2017 թվականին մամուլում հայտնվեց Վիրջինյա Խունգունիի լուսանկարը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Դա շրջադարձային տարի էր ակտիվիստի համար. նա մեկն էր ամբողջ աշխարհում ընտրված երիտասարդ առաջնորդներից, որն արժանացավ Queen’s Young Leaders Award մրցանակին (Թագուհու՝ երիտասարդ առաջնորդների մրցանակ): Առաջին անգամ էր, որ Մալավիում կատարած նրա աշխատանքն արժանանում էր այդպիսի բարձր գնահատականի: Վիրջինյան ղեկավարում է մի նախաձեռնություն, որը ձգտում է վերջ տալ երիտասարդ կանանց առաջխաղացումը խոչընդոտող ավանդույթներին, ինչպես նաեւ նա հիմնադիրն է «Աղջիկները՝ հանուն փոփոխության» կազմակերպության, որն աջակցում է վաղ ամուսնության, սեռական եւ մանկական շահագործման զոհ դարձած աղջիկներին: «Ես աշխատում եմ բռնության զոհ դարձած երիտասարդ աղջիկների հետ: Նրանց համար ինձ թագուհու կողքին տեսնելը մեծ ոգեւորություն էր: Կարեւոր չէ, թե դու որտեղից ես, կարեւորն այն է, թե կյանքում ուր ես ուզում հասնել»,- ասում է Վիրջինյա Խունգունին:
Վիրջինյան գիտի, թե ինչ է նշանակում լինել սեռական բռնության զոհ, քանի որ ինքն էլ բռնաբարության զոհ է դարձել 16 տարեկանում: Նա ծնողներին կորցրել էր մանուկ հասակում՝ մնալով տատիկի խնամքին: Դպրոցն ավարտելուց հետո Վիրջինյան հնարավորություն չուներ սովորելու քոլեջում կամ համալսարանում: Այդուհանդերձ, նա երազում էր դառնալ Մալավիի առաջին կին երաժշտական պրոդյուսերը, այդ պատճառով էլ հաճախ էր լինում տարբեր ստուդիաներում՝ սովորելու հնչյունային ռեժիսուրա եւ երաժշտական պրոդյուսերի գործ: Ու հենց այդ ստուդիաներից մեկում էլ պրոդյուսերը, որը պետք է լիներ նրա ուսուցիչը, բռնաբարեց աղջկան:
Զոհը Վիրջինյան էր, բայց բոլորը նրան էին մեղադրում՝ նույնիսկ տատիկը: «Նրանք կարծում են, թե ես տղամարդ էի փնտրում, քանի որ այնտեղ միակ կինն էի, որ հայտնվել էի տղամարդկանց միջավայրում: Աջակցություն ստանալու փոխարեն քեզ վերաբերվում են ինչպես մարմնավաճառի: Դա շատ ստորացուցիչ էր: Ինձ բռնաբարել էին, իսկ ես չէի կարող աջակցություն ստանալ: Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի ու չգիտեի, թե ում դիմել»,- հիշում է Վիրջինյան:
Նա այդպես էլ հանցագործության մասին հաղորդում չներկայացրեց՝ ամբողջ ցավն ու նվաստացումը պահելով իր մեջ, մինչեւ որ 9 տարի անց դարձավ լրագրող: Նա սկսեց հետաքրքրվել կանանց իրավունքներով եւ ստեղծեց ռադիոհաղորդում՝ «Աղջիկների ձայնը» (Girls Arise), որով բարձրաձայնում էր խնդիրների մասին: Հաղորդման ընթացքում նա սեռական բռնության բազմաթիվ լուռ հերոսների հանդիպեց. «Երբ դու զոհ ես ու խոսում ես այդ մասին, մարդիկ կարծում են, թե դու հպարտանում ես դրանով: Ինձ համար շատ դժվար էր խոսել այդ մասին: Մարդիկ ինձնից լռություն էին ակնկալում, նրանք սպասում էին, որ ես կթաքցնեմ խնդիրը»:
Իհարկե, դժվար էր, բայց Վիրջինյան երբեք չնահանջեց: Նա որոշեց առաջ շարժվել եւ հիմնեց իր կազմակերպությունը՝ «Աղջիկները՝ հանուն փոփոխության», քանի որ բազմաթիվ աղջիկներ ու կանայք ամեն օր ենթարկվում էին բռնության ու չգիտեին, թե ինչպես եւ որտեղ հայտնել հանցագործության մասին: Հասարակական կազմակերպության շահառուների մեծ մասը տասներկուսից քսաներկու տարեկան աղջիկներ են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ հարավային եւ արեւմտյան Աֆրիկայում մանկահասակ աղջիկների շրջանում ամուսնության ամենաբարձր ցուցանիշներից մեկը Մալավիում է: Այնտեղ աղջիկների 42 տոկոսին ստիպում են ամուսնանալ մինչեւ տասնութ տարեկանը, իսկ 10 տոկոսն ամուսնանում է մինչեւ տասնհինգ տարեկանը:
