logo
ՓԱԿԵԼMenu
Հայր Մեսրոպ Լահյան. «Համամարդկային մարդասիրական, կրթական, մշակութային եւ հոգեւոր արժեքներն արտացոլված են «Ավրորա» շարժման մեջ»

Հայր Մեսրոպ Լահյան. «Համամարդկային մարդասիրական, կրթական, մշակութային եւ հոգեւոր արժեքներն արտացոլված են «Ավրորա» շարժման մեջ»

2022 թ. հոկտեմբերի 15-ին Սուրբ Ղազար կղզում անցկացվող «Ավրորայի» միջոցառումների շրջանակում Մխիթարյան միաբանության եկեղեցում տեղի է ունեցել աղոթք եւ հոգեւոր համերգ։ Հյուրերին ողջունեցին համաշխարհային հայկական քրիստոնեական համայնքի անդամները, այդ թվում՝ Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ hայր Մեսրոպ Լահյանը: 

«Ամենապատիվ Տեր, Գերաշնորհ Տեր, մեծարգո պարոն դեսպան, արժանապատիվ հայրեր, սիրելի հյուրեր, մենք՝ Մխիթարյան հայրերս, ուրախ ենք ողջունելու ձեզ այս սուրբ վայրում եւ մեր գեղեցիկ եկեղեցու պատերի ներքո՝ դրախտի նախասրահում, այնտեղ, որտեղ հանդիպում ես Աստծուն, որն անեզր ու անսահման է, որը մարդկայնության եւ մարդ լինելու իրական արժեքի աղբյուրն է եւ որը սիրո իր աստվածային պատվիրանով սահմանեց փոխօգնության գաղափարով առաջնորդվելու կարեւորությունը։ Արդեն երկրորդ անգամ ենք այստեղ հյուրընկալում «Ավրորայի» միջոցառումները, եւ սա մեզ համար մեծ պատիվ է, քանզի «Ավրորայի» առաքելությունը գրեթե լիովին համահունչ է մեր առաքելությանը:

18-րդ դարի սկզբին Մխիթար աբբահայրը, տեսնելով մարդկային անելանելի վիճակն ու իր ազգի էթնիկ, մշակութային, ինչպես նաեւ հոգեւոր իրավիճակի վատթարացումը, թողեց իր հանգիստ կյանքը եւ իր ողջ համայնքի հետ, նաեւ ղեկավարվելով «աղոթել եւ աշխատել» վանական կենսակերպով, նվիրվեց ամենակարիքավոր մարդկանց ցավը մեղմելու գործին․ մարդկանց, որոնք անտեսված էին շատերի կողմից եւ գտնվում էին ֆիզիկական, մշակութային եւ հոգեւոր ոչնչացման եզրին: Շնորհիվ մեր միաբանության նախահոր ստեղծած հիմքի՝ իր գոյության այս երեք դարերի ընթացքում մեր հոգեւոր միությունը շարունակում է հանձնառու լինել իր առանցքային նպատակին՝ բարձրացնել հայերի եւ այլ ազգերի հոգեւոր ու կրթական մակարդակը տարբեր մայրցամաքներում։

Համամարդկային այդ մարդասիրական, կրթական, մշակութային եւ հոգեւոր արժեքները խտացված եւ արտացոլված են «Ավրորա» շարժման մեջ: Եվ այս երեկո մենք փառաբանում ենք այդ արժեքներն այս խորհրդանշական միջավայրում ու եզակի տեղում, որը մեր մայրավանքն է Սուրբ Ղազար կղզում: «Ավրորա» մրցանակն ի սկզբանե բաց է եղել ողջ աշխարհի եւ մարդկության համար: Եվ այսօր այն արդեն համամարդկային շարժում է, որին հետեւում են միլիոնավոր մարդիկ»: