logo
ՓԱԿԵԼMenu
ՖԼՈՐԱ ԶԱԲԵԼ (ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ) ՀԻՉՔՈՔ. ԲՐՈԴՎԵՅԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԵՎ ՀԱՄՐ ԿԻՆՈՅԻ ԱՍՏՂ

ՖԼՈՐԱ ԶԱԲԵԼ (ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ) ՀԻՉՔՈՔ. ԲՐՈԴՎԵՅԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԵՎ ՀԱՄՐ ԿԻՆՈՅԻ ԱՍՏՂ

«Բնությունից շնորհված լինելով գեղեցիկ դեմքով ու մարմնով, հազվագյուտ ձգողական անհատականությամբ եւ բարեհունչ սոպրանոյով՝ Ֆլորա Զաբելն ամենագրավիչն է Ֆիլադելֆիայի ամբողջ բարձրաշխարհիկ հասարակության շրջանում…»։ San Francisco Call, 1902 թ.

 

Նրա մասին

Ֆլորա Զաբելը (օրիորդական ազգանունը՝ Մանգասարյան) Բրոդվեյի դերասանուհի էր եւ ամերիկյան համր կինոյի ամենավաղ աստղերից մեկը։ 

Ծնված որպես Ֆլորա Մանգասարյան՝ նա իր համար իբրեւ բեմական կեղծանուն ընտրեց Ֆլորա Զաբելը։ Նրա ընտանիքը ծագումով Կոստանդնուպոլսից էր (այժմ՝ Ստամբուլ) եւ Միացյալ Նահանգներ էր գաղթել մինչեւ Ցեղասպանությունը տեղի ունեցած Համիդյան կոտորածների հետեւանքով։ Ընդունվելով Ուելսլիի քոլեջ (Wellesley College)՝ Զաբելը որոշեց դառնալ դերասանուհի, իսկ Բրոդվեյում տեղ ամրապնդելուց հետո ամուսնացավ դերասան Ռայմոնդ Հիչքոքի հետ։ Միասին նրանք նկարահանվեցին մի քանի համր ֆիլմում։ Ֆիլմերից շատերն այժմ կորած են, սակայն մի քանիսը գոյատեւել են մինչ մեր օրերը։ 

Անձնական կյանքում Զաբելն ունեցել է մի քանի տարօրինակ ու դժբախտ դրվագ։ Մեղադրված լինելով ինչ-ինչ հանցանքներում (որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, շինծու էին)՝ նրա ամուսինը մի քանի օրով անհետացել էր, եւ Զաբելը մտածել էր, որ նրան առեւանգել եւ, հնարավոր է, սպանել են հայ հեղափոխականները։ Մեկ ուրիշ անգամ նրա հայրը ենթադրյալ գաղտնի այցով մեկնել էր Կոստանդնուպոլիս եւ ձերբակալվել թուրքական իշխանությունների կողմից։ Զաբելը Միացյալ Նահանգներում դրամահավաք էր կազմակերպել հոր փրկությունը գնելու նպատակով։ 

Ամուսնու մահից հետո Զաբելը աստիճանաբար մեկուսացավ մարդկանցից եւ, ի վերջո, ամբողջովին դադարեցրեց իր դերասանական կարիերան։ 

 

Հետաքրքիր փաստ 

Իր փառքի գագաթնակետին Զաբելի պատկերով թողարկվել են «Ֆաթիմա» ծխախոտը գովազդող կոլեկցիոն խաղաքարտեր։

 

Ավելին

Flora Zabelle - Internet Broadway Database