուցանիշը։


Մարտինը նաեւ մասնակցել է Բրոդվեյի այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ «Ջութակահարը կտուրին», «Կանդիդ» եւ «Օկլահոման ու երիտասարդ Ֆրանկենշտեյնը», իսկ նրա առավել հաջողված կինոդերերից են խիստ ու մի քիչ մոլորյալ գործակալը «Հեդվիգն ու չարաբաստիկ դյույմը» ֆիլմում եւ սիրված Վուլա հորաքույրն «Իմ մեծ չաղ հունական հարսանիքում»՝ հենց նա, որ մեծ դժվարությամբ է արտաբերում «բիոպսիա» բառը (բբ-բոպ-բոոպսի)։

 

      Անդրեա Մարտինը Վուլա հորաքրոջ դերում «Իմ մեծ չաղ հունական հարսանիքը» ֆիլմում
 

Նրա հայրը՝ հայ նպարավաճառ Ջոն Փափազյան Մարտինը, իր ճանապարհը հարթել էր քրտնաջան աշխատանքով՝ հասնելով սեփական խանութների ու ռեստորանների հաջողակ ցանցի ստեղծման։ Մարտինը հիշում է, որ թեպետ հայրն իրեն շատ էր սիրում, նա նաեւ ամեն ինչում կատարելության կողմնակից էր ու միշտ ցանկանում էր, որ աղջիկն իրեն ավելի լավ դրսեւորի, թեեւ վերջինիս դերասանական շնորհը դեռ փոքրուց էր ակնառու։ Ջոնը գիտեր, որ որեւէ մեկը հայերին մեծ ընդունելության չի արժանացնում, ինչպես նաեւ տեղյակ էր, որ իր ծնողները սարսափելի ժամանակների միջով են անցել Վանի 1915թ. իրադարձությունների ընթացքում։ «Հայրս մի օր Պորտլենդում մի բեռնատար է տեսնում, որի կողային մասում գրված էր «Մարտին», ու վերցնում է այդ ազգանունը։ Իսկ հետո վերցնում է բեռնատարը»,- հաճախ կատակում է Անդրեան։ Անկասկած, Մարտինն  աշխատանքային էթիկայի վերաբերյալ ինչ-որ բաներ սովորել է մի մարդուց, որն իր աշխատակիցներին ստիպում էր փորձել առեւտրային ցանկացած հնարավոր տարբերակ ու նորարարություն, որպեսզի նոր մակարդակի բարձրացնի թե՛ իրեն, թե՛ իր գործը։

               Անդրեայի ծնողները՝ Ջոն Փափազյան Մարտինը եւ Սիբիլ Էնջլ Մանուկյանը


Անդրեայի մայրը՝ Սիբիլ Էնջլ Մանուկյանը, նույնպես մեծացել է ցեղասպանության ընթացքում տեղահանված ու ամեն ինչ կորցրած ընտանիքում․ նա շնորհաշատ տանտիրուհի էր ու նվիրված մայր, որը հյուրերին զվարճացնելու անառարկելի ունակություն, ինչպես նաեւ նորաձեւության հարցում ընդգծված ձիրք ուներ։ Ինչպես կարելի է պատկերացնել՝ Մեն նահանգում այնքան էլ շատ հայեր չէին բնակվում, սակայն եղած սակավաթիվ հայերը շատ համախմբված էին։ Պորտլենդ քաղաքում էթնիկ արմատներին անդավաճան մեծանալուն ուղեկցող վերելքների ու վայրէջքների, ինչպես նաեւ  բրոդվեյյան վերելքի ու հոլիվուդյան հռչակի մասին Անդրեան պատմում է 2014-ին լույս տեսած իր հուշերի զվարճալի ու հուզիչ «Անդրեա Մարտինի կանացի բարեմասնությունները» գրքում։

 

                               Անդրեա Մարտինի մայրը՝ Սիբիլ Էնջլ Մանուկյանը


Էմերսոնի քոլեջում դերասանական արվեստ սովորելուց հետո Մարտինն անմիջապես Լյուսիի դերն է ստանում «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» շրջիկ ներկայացման մեջ։ Սա հանգեցրեց վեցամյա մասնակցության Կանադայի հռչակավոր հեռուստատեսային կատակերգական շոուին՝ «SCTV»-ին («Քաղաքային երկրորդ հեռուստատեսություն»), որտեղ նրա գործընկերների թվում էին այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Յուջին Լեւվին, Ջոն Քենդին եւ Մարտին Շորթը։ Յուրաքանչյուրն, ով տեսել է նրան հրաշալիորեն տարօրինակ Էդիթ Փրիքլիի դերում՝ նրա ապրանքանիշը դարձած «պաա-հաա» ծիծաղով, կամ ճանճ կուլ տվող Լայզա Մինելիին նմանակելիս, կամ էլ նրա համարձակ արտաքինը, երբ մարմնավորում էր առաջին անգամ հեռուստատեսությամբ հայտնված մերկ ֆերենգիին՝ «Աստղային ուղի» (Star Trek) աշխարհից, գիտի, թե որքան ծայրահեղորեն զվարճալի կարող է լինել Մարտինը։ «SCTV»-ում հայտնվելուց ի վեր նա մեկը մյուսի հետեւից հիշարժան դերակատարումներ է ունեցել։ Մարտինի նախանձելի տաղանդը կարող է ծիծաղելի դարձնել գրեթե ամեն ինչ, նույնիսկ եթե բնօրինակ սցենարը ձանձրալի է. նա պատկանում է մարդկանց այն տիպին, որը կարող է հեռախոսագիրքն իսկ այնպես կարդալ, որ հետաքրքիր հնչի։

      Անդրեա Մարտինը «Դու լավ մարդ ես, Չարլի Բրաուն» ներկայացման մեջ Լյուսիի կերպարում


Վերադարձ արմատներին
 

Անդրեայի հոր, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամների համար Հայաստանը հեռավոր մի կետ էր, որից հարկավոր էր խուսափել, սարսափելի անցյալ՝ առանց ապագայի։ Երեխա ժամանակ Անդրեան շատ քիչ բան գիտեր Հայաստանի մասին։ Ջոզեֆ Փապպ թատրոնում մեկ դերասանուհու ներկայացմանը նախապատրաստվելու ընթացքում էր, որ Մարտինը ձեռնամուխ եղավ ուսումնասիրելու Հայաստանն ու հայոց պատմությունը։ Երբ 1991-ի վերջին նա հայտարարեց, որ պատրաստվում է այցելել նոր-նոր ձեւավորվող Հայաստանի Հանրապետություն, նրա հայրը բացականչեց. «Աստվա՜ծ իմ, Անդրե՛ա։ Ինչո՞ւ ես ուզում այնտեղ գնալ»։ Նրա մտքում Հայաստանը դեռ խորհրդանշում էր 1915 թվականին իր ընտանիքի կրած դժվարությունները։
 

Ինչպես եւ իրենց սիրելիներին ցեղասպանության ընթացքում կորցրած մյուս բոլոր ընտանիքները, Մարտինների ընտանիքն էլ փորձում էր մոռանալ անցյալն ու առաջ շարժվել. թեմա, որ Ամերիկայում հայկական դաստիարակության առանձնահատկությունները քննարկելիս առաջ էին մղում Փիթեր Բալաքյանը, Էրիկ Պոգոսյանն ու այլք։ Առայսօր Անդրեան շատ քիչ բան գիտի այն իրադարձությունների մասին, որոնց միջով անցել է իր ընտանիքը ցեղասպանության տարիներին։ «Ես միշտ գիտակցում էի, որ իմ ընտանիքը, հայկական շատ այլ ընտանիքների պես, կազմված է ցեղասպանությունը վերապրած մարդկանցից»,- ասում է նա։
 

Անդրեան 1991 թվականի իր ճամփորդությանն է վերագրում իր մեջ իր անցյալի ու ազգային ծագման նկատմամբ հպարտության եւ սեփականության զգացումների արմատավորումը (այդ ժամանակ Հայաստանում դեռ թարմ էին մահաբեր երկրաշարժի հետեւանքները, եւ մեկնարկել էր պատերազմական վիճակը կապված Լեռնային Ղարաբաղի հետ)։ Թեպետ շուրջբոլորը սփռված աղքատությունից ու կարիքից ճնշված՝ նա միաժամանակ նաեւ շատ զգացված էր իր նկատմամբ հայերի ցուցաբերած մարդկային բարությունից ու հյուրընկալությունից։
 

Այսօր Մարտինն իր ժամանակը բաշխում է Նյու Յորքի եւ Տորոնտոյի ու Լոս Անջելեսի միջեւ, որտեղ բնակվում են իր երկու որդիները։ Վերջերս նա դարձավ տատիկ, երբ ծնվեց առաջին թոռնուհին՝ Քլոե Հելենա Դոլմանը։ Ու լինի դա 60 տարեկանում ճոճաձողով թռչել սովորելը «Պիպինում», թե քաղցկեղից իր լավագույն ընկերոջ ողբերգական մահն ապրելը, նա համոզված է, որ ընկերները, ընտանիքն ու խելառ արկածների իր ձգտումն են օգնում աննկուն առաջ գնալ։ Այժմ նա Բրոդվեյի «Roundabout» թատերական ընկերությունում խաղում է Մայքլ Ֆրեյնի «Դադարեցրե՛ք աղմուկը» (Noises Off!) հիթային կատակերգությունում, ինչպես նաեւ նկարահանվում է «Իմ մեծ չաղ հունական հարսանիքը» ֆիլմի հաջորդ մասում, որն էկրան կբարձրանա 2016 թվականի մարտին։

            Անդրեա Մարտինը եւ մյուս գլխավոր կերպարները ռեժիսոր Ջերեմի Հերինի բեմադրած
                                          «Դադարեցրե՛ք աղմուկը» կատակերգությունում


Երբ խճճված չէ դերասանական բազմաթիվ նախագծերում, Անդրեան ծառայում է որպես Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՀՄՀ/ COAF) խոսնակ․ կազմակերպություն, որն օգնում է վերակառուցել Հայաստանի գյուղերն ու միաժամանակ ծառայել այդ երկրի ամենաերիտասարդ քաղաքացիներին՝ կառուցելով դպրոցներ եւ մշակութային կենտրոններ, ինչպես նաեւ տրամադրելով նրանց խիստ անհրաժեշտ առողջապահական ծառայություններ։ Անդրեան հպարտ է իրեն հայ կոչել ու աջակցել հայկական բարեգործական ծրագրերին՝ երբ որ կարողանում է։

«ՀՄՀ աշխատանքներում ներգրավված լինելը,- ասում է նա,- միակ ուղին է, որով, իմ համոզմամբ, կարող եմ վարձահատույց լինել իմ հպարտ ժառանգությանը։ Ու ես սիրում եմ այլ հայերի հետ կապի մեջ մնալ հենց այս միջոցով։ Կուզեմ օրերից մի օր Քլոեին Հայաստան բերել։ Հույս ունեմ, որ այդ ժամանակ Հայաստանը կրկին ծաղկուն երկիր կլինի եւ ապահով տուն՝  աշխարհի ամենափայլուն ու տաղանդավոր ստեղծագործողների համար»։
 

Քրիստոֆեր Ադամյան, ազատ լրագրող