Անջում Ռազա Մաթուն «Ինսան դոսթ» ասոցիացիայի (Insan Dost Association) համահիմնադիրն է եւ նախագահը, որը պայքարում է մերօրյա ստրկության դեմ եւ ձգտում է ստեղծել ստրկական աշխատանքից ազատագրված հասարակություն Պակիստանում: Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է միայն 2002 թվականին, բայց նրա արմատները հասնում են մինչեւ 1986 թվական, երբ ուսանողների թիմը ձեւավորեց «Ինսան դոսթ» խումբը, որը բառացի նշանակում է «մարդու բարեկամ»:
Ըստ Համաշխարհային ստրկության ինդեքսի՝ Պակիստանն աշխարհի այն տասը երկրների շարքում է, որտեղ ժամանակակից ստրկությունն ամենալայն տարածումն ունի. 220 միլիոն բնակչությունից 3.7 միլիոնը ենթարկվում է ստրկության: Հարկադիր աշխատանքը ժամանակակից ստրկության ամենահաճախ հանդիպող դրսեւորումներից է, որը լայնորեն տարածված է հատկապես աղյուսի թրծավառարաններում աշխատողների շրջանում: Աղքատ ընտանիքները հայտնվում են ստրկության ծուղակում, երբ վարկ են խնդրում հարուստ վառարանատերերից: Հաճախ այդ վարկը փակելու համար մի ամբողջ սերունդ է աշխատում` մինչեւ այն վերադարձնելը, երբեմն սերնդե սերունդ ընտանիքը դառնում է վարկատուի «սեփականությունը»: Ցավոք, այդ արատավոր շղթան չի շրջանցում նաեւ երեխաներին: Ըստ «Ինսան դոսթ» ասոցիացիայի հաշվարկների՝ 1.1 միլիոն երեխա Պակիստանում աղյուսի թրծավառարանների բիզնեսում հարկադրված է ստրկական աշխատանքի: Իսկ Անջում Ռազա Մաթուն իր ողջ կյանքում պայքարում է այս երեխաների եւ նրանց ծնողների իրավունքների պաշտպանության համար:
1986 թվականին, երբ Անջում Ռազա Մաթուն ուսանող էր եւ միաժամանակ աշխատում էր Կյանքի ապահովագրման պետական ընկերությունում, նա եւ գործընկերները որոշեցին իրենց բախտը փորձել եւ ապահովագրություն վաճառել մոտակայքի աղյուսի թրծավառարանում աշխատողներին: Հենց այդ ժամանակ էլ նա բացահայտեց ողջ թշվառ իրականությունը. «Երբ մենք ապահովագրություն առաջարկեցինք թրծավառարանի աշխատողներին, նրանք ասացին, որ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ՝ առանց սպասքի, ցնցոտիներով, ահռելի պարտքերով եւ ցածր աշխատավարձով: Նրանք սկսեցին աղիողորմ լաց լինել եւ խնդրել ազատել իրենց այդ թշվառ վիճակից եւ թրծավառարանի տիրոջ վարկերից»:
Այս տարաբախտ ընտանիքները պատմեցին ապահովագրության աշխատակիցներին, թե ինչպես են մի ամբողջ կյանք անցկացրել թրծավառարանում՝ վերադարձնելու պարտքերը, որոնք այդպես էլ չեն նվազում: «Նրանք զրկված էին տեղաշարժման, աշխատանքի ընտրության, սոցիալական առաջնային ծառայություններից օգտվելու հիմնարար իրավունքներից՝ ենթարկվելով ֆիզիկական, մտավոր եւ սեռական բռնության ծայրահեղ դրսեւորումների: Ես եւ գործընկերներս շատ ճնշված էինք՝ լսելով նրանց ծանր կյանքի մասին»,- վերհիշում է Անջում Ռազա Մաթուն:
Որոշելով պայքարել այդ մարդկանց իրավունքների համար՝ ուսանողները ստեղծեցին «Ինսան դոսթ» խումբը: Նրանք բողոքի ակցիա իրականացրին՝ ներկայացնելով աղյուսի թրծավառարաններում աշխատողների ծանր կենսապայմանները, պահանջելով դրանց բարելավում՝ ներառյալ աշխատավարձի բարձրացում: Ի զարմանս իրենց՝ հաջողեցին: Թրծավառարանի սեփականատերը բարձրացրեց աշխատավարձը՝ 1000 աղյուսի համար վճարելով 10 հնդկական ռուփի: Դա մեծ առաջընթաց էր, որը լուսաբանվեց թերթերում, ու այդ սկզբնական հաջողությունը քաջալերեց «Ինսան դոսթ» խմբին ծավալելու ոչ պաշտոնական գործունեություն եւ բարձրացնելու կարեւոր հարցեր:
Օրեցօր «Ինսան դոսթ» խումբն ավելի ակտիվ եւ առաջնային էր դառնում ասպարեզում: Մարդիկ սկսեցին դիմել նրանց՝ փնտրելով պաշտպանություն իրենց եւ իրենց ընտանիքների՝ հատկապես երեխաների համար: Ըստ վիճակագրության՝ 22.8 միլիոն երեխա Պակիստանում դպրոց չի հաճախում, որոնց հիմնական մասն ամենացածր եկամուտ ունեցող աղքատ ընտանիքներից է: Մեկ այլ վիճակագրության համաձայն՝ 12 միլիոն երեխա ստիպված է աշխատել եւ նրանցից շատերը ենթարկվում են շահագործման: «Սերտ կապ կա աղքատության, անգրագիտության, մանկական եւ ստրկական աշխատանքի միջեւ: Մենք հատկապես կարեւորում ենք երեխաներին ոչ ֆորմալ կրթությամբ ապահովելը, որը կօգնի ազատվել աղյուսի թրծավառարանների սեփականատերերի ճիրաններից»,- ասում է «Ինսան դոսթի» համահիմնադիրը:
Շատ դեպքերում մեծագույն ջանք է պահանջվում ստիպելու պետական մարմիններին պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Անջում Ռազա Մաթուն հիշում է 16-ամյա Նասրինի դեպքը, որը ծնողների հետ աշխատում էր թրծավառարանում: Մի անգամ, երբ հայրն ու մայրը թաղում էին գնացել, թրծավառարանի սեփականատերն ու նրա եղբայրն, օգտվելով նրանց բացակայությունից, Նասրինին բռնի ուժով տարան իրենց վրան եւ բռնաբարեցին: Հաջորդ օրը Նասրինի ծնողները եկան «Ինսան դոսթ» ասոցիացիա՝ ստանալու իրավաբանական աջակցություն: «Մենք գնացինք ոստիկանություն եւ փորձեցինք հաղորդում տալ թրծավառարանի տիրոջ ու նրա եղբոր դեմ, բայց ոստիկանությունը չլսեց մեզ: Նույն օրը մենք բողոքի ակցիա իրականացրինք հանցագործների եւ ոստիկանության դեմ, որպեսզի ուշադրություն հրավիրեինք այդ անարդարության վրա: Երբ տեղամասային տեսուչն իմացավ մեր ակցիայի մասին, եկավ մեզ հետ բանակցելու: Դրանից հետո դեպքն անմիջապես արձանագրվեց, իսկ թրծավառարանի սեփականատերն ու եղբայրը կալանավորվեցին»:
«Ինսան դոսթ» ասոցիացիայի գործերում կան բազմաթիվ հաջողված պատմություններ, բայց մեծ է նաեւ շատ տխուր դրվագների թիվը: Տարիների անձազոհ աշխատանքի արդյունքում Անջում Ռազա Մաթուն եւ «Ինսան դոսթը» թրծավառարանների աշխատողների 126 միություն են ստեղծել, որոնք բոլորը ղեկավարում են կանայք: «Տղամարդկանց համեմատ նրանք վճռական են եւ համառ: Բացի այդ, թրծավառարանների տերերը հակված են ծեծի ենթարկել միության տղամարդկանց, բայց նրանք կվախենան նույնն անել կանանց նկատմամբ՝ պայմանավորված մշակութային պատճառներով եւ հակազդեցության վախով»,- բացատրում է Անջում Ռազա Մաթուն:
«Ինսան դոսթ» ասոցիացիան առաջնային դերակատարում ունի Վերահսկման շրջանային հանձնաժողովների (District Vigilance Committee) ստեղծման գործում, որոնք առաջ են մղում կախյալ շահագործվողների իրավունքները: «Թերեւս, մեր կազմակերպության ամենամեծ հաջողությունը եղել է այն, որ հասել ենք աղյուսի թրծավառարանատերերի աջակցությանը, որոնցից ութը հրաժարվեցին իրենց աշխատողների ունեցած բոլոր պարտքերից: Այս սեփականատերերից շատերը տարբեր հանձնաժողովների անդամներ են, որոնք պայքարում են ընդդեմ ստրկական աշխատանքի, այդ թվում՝ Վերահսկման շրջանային հանձնաժողովներում»,- ասում է Անջում Ռազա Մաթուն: Նա մանրամասնում է, որ սա նաեւ իրենց տարբեր դասընթացների արդյունքն է՝ կազմակերպված նաեւ թրծավառարանների տերերի համար: «Մեր կազմակերպությունն ունի նաեւ լավ իրավաբաններ, որոնք անվճար կամ չնչին գումարով իրավաբանական աջակցություն են տրամադրում: Հարկադիր շահագործվողների զգալի մասը, որոնք աջակցություն են ստանում ասոցիացիայից, ինչպես օրինակ՝ նույնականացման քարտի ձեռքբերում, քվեարկողի գրանցում, երեխաների ընդունելություն դպրոց, քրիստոնյաներ են, որոնց հանդեպ Պակիստանի հասարակությունն ունի խտրական վերաբերմունք: Նրանց վերաբերվում են գրեթե այնպես, ինչպես անդիպչելիներին»:
Ճանաչումն ու հաջողությունն ուղեկցվել են սպառնալիքներով ու հետապնդումներով՝ հիմնականում թրծավառարանատերերի կողմից: Անջում Ռազա Մաթուն երկու անգամ բանտարկվել է. թրծարանների սեփականատերերի կեղծ մեղադրանքների պատճառով բանտում է անցկացրել 6 եւ 3 ամիս: Նույնիսկ այդ դեպքում, նա երբեք չի շեղվել իր ընտրած ճանապարհից: «Երեւի իմ կյանքի ամենադժվար շրջանն այն էր, երբ Պակպատանի թաղամասի (Պակիստանի Փենջաբի շրջան) թրծարանների սեփականատերերն ինձ մեղադրեցին սրբապղծության մեջ: Երբ նրանք իմացան իմ քրիստոնեական անցյալի մասին, ինձ մեղադրանք առաջադրեցին սրբապղծության համար, ու ես ստիպված էի թաքնվել իմ ընտանիքի եւ անձնակազմի հետ, քանի որ հնչում էին նաեւ մահվան սպառնալիքներ: Նրանք հայտարարում էին, թե ես հայհոյել եմ Սուրբ մարգարեին: Իմ գործը մեծ հնչեղություն ստացավ, որին խառնվեց գլխավոր դատավորը, իսկ Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի երեք անդամ փաստահավաք առաքելություն իրականացրին եւ հայտարարեցին, որ գործը կեղծ է: Նույնիսկ սեփականտերերն ընդունեցին, որ մեղադրանքը կեղծ էր»,- պատմում է նա:
Հիմա սպառնալիքները նվազել են, բայց ամբողջությամբ չեն վերացել: Ամեն դեպքում, Անջում Ռազա Մաթուն եւ նրա կազմակերպությունն առաջ են շարժվում, անցյալը մտաբերում են միայն ձեռքբերումները թվարկելու համար: Նրանց ջանքերի շնորհիվ 75.000 հարկադրաբար աշխատող է ազատագրվել՝ նրանցից մոտ 28.000-ը՝ երեխաներ: Կազմակերպությունն օգնել է նրանց գրանցել թրծավառարաններին մոտ գտնվող պետական եւ մասնավոր դպրոցներում, ինչպես նաեւ երեխաներին տրամադրել համազգեստ եւ դպրոցական պայուսակ:
Պակիստանում մերօրյա ստրկությունը վերացնելու գործում ունեցած զգալի ազդեցության համար 2020 թ. «Ինսան դոսթ» ասոցիացիան արժանացել է Stop Slavery Hero Award մրցանակի (Միացյալ Թագավորություն), 2013-ին ստացել է Բրեմենի խաղաղության միջազգային մրցանակը (Գերմանիա) եւ 2010-ին՝ «Կանայք՝ հանուն խաղաղության» հիմնադրամի մրցանակը (ԱՄՆ):