«Ավրորա» համայնքի անդամ Էլիզ Պողոսյանը EliseCare հասարակական կազմակերպության հիմնադիրն է, որը տարածում է միջազգային համերաշխություն եւ մասնագիտանում է ցավի բուժման գործում: Վերջինիս հիմնական նպատակն է անհապաղ բժշկական օգնություն տրամադրել հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը: Կազմակերպությունն աշխատում է մի շարք հետպատերազմական երկրներում, որոնց թվում է նաեւ Արցախը:
– EliseCare կազմակերպությունն այնտեղ է, որտեղ հակամարտություն է: Որտե՞ղ եք դուք հիմա աշխատում եւ որո՞նք են ձեր հիմնական քայլերը:
EliseCare կազմակերպությունն այժմ ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքում, Սիրիայում, Եթովպիայում, Լիբանանում եւ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Այն անհապաղ բժշկական եւ հոգեբանական աջակցություն է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, բռնության եւ խոշտանգման զոհերին, սեռական ստրուկներին եւ մարդկային թարֆիքինգի զոհերին: Օրինակ՝ ամեն ամիս Իրաքում մենք տրամադրում ենք ավելի քան 2.000 անվճար բուժում մեր շարժական 3 կլինիկաների միջոցով, որոնք շրջում են 30 մեկուսացված վայրերով: Մենք ունենք նաեւ երկու ֆիքսված դիսպանսեր Զախոյում եւ Էրբիլում, որոնք մշտական առողջապահական ծառայություններ են տրամադրում այս երկու ճամբարներում ապրողների համար: Մենք նաեւ հոգ ենք տանում փողոցում հայտնված երեխաների եւ մանկահասակ զինվորների մասին՝ հիմնականում Իրաքում:
– Ինչպե՞ս ծնվեց EliseCare հասարակական կազմակերպությունը հիմնելու գաղափարը: Կա՞ որեւէ հատուկ պատճառ:
EliseCare հասարակական կազմակերպությունն ստեղծել եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից քիչ առաջ, որն իրագործել են թուրքերը հայերի նկատմամբ 1915 թ.: 2012 թվականին էր՝ Սիրիայի հակամարտության ժամանակ: Իմ հայազգի տատիկն ու պապիկը Սիրիա են արտաքսվել մեկ դար առաջ: Եվ ես չէի կարող ձեռքերս ծալած նստել՝ հեռուստատեսությամբ դիտելով Սիրիայի սարսափելի պատկերները: Այդ ժամանակ առաջին անգամ էր, որ գնացի պատերազմական գոտի՝ օգնություն ցուցաբերելու:
Սիրիայում վիճակն օրեցօր վատանում էր, հետո 2014-ին՝ նաեւ Իրաքում. տեղահանված անձանց եւ փախստականների թիվն ավելի ու ավելի էր աճում: Այդ մարդիկ չափազանց հեռու էին գտնվում բժշկական կենտրոններից, եւ առողջապահական ծառայությունները դժվար հասանելի էին նրանