«Այսօր՝ Նելսոն Մանդելայի օրը, այստեղ ենք, որպեսզի լսենք այն մարդկանց մասին եւ նրանցից, ովքեր իրենց կյանքը նվիրել են այլոց եւ մարդկությանը ծառայելու գործին, ինչը շատ-շատ վայել է այս օրվան՝ ի պատիվ Նելսոն Մանդելայի: Նրանց համար, ովքեր այսօր հավաքվել են, պետք է ասեմ, որ սա մեծարման արժանի տարբերակ է, եւ ես կոչ եմ անում յուրաքանչյուրին մտածել կամ լսել, հետեւել նրանց վարքին, որոշումներին, ուշադրություն դարձնել ամենօրյա փոքր խնդիրներին, որոնք մենք բոլորս կարող ենք վերցնել մեզ վրա՝ ավելի լավ արտացոլելու մարդկային այդ արժեքները»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը Aurora Dialogues առցանց քննարկման մեկնարկին, որը տեղի ունեցավ 2023 թ. հուլիսի 18-ին՝ Նելսոն Մանդելայի միջազգային օրը:
«Պայքար հանուն փոփոխության. «Ավրորայի» մերօրյա հերոսների պատմությունները» թեմայով Aurora Dialogues առցանց քննարկումը կազմակերպել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը The New Humanitarian հարթակի հետ համագործակցությամբ, որն էլ վարեց հարթակի գլխավոր գործադիր տնօրեն Հեբա Ալին: Միջոցառմանը մասնակցում էին «Ավրորա» համայնքի բացառիկ իրավապաշտպաններ եւ սոցիալական ակտիվիստներ, որոնք գնացել են Մանդելայի հետքերով եւ շոշափելի ազդեցություն թողել իրենց համայնքներում եւ աշխարհում: Նրանց թվում էին Ծանր հիշողությունների հաղթահարման ինստիտուտի հիմնադիր եւ ապարտհեյդի դեմ պայքարի ակտիվիստ Մայքլ Լեպսլին (Հարավային Աֆրիկա), 2018 թ. «Ավրորայի» հերոս եւ «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), 2022 թ. «Ավրորայի» հերոս եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս), Տեղահանված աֆրոկոլումբիացիների ազգային ընկերակցության հիմնադիր եւ իրավապաշտպան Մարինո Կորդոբան (Կոլումբիա): Այս հերոսները տարբեր ճանապարհ են անցել եւ աշխատում են տարբեր ոլորտներում, բայց նրանց միավորում է նվիրվածությունը սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հավասարության գործին:
«Մենք գրանցել ենք հաղթանակներ որոշ ֆորմալ ճակատներում, բայց համակարգ ու վերաբերմունք փոխելը շատ ավելի բարդ գործ է: Վհատվելու շատ առիթներ կան, բայց մենք նաեւ պետք է չմոռանանք ձեռքբերումների մասին», - ասաց Ծանր հիշողությունների հաղթահարման ինստիտուտի հիմնադիր, հայր Մայքլ Լեպսլին: «Մենք դեմ ենք ռասիզմին, մենք դեմ ենք գենդերային խտրականությանը, մենք դեմ ենք մարդկային թրաֆիքինգին։ Հարցն այն է, թե ո՞րն է մեր տեսլականը։ Եվ այդ հարցը վերաիմաստավորվում է յուրաքանչյուր սերնդի հետ»,- հավելեց նա:
