2023 թ. նոյեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացրեց «Հավատ մարդկության հանդեպ. կրոնը՝ բարությունը միավորող ուժ» խորագրով Aurora Dialogues առցանց քննարկումը, որը կազմակերպել էր «Թանենբաում» միջկրոնական փոխըմբռնման կենտրոնի հետ համատեղ: «Այնքան բան է փոխվել այն օրվանից, երբ հավաքվել էինք վերջին Aurora Dialogues քննարկմանն ընդամենը մի քանի ամիս առաջ, ցավոք, մեծ մասը՝ դեպի վատը: Մարդասիրական օգնության, միջամտության եւ ուշադրության կարիքն ավելի մեծ է այժմ, քան ոչ վաղ անցյալում: Այսպիսի պառակտումներով եւ հակամարտություններով լի աշխարհում շատ կարեւոր է, որպեսզի ինքներս մեզ հիշեցնենք հավատքի զորության մասին, որը միավորում է մեզ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը՝ ողջունելով հյուրերին:
Քննարկման ընթացքում խոսեցին այն մասին, թե արդյոք կրոնը կարո՞ղ է դառնալ միավորող ուժ եւ ողջ աշխարհի մարդկությանը հիշեցնել համընդհանուր մարդկայնության մասին։ Քննարկումը վարում էր Ամստերդամի ազատ համալսարանի կրոնի եւ զարգացման հարցերով պրոֆեսոր Ազզա Քարամը, որին մասնակցում էին բանախոսներ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան, «Թանենբաում» ցանցի խաղաղապահ, Preemptive Love կազմակերպության գործառնությունների գծով տնօրեն Սառա Ահմեդը, Tzu Chi հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեբրա Բուդրոն, Ամերիկայի հրեական համաշխարհային ծառայության դեսպան Ռութ Մեսինջերը, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ եւ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար մոնսինյոր Ռոբերտ Վիտիլոն:
Բժիշկ Թոմ Քաթենան, որն իր կյանքը նվիրաբերել է Սուդանի պատերազմից տուժած Նուբա լեռների բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու գործին՝ լինելով այդ տարածաշրջանում մշտապես բնակվող միակ վիրաբույժը, խոսեց հիվանդներին եւ կարիքավորներին խնամելու ավանդույթի մասին, որը պատմականորեն եղել է քրիստոնեական հավատքի հիմնաքարերից մեկը: Նա նաեւ նշեց, որ այս միտումը շարունակվում է նաեւ այսօր։ «Ըստ ցուցանիշների՝ Արեւելյան Աֆրիկայում առողջապահական ծառայությունների 40%-ը տրամադրում են քրիստոնեական միսիոներական կազմակերպությունները: Եկեք չմոռանանք, որ մենք փափուկ ու հեշտ հավատքի ժառանգորդը չենք, այլ այն հավատքի, որը կառուցվել է նահատակների ու հերոս մարդկանց արյան ու զոհաբերությունների վրա: <…> Ես միանշանակ ասում եմ, որ իմ կրոնն ու հավատքն են այն գլխավոր պատճառները, որ ես այսքան տարիներ մնացել եմ պատերազմից ավերված, հեռավոր այս տարածաշրջանում: Ես եւ իմ հավատակից եղբայրներն ու քույրերն օրինակ ենք վերցնում անմիջապես մեր Տեր Հիսուսից, որին մենք նաեւ «Աստվածային բժիշկ» ենք անվանում»,- բացատրեց բժիշկ Քաթինան:
Գաղտնիք չէ, որ հավատքի վրա հիմնված բարեգործությունները բերեցին ժամանակակից մարդասիրական համակարգի ձեւավորմանը, ավելացրեց մոնսինյոր Ռոբերտ Վիտիլոն: Նա կրոնական հիմք ունեցող մարդասիրական օգնության հաջողված օրինակներ բերեց, որոնք դարերի պատմություն ունեն: Փոփոխությունը միշտ անխուսափելի է եւ հաճախ ողջունելի, բայց բարիք գործելու հիմնարար սկզբունքները չեն փոխվել, պնդեց նա: «Ես վստահ չեմ, որ մենք անպայման պետք է նոր ուղիներ փնտրենք ավելի լավ ապագա կառուցելու համար: <…> Ես հավատում եմ, որ կրոնական ավանդույթները դա արել են անհիշելի ժամանակներից, ու պետք է շարունակել խթանել յուրաքանչյուր մարդու արժեքները, հարգանքն ու արժանապատվությունը՝ սաղմնավորումից մինչեւ բնական մահ, ինչպես նաեւ հոգ տանել բոլորի մասին եւ երկրպագել Աստծուն՝ որպես տիեզերքի Արարչի՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա կառուցելու համար»,- ասաց մոնսինյոր Վիտիլոն:
Ռութ Մեսինջերն այդքան էլ համամիտ չէր նրա հետ՝ ասելով, որ «որոշակի տարիքի մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն նրան, ինչը նորովի է զարգանում»։ Նա նաեւ դիմեց լսարանին՝ ավելի մանրամասն ծանոթանալու ոչ կրոնական մարդասիրական կազմակերպությունների ծագման պատմությանը, քանի որ դրանցից շատերն իրենց արմատներում, որքան էլ զարմանալի թվա, ունեն շատ ծանոթ մի բան: «Կազմակերպությունները, որոնք մենք բոլորս գիտենք, որոնցից մի քանիսը շատ հզոր են ու մեծ, այսպես կոչված աշխարհիկ կազմակերպությունները, շատ հաճախ պաշտոնապես սկիզբ են առել կրոնական ավանդույթներից: <…> Յուրաքանչյուր մարդու մեջ հավասարին տեսնելու եւ նրա հետ աշխատելու այդ բնազդը (հիմա ես խոսում եմ իմ կրոնի տեսանկյունից), որովհետեւ դու գիտես, թե ինչ է նշանակում լինել աղքատ, լինել ստրկացված, լինել ճնշված, դա գիտես կամ անձնական փորձից, կամ պատմությունից, կամ գուցե ներքին զգացողությամբ. դա հուդայականության հիմնարար ուսմունքն է՝ ձգտել արդարության, օգնել դիմացինին եւ օտարին, քանի որ մի ժամանակ դու էլ ես եղել նույն վիճակում»,- պարզաբանեց տիկին Մեսինջերը:
Կրոնն ի զորու է ծառայել որպես լիարժեք էթիկական հիմք, որն առաջնորդում է անհատին իր կյանքում եւ որպես այդպիսին կարող է կիրառվել՝ կառուցելու ավելի լավ աշխարհ բոլոր համայնքների համար, պնդեց Սառա Ահմեդը: «Մարդիկ հավատարիմ են իրենց կրոնին եւ դրա սկզբունքներին, որոնց հետեւում են <…> Ունենալով այդ բոլոր սկզբունքները, երբ խոսքը վերաբերում է արդարադատությանը, հավասարությանը, քարոզչությանը, եւ կարեւորելով որոշ սկզբունքներ, որոնց մենք ձգտում ենք եւ որոնք փնտրում ենք համայնքը մոբիլիզացնելիս՝ կարեկցանք, հավասարություն, արդարություն՝ մոտիվացնելու մեր կրոնական ու համայնքային առաջնորդներին մարդկանց միավորելու այս սկզբունքների հիմքով. ահա այս տեսանկյունից դրանք զարմանալի ազդեցություն են ունեցել մեր նախագծերի հաջողության վրա»,- ասաց Սառա Ահմեդը, որի Preemptive Love կազմակերպությունն աշխատել է Մերձավոր Արեւելքում եւ այլուր:
Tzu Chi բուդդայական մարդասիրական հիմնադրամը ներկայացնող Դեբրա Բուդրոն խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք կարող են առաջացնել որեւէ մեկի կրոնական համոզմունքները, երբ վերջինս ուզում է օգնել նրանց, ովքեր դրանց կրողը չեն: Որպես օրինակ՝ նա մատնանշեց բուդդայական բարեգործական խոհանոցները. արդյոք դրանք պե՞տք է միայն բուսական սնունդ տրամադրեն կարիքավոր մարդկանց՝ համաձայն «ահիմսա» (ahimsa) չվնասելու հայեցակարգի, թե՞ պետք է տրամադրել ավելի սննդարար, ոչ բուսական ուտեստներ: Բայց ամեն դեպքում ակտիվորեն օգնելը միշտ ավելի լավ է, քան ոչինչ չանելը: «Եթե կյանքում ոչ մի օգտակար բան չես անում, այն զուր է անցնում։ Բայց եթե շարունակեք աշխատել հանուն մարդկության բարօրության, ձեր կյանքը հրաշալի կլինի: Բուսակերների շարժումից, ինչն անում են բուդդայականները, մենք շարժվում ենք դեպի ապաստարաններ, տրամադրում ենք սնունդ՝ բարելավելու խոցելի մարդկանց առողջությունը, օգնում նրանց առողջ սնվել եւ հավասարակշռել սննդակարգը: <…> Մենք ջերմություն ենք փոխանցում նրանց, եւ այդ ջերմությունը նրանք կարող են տանել իրենց հետ»,- նկատեց Դեբրա Բուդրոն:
Քննարկման ավարտին Ազզա Քարամը շնորհակալություն հայտնեց բանախոսներին եւ հույս հայտնեց, որ նրանք կկարողանան միասին շարունակել իրենց ընտրած ուղին: «Ձեզնից յուրաքանչյուրը մարմնացումն է հենց նրա, ինչը մեզ անհրաժեշտ է: Մենք գործ ունենք տեխնոլոգիական ապագայի հետ, որտեղ շատ ու շատ բաներ կանեն մեքենաները: Այն, ինչով մենք կտարբերվենք, մեր մարդկայնությունն է, մեր հավատը եւ այն, թե ինչպես ենք մենք փառաբանում Արարչին եւ նրա արարչագործությունը: Եվ մենք չենք կարող դա անել միայնակ՝ անկախ նրանից, թե որքան մեծ են մեր կազմակերպությունները, մեր ծավալներն ու մեր ֆինանսական ռեսուրսները»,- ասաց Ազզա Քարամը:
Ամբողջական քննարկումն անգլերենով կարող եք դիտել ստորեւ.