Բռնի տեղահանություն եւ փախստականներ

Բռնի տեղահանություն եւ փախստականներ

«Մենք տեսնում ենք, որ ռազմավարական հաշվարկները շատ ավելի կարեւոր են [քաղաքական գործիչների համար], քան մարդկային կյանքի պաշտպանությունը»,- ցավով նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը՝ «Բռնի տեղահանություն եւ փախստականներ» թեմայով քննարկմանը, որի ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց փորձը թեմայի շուրջ եւ խոսեցին ճգնաժամի հնարավոր լուծումների մասին: Քննարկումը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում:  

Մյուս բանախոսների թվում էին Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գրասենյակի ղեկավար Դանա Գրաբեր Լադեկը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար Ահիլեն Արուլանանթեմը եւ Empower կազմակերպության հիմնադիր, Refugees Seeking Equal Access at the Table նախաձեռնության համաղեկավար Ռեզ Գարդին: 

Իր հիմնական ելույթում Empower կազմակերպության հիմնադիր, Refugees Seeking Equal Access at the Table նախաձեռնության համաղեկավար Ռեզ Գարդին խոսեց անձնական պայքարի մասին՝ որպես քուրդ փախստական, որը 10 տարի ապրել է Պակիստանի տեղահանվածների ճամբարում՝ մինչեւ վերաբնակեցումն ու Նոր Զելանդիայում նոր կյանք սկսելը: «Ես իմացա մարդու իրավունքների ոտնահարման եւ արդարության բացակայության մասին նախքան հասկանալը, թե որն է դրանց նշանակությունն իրավական առումով: Որպես փախստական՝ այն պայմանները, որոնցում մենք ծնվում ենք, ձեւավորում են մեզնից անկախ ուժերը, մինչդեռ մենք ենք, որ սեփական մաշկի վրա զգում ենք հետապնդումների եւ տեղահանությունների հետեւանքները»,- նշեց տիկին Գարդին: «Պակիստանում ինձ մերժեցին կրթություն ստանալ փախստականի կարգավիճակ ունենալու պատճառով: Ինչ-որ պահի ես փախստական ​​էի բարձրագույն կրթության երազանքներով, իսկ հիմա կանգնած եմ ձեր առջեւ՝ որպես իրավաբան»։ 

Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Դանա Գրաբեր Լադեկը ներկաներին ծանոթացրեց ընդամենն օրեր առաջ հրապարակված Միգրացիայի համաշխարհային զեկույցի կարեւորագույն կետերի հետ եւ բացատրեց իր կազմակերպության դերն ու առաջնահերթությունները տեղահանվածների համաշխարհային ճգնաժամի համատեքստում: «Ինչ վերաբերում է ՄՄԿ-ին, մենք ունենք ռազմավարություն, որը նոր ենք սկսել, եւ մեր ռազմավարական ծրագիրը, որը վերաբերում է 2024-2028 թվականներին, ունի երեք հիմնական առաջնահերթություն. առաջինը՝ փրկել կյանքեր, երկրորդը՝ գտնել լուծումներ տեղահանության խնդրի համար, եւ երրորդը՝ նպաստել կանոնավոր ուղիների ձեւավորմանը շարժման մեջ գտնվող մարդկանց համար: Եվ իսկապես այս երեքը փոխկապակցված են»,- ասաց Դանա Գրաբեր Լադեկը: «Այսպիսով, դուք կարող եք ասել, որ գլոբալ մակարդակում Միգրացիայի միջազգային կազմակերպության համար չափազանց կարեւոր է գտնել տեղական մակարդակում լուծումներ, քաղաքականություն եւ պլանավորում, տվյալներ, գործընկերություններ եւ այլն»:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթն ընդգծեց անհատների եւ կառավարությունների կողմից մարդկանց անպատիժ կերպով բռնի տեղահանելու տագնապալի միտումը՝ պայմանավորված խնդրի քաղաքականացմամբ: «Շատ դեպքերում կառավարություններում կան հստակ պաշտոնյաներ եւ նրանց միջազգային գործընկերները, որոնք  որոշում են բռնի տեղահանման ռազմավարություն իրագործել: Նրանք կարող են սրել էթնիկ զտումները, ինչպես գիտեք բոլորդ, երբեմն նույնիսկ հասցնելով մինչեւ ցեղասպանության»,- ասաց Փրենդերգասթը: «Երբ անցած տարի Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկվեց, ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա որեւէ պատասխանատվություն չկրեց, որեւէ հետեւանք չունեցավ՝ լինի դիվանագիտական, իրավական, թե ֆինանսական: Սա տարօրինակ է»։

 

Միեւնույն ժամանակ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար Ահիլեն Արուլանանթեմը պնդեց, որ որոշ կառավարություններ, որոնք ունեն իշխանություն՝ որոշելու ապաստան փնտրող մարդկանց ճակատագիրը, իրականում այն օգտագործում են՝ ի բարօրություն: Նա հիշատակեց «պայմանական վաղաժամկետ ազատման» հայեցակարգը մարդասիրական իմաստով եւ պարզաբանեց այն ներկաների համար. ըստ էության, ԱՄՆ կառավարությունը կարող է պարզապես թույլ տալ ինչ-որ մեկին գալ իրենց երկիր՝ մարդասիրական նկատառումներից ելենելով կամ հանուն հանրային էական շահի: Ապա նա մեջբերեց Աֆղանստանի օրինակը՝ որպես այդ սկզբունքի հայեցողական կիրառման օրինակ։ «Միացյալ Նահանգների զինուժն Աֆղանստանից դուրս բերվեց 2021 թ. օգոստոսին, եւ այդ ժամանակ կար մոտավորապես 90.000 մարդ՝ հսկայական զանգված, որոնք փաստացի բարձրացել էին ինքնաթիռներ, երբ այդ դուրսբերման պրոցեսը տեղի էր ունենում նախորդ օրերին եւ Քաբուլի անկման վերջին օրը: Այդ մարդկանց բոլորին էլ թույլատրվեց «պայմանականով» մուտք գործել երկիր»,- բացատրեց պրոֆեսոր Արուլանանթեմը: 

Քննարկումը վարում էր Alight կազմակերպության ԱՄՆ գործադիր տնօրեն Նասրա Իսմայիլը, որը հմտորեն օգնեց բանախոսներին ներկայացնելու իրենց տեսակետները՝ տրամադրելով բաց քննարկման: «Ինձ հետաքրքիր է տարբեր արձագանքների բազմազանությունը, եւ ես կարծում եմ, որ իսկապես օգտակար է, որ ցանկացած քննարկում լինի եւ ազնիվ, եւ ճշմարտացի ու նաեւ մի փոքր բարդ, քանի որ ոչ բոլոր պատասխաններն են համարժեք, որքան էլ մենք ցանկանանք»,- քննարկումն ամփոփեց Նասրա Իսմայիլը: 


«Բռնի տեղահանություն եւ փախստականներ» թեմայով քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.