Բանախոսներից ոմանք խոսեցին անսովոր տեղերում եւ հանգամանքներում ներշնչանք գտնելու ու բացասական հույզերի մասին, որոնցից չես խուսափի եւ որոնք երբեմն առաջ մղող ուժ են դառնում մարդասիրության ոլորտում: «Վերջին 30 տարում ինձ առաջ է մղել զայրույթը: Այն խթանում է [իմ ակտիվությունը], սնուցում, առաջ տանում եւ պահպանում: Տասներեք տարեկանում, երբ խմբակային բռնաբարության ենթարկվեցի, ինձ անսահման զայրույթ պատճառեց ոչ այնքան բռնաբարության փաստն ինքնին, որքան աշխարհի վերաբերմունքն անձիս հանդեպ: Ողջ հասարակությունը, ողջ համայնքն ինձ վերաբերվում էր որպես հանցագործի: Դա իմ մեջ հրահրեց առաջին զայրույթը, որն ինձ դարձրեց այն, ինչ կամ այսօր: Զայրույթն աճում է, իմ մոտիվացիան՝ նույնպես»,- բացատրեց 2018 թ. «Ավրորայի» հերոս եւ «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը:
2022 թ. «Ավրորայի» հերոս եւ քաղաքական ակտիվիստ Մահինուր էլ-Մասրին, արձագանքելով այդ զգացողությանը, նշեց, որ իր՝ մյուսների համեմատ բարենպաստ մանկություն ունենալը պատճառ դարձավ ակտիվիստ դառնալու: «Ինձ համար դա զայրույթն է իմ անձի դեմ, որն առաջ է մղում ինձ, որ ես արտոնյալ էի, որ ես ոչինչ ավելին չեմ արել դրան արժանանալու համար, քան մյուսները, որոնք, հավանաբար, ինձնից ավելի լավը կլինեին, եթե ունենային նույն հնարավորությունները: Դա նաեւ ինչ-որ չափով եսասիրական մոտեցում է: Եթե դու ուզում ես ապրել խաղաղ, եթե ուզում ես պահպանել քո արտոնությունները, ուրեմն պետք է ձգտես, որ բոլորն ունենան նույն արտոնությունները։ Ես առաջընթացը տեսնում եմ ոչ որպես գծային գործընթաց։ Դա ավելի շատ նման է քայլերի՝ առաջ, հետո՝ հետ: Չկա զոհողություն, չկա աշխատանք, որն ապարդյուն անցնի», - նշեց Մահինուր էլ-Մասրին:
Ինչեւէ, խոցելի խմբերի շատ ներկայացուցիչների համար հանուն իրենց իրավունքների պայքարելը շարունակում է մնալ ընտրություն, բայց հաճախ այն պարտադրվում է նրանց: «Աֆրոկոլումբիացիների համար առաջին մարտահրավերներից մեկն, իհարկե, ստրկությունն էր։ Մեր նախնիներին Աֆրիկայից են բերել Կոլումբիա՝ որպես ստրուկ: Նրանց համար շատ դժվար էր ազատություն ձեռք բերելը։ Ես պայքարել եմ. համայնքը, մենք տառապում էինք, քանի որ կառավարությունը՝ Կոլումբիա պետությունը, ուշադրություն չէր դարձնում մեզ վրա: Մենք ունեինք աղքատության խնդիր եւ հակամարտություն։ Մենք ունեինք ընտրություն՝ միանալ նրանց, ովքեր ոչինչ չեն անում մեր համայնքի համար, կամ պայքարել հանուն արդարության, հանուն ազատության, հանուն խաղաղության»,- ասաց Տեղահանված աֆրոկոլումբիացիների ազգային ընկերակցության հիմնադիր եւ իրավապաշտպան Մարինո Կորդոբան՝ խոսելով Կոլումբիայում իր ժողովրդի վիճակի վրա ազդեցություն գործած պատմական պատճառների մասին:
«Այս քննարկման ընթացքում ես անընդհատ լսում էի, որ արտոնության հետ գալիս է նաեւ պատասխանատվությունը, որ մարդու իրավունքների համար պայքարն ընտրություն է, որը մենք բոլորս կարող ենք անել, եւ որ զայրույթը, որը մեզնից ոմանք կարող են զգալ, այն, ինչը «The Humanitarian»-ում մենք անվանում ենք «բարոյական խաղաղ զայրույթ», կարող է այնպես ուղղորդվել, որ վերականգնողական բնույթ ունենա, եւ մենք կարող ենք ավելի շատ բանի հասնել՝ ոգեշնչվելով ուրիշներից», - ամփոփեց քննարկումը Հեբա Ալին:
Դուք կարող եք դիտել անգլերեն քննարկումն ամբողջությամբ ստորեւ.