ԶՈՐԱՑՐՈՒ ԵՎ ՈԳԵՇՆՉԻՐ

ԶՈՐԱՑՐՈՒ ԵՎ ՈԳԵՇՆՉԻՐ

2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումների երկրորդ քննարկումն սկսեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Մ. Գրինվալդը՝ ողջունելով ներկաներին։ Ազդարարելով 2018թ. «Ավրորայի» հերոսների եւ Ընտրող հանձնաժողովի անդամների միջեւ ոգեշնչող, դեմ-առ-դեմ զրույցների մեկնարկը՝ նա անդրադարձավ ոգեշնչման այն աղբյուրին, որը կարող դրդապատճառ դառնալ բոլորի համար։ «Մենք կարող ենք պատկերացնել մեզ նրանց դրության մեջ եւ քաջալերվել, քանի որ եթե նրանք կարող են անել ինչ անում են, ապա գուցե մենք եւս կարող ենք»,– ասաց տիկին Գրինվալդը։ 
 

Երկխոսությունն սկսվեց «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանի հետ Ընտրող հանձնաժողովի անդամ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսի հարցազրույցով։ Էվանսը շնորհավորեց 2018թ. «Ավրորայի» հերոսին եւ խնդրեց ներկայացել այն նվաճումները, որոնցով հատկապես հպարտանում է Սունիտան՝ ասելով. «Ձեզ նկարագրում են իբրեւ հայդարաբադցի փոքրիկ գեներատորի, որը «Փրաջվալայի» հիմնադրումից ի վեր հիրավի ֆանտաստիկ նվաճումների է հասել»։ Սունիտա Քրիշնանն ապա խոսեց մարդկանց մտածողությունը դանդաղորեն փոխելու եւ կանխարգելիչ միջոցառումների մասին։ «Մենք կարողացել ենք կանխել մի քանի հազար երեխաների հարկադիր մուտքը մարմնավաճառության եւ սեռական թրաֆիքինգի աշխարհ։ Մենք նաեւ աշխատանքներ ենք տարել տղամարդկանց ու պատանիների հետ, ինչն ըստ իս բավականին հաջող արդյունք է գրանցել»,– շեշտեց նա։

Երկրորդ հարցազրույցը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնի եւ «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» նպաստամատույց կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյի միջեւ։ «Մեծ բավականություն է, որ հնարավորություն ունեմ Ձեզ հետ խոսելու Ձեր գործի մասին»,– ասաց տիկին Ռոբինսոնը՝ 2018թ. «Ավրորայի» հերոս հոգեւորականին խնդրելով ներկայացնել իր անհատական դրդապատճառները, հատկապես երբ հարցը հանգում է ԼԳԲՏՔ համայնքի հետ աշխատելուն։ «Խոցելի մարդկանց շարքում կան անձինք եւ խմբեր, որոնք առավել խոցելի են, քան մյուսները։ Դրանք կանայք են, երեխաները եւ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները»,– ասաց Հայր Կաստիլյոն՝ մեկնաբանելով, որ ԼԳԲՏՔ անձը հալածվում եւ բռնության է ենթարկվում ոչ միայն իշխանությունների, այլեւ սեփական ընտանիքի անդամների կողմից, ինչի հետեւանքով առանձնակի անպաշտպան է։

Եզրափակիչ երկխոսության մասնակիցներն էին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին եւ ռոհինջա ժողովրդի իրավունքների առաջամարտիկ Չո Լա Աունը։ Լորդ Դարզին 2018թ. «Ավրորայի» հերոսին խնդրեց համառոտ ներկայացնել Մյանմայի Ռաքայն նահանգում ծավալվող հակամարտության պատմությունը։ Պարոն Աունը բացատրեց, որ մուսուլման ռոհինջա ժողովուրդը բազում սերունդներ ի վեր ապրում է այդ տարածքում, սակայն վերջերս սկսել է ենթարկվել հալածանքների եւ խտրականության։ «Մենք տասնամյակներ ու տասնամյակներ է, որ ապրում ենք այդտեղ։ Մեր նախնիներն ու նախնիների նախնիները եւս Ռաքայնից էին»,– ընդգծեց նա։ Երկխոսության ավարտին Լորդ Արա Դարզին շնորհակալություն հայտնեց Չո Լա Աունին նրա կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ իր համար պատիվ էր հանդիպել նրա հետ։ «Դուք ցուցաբերել եք հսկայական խիզախություն, ինչը հեշտ չէ անել»,– հավելեց Լորդ Դարզին։

2018թ. հունիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անցկացրեց Aurora Dialogues երեւանյան երրորդ քննարկումըը՝ «Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» խորագրով։ Քննարկումները հնարավոր էին դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։ Առաջին եւ երրորդ քննարկումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ եւ այստեղ։