Էռնեստո Սեդիլյոն Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է, Միջազգային տնտեսագիտության եւ քաղաքականության, Միջազգային եւ տարածաշրջանային ուսումնասիրությունների պրոֆեսոր է եւ Անտառագիտական եւ բնապահպանական ուսումնասիրությունների առընթեր պրոֆեսոր: 1994-2000թթ. Սեդիլյոն եղել է Մեքսիկայի նախագահը:
Նա սկսել է իր մասնագիտական գործունեությունը Մեքսիկայի Կենտրոնական բանկում՝ հետագայում դառնալով Մեքսիկայի ազգային կառավարության Բյուջետային հարցերով փոխքարտուղար, այնուհետեւ՝ Տնտեսական հայեցակարգերի եւ բյուջեի մշակման քարտուղար: 1992 թվականին նշանակվել է Կրթության քարտուղար:
Սեդիլյոն ներկայումս զբաղեցնում է Բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ «Միջամերիկյան երկխոսության» (Inter-American Dialogue) համանախագահն է: Նա Թմրամիջոցների հարցերով համաշխարհային հանձնաժողովի եւ The Elders խմբի անդամ է: Վերջինս գլոբալ առաջնորդների անկախ խումբ է, ովքեր օգտագործում են իրենց փորձառությունն ու ազդեցությունն աշխարհում խաղաղության եւ արդարության հաստատման, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության համար:
Սեդիլյոն եղել է միջազգային բազմաթիվ հանձնաժողովների կազմում, այդ թվում՝ Քոֆի Անանի գլխավորած Ընտրությունների, ժողովրդավարության եւ անվտանգության համաշխարհային հանձնաժողովի փոխնախագահ (2010-2012թթ.), «Գլոբալ զարգացման ցանցի» նախագահ (2005-2011թթ.), Տարածաշրջանային միգրացիայի ուսումնասիրությունների խմբի համանախագահ (2010-2013թթ.) եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարման արդիականացման բարձր հանձնաժողովի նախագահ (2008-2010թթ.):
Նախկինում նա գլխավորել է Միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման միջազգային հանձնաժողովը` հանդես գալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետագա գործունեության շուրջ խորհրդատվությամբ, Թոմաս Փիքերինգի հետ համանախագահել է Ամերիկյան համագործակցության հանձնաժողովը եւ Բրազիլիայի ու Կոլումբիայի նախագահներ Կարդոսոյի եւ Գավիրիայի հետ համանախագահել է Թմրամիջոցների եւ ժողովրդավարության հանձնաժողովը:
Սեդիլյոն G30-ի եւ Միջազգային տնտեսագիտության Փիթերսոն ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է: Նա Օքսֆորդի համալսարանի Բլավատնիկ կառավարման դպրոցի պատվավոր անդամ է եւ 2011 թվականին ընտրվել է որպես Ամերիկյան փիլիսոփայական ընկերակցության միջազգային անդամ:
Սեդիլյոն բակալավրի աստիճանն ստացել է Մեխիկոյի Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Տնտեսագիտության դպրոցում, իսկ մագիստրոսական եւ դոկտորական կոչումները՝ Յեյլի համալսարանում: Նրան պատվավոր կոչումների են արժանացրել Յեյլի, Հարվարդի, Գանայի, Մասաչուսեթսի, Ամհերսթի, Մայամիի եւ Երուսաղեմի եբրայական համալսարանները: