Դոկտոր Էրիկ Էսրայիլյանը բժիշկ է, «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր, ներդրող եւ ձեռներեց: Նա ակտիվորեն ներգրավված է առողջապահական, մարդու իրավունքների, կրթության եւ արվեստի ոլորտներին ուղղված բարեգործական նախաձեռնություններում:
Նա հաճախել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանը՝ ինտեգրացիոն կենսաբանության մասնագիտությամբ, լրացուցիչ՝ նաեւ անգլերենի ուղղությամբ: Այնուհետեւ ավարտել է Լոմա Լինդա համալսարանի բժշկական դպրոցը, ինչպես նաեւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական օրդինատուրան: Նա անցել է փորձաշրջան, եղել կրտսեր օրդինատոր, ինչպես նաեւ տարվա ավագ օրդինատոր՝ օրդինատուրայի երեք տարիների ընթացքում:
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA) Էրիկ Էսրայիլյանն անցել է գաստրոէնտերոլոգիայի գծով վերապատրաստում, որտեղ ստացել է նաեւ հանրային առողջության մագիստրոսի կոչում՝ NIH-ի կողմից հովանավորվող վերապատրաստման դրամաշնորհի օգնությամբ: Նա UCLA Անդերսոնի կառավարման դպրոցի շրջանավարտ է: 2010-2011 թթ. ընդգրկված է եղել Կալիֆորնիայի բժշկական խորհրդում՝ նշանակվելով նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կողմից:
Դոկտոր Էսրայիլյանն առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը: 2012 թ. Բժշկական դպրոցի կողմից նրան շնորհվել է Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը: Էրիկ Էսրայիլյանը նաեւ մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ է, այդ թվում՝ Academy Museum of Motion Pictures-ի հոգաբարձուների խորհրդի, Hammer Museum-ի տնօրենների խորհրդի, Motion Picture & Television Fund-ի կառավարման խորհրդի եւ XPRIZE-ի տնօրենների խորհրդի:
Նա սերտորեն ներգրավված է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության եւ Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի, ինչպես նաեւ ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման գործում: Նա նաեւ աշխատում է՝ խթանելու համայնքի եւ համալսարանական ավանի մի շարք այլ դպրոցների եւ ֆակուլտետների, ինչպես նաեւ վերջինիս լոսանջելեսյան համայնքային գործընկերների միջեւ համագործակցությունը: Էրիկ Էսրայիլյանը նաեւ համալսարանի «Երկրորդ դարի խորհրդի» համանախագահն է: Նա Կալիֆորնիայի իմունոլոգիայի եւ իմունաթերապիայի ինստիտուտի համահիմնադիրներից է, որի մասին հայտարարվեց վերջերս:
Նա նաեւ նկարահանել է ֆիլմեր մարդու իրավունքների վերաբերյալ: Ամենանշանավորներից է Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր, իսկ գլխավոր դերակատարներն են Օսկար Այզեքը եւ Քրիստիան Բեյլը: Նա նաեւ Ջո Բեռլինգերի հետ նկարահանել է «Ոչնչացնելու մտադրություն» ուսումնա-վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է «Էմմիի»՝ պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմերը եւ դրանց ուղեկցող սոցիալական ազդեցության տեղեկատվական արշավներն աննախադեպ ուշադրություն են բեւեռել Հայոց ցեղասպանության թեմայի վրա՝ նպաստելով ԱՄՆ կառավարության կողմից պատմական փաստերի ճանաչմանը: Արդյունքում ստեղծվեցին Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Խոստում» հայկական ինստիտուտը:
2017 թ. Էսրայիլյանը դարձավ UCLA Optimist` միանալով նշանավոր շրջանավարտների եւ դասախոսների ցանցին, որը զբաղվում է համաշխարհային խնդիրների լուծմամբ: 2021 թ. նա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգեւատրվել է «Բենեմերենտի» մեդալով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։