«Մարտահրավերը, որին բախվում է մեր հասարակությունը, բռնի ամուսնություններն են: Ես կարծում եմ՝ դրա պատճառն աղքատությունն է, իսկ աղջիկներն ընկալվում են որպես ընտանիքի ֆինանսական աջակցության «միջոց»: Հասունանալուն պես նրանց ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ, որոնք գոնե փող ունեն: Ու եթե աղջիկներին բռնության են ենթարկում, այդ մասին չեն բարձրաձայնում: Այսպիսով, եթե մենք հաղթահարենք աղքատությունը, կարող ենք հաղթահարել նաեւ այս խնդիրը: Մենք փորձում ենք օգնել աղջիկներին՝ նրանց տալով որոշակի հմտություններ: Եթե դու ունես հմտություն, այն ամբողջ կյանքի համար է: Դրա միջոցով դու կարող ես եկամուտ ստանալ, ինչպես օրինակ՝ կարուձեւ, դիզայն, տարբեր արհեստներ եւ այլն»,- բացատրում է Վիրջինյա Խունգունին: Նրա կազմակերպությունն ստեղծել է կենտրոններ, որտեղ աղջիկները հանդիպում են, խոսում իրենց փորձառության եւ խնդիրների մասին, իսկ գաղափարները վերածում նախագծերի: Նրանք նաեւ գալիս են այդ կենտրոններ հաղորդում ներկայացնելու սեռական բռնության եւ ոտնձգության մասին:
Առայժմ կազմակերպությունն ունի 12 կենտրոն, սակայն մտադիր են ծավալվել ամբողջ երկրով: Ցավոք, կորոնավիրուսի բռնկումը դանդաղեցրեց եւ վատ անդրադարձավ աշխատանքի վրա. «Մենք փորձում ենք աղջիկներին պահել դպրոցում, բայց երբ դրանք փակ են, նշանակում է՝ աղջիկներն ստիպված են տանը մնալ: Դպրոցներում մենք նաեւ սննդի ապահովման ծրագիր ունենք: Եթե նրանք չեն գնում դպրոց, նաեւ չեն ստանում սնունդ: Այսպիսով, տանը մնալը շատ աղջիկների մղում է սեռական ակտիվության, այդ թվում՝ բռնի ամուսնության: Սա, իհարկե, նահանջ է»:
Վիրջինյա Խունգունին եւ «Աղջիկները՝ հանուն փոփոխության» կազմակերպությունը փորձում են ճանապարհ գտնել հաղթահարելու այս մեծագույն խնդիրը: Մինչ այդ նրանք առողջապահական խնդիրներ են լուծում. աղքատ ընտանիքներին իրենց շահառուների պատրաստած օճառ եւ ավելի քան ինը հազար դիմակ են բաժանել: Ըստ Վիրջինյայի՝ զարգացման եւ կանանց հզորացման հիմնական ճանապարհը կրթությունն է: Նա նպատակ ունի կրթական կենտրոններ բացել ամբողջ Մալավիում եւ Հարավային Աֆրիկայում, որտեղ կանայք եւ աղջիկներն անվճար հմտություններ կսերտեն: Եվ այստեղ է, որ, նրա կարծիքով, միջազգային հանրությունը կարող է օգտակար լինել: «Մեզ անհրաժեշտ օգնությունն ավելի շատ հնարավորություններն են: Մենք ունենք հողատարածքներ, որտեղ կարող ենք կառուցել այդ ամենը [կենտրոնները], համայնքը ցանկանում է օգնել, բայց մենք չունենք ռեսուրսներ: Եթե միջազգային հանրությունը կարողանար օգնել մեզ՝ կառուցելու այդ կրթության եւ հմտությունների կենտրոնները, ինչպես նաեւ կրթաթոշակներ տրամադրեր աղջիկներին, դա կլիներ հենց այն օգնությունը, որն ակնկալում եմ»,- նշում է նա։
Վիրջինյա Խունգունին օրինակ է բազմաթիվ երիտասարդ կանանց համար: Նա նաեւ երկու երեխաների երջանիկ մայր է: Վիրջինյայի ամուսինն իր առաջին աջակիցն է, որը ոգեւորում է նրան՝ շարժվելու առաջ եւ օգնելու ավելի շատ մարդու: Նա երախտապարտ է բոլոր այն մարդկանց, որոնք օգնում են նրան առաջ շարժվել. «Ես շնորհակալ եմ այն աղջիկներին եւ կանանց, որոնց հետ աշխատում եմ: Ես շնորհակալ եմ, որովհետեւ աշխատում եմ մարդկանց հետ, որոնք ունեն ներուժ, բայց որոնց գուցե չի տրվել հնարավորություն՝ զարգացնելու այն, իսկ մենք օգնում ենք նրանց: Ես շնորհակալ եմ կազմակերպություններին, որոնք աջակցում են մեր աշխատանքին: Իսկ ամենից շատ ես երախտապարտ եմ իմ ընտանիքին: Նրանք ինձ շատ են օգնում, առաջ մղում՝ ասելով. «Եթե դու օգնել ես 100 աղջկա, կարող ես օգնել նաեւ 300-ին: Երբեք կանգ չառնե՛ս, դու կարո՛ղ ես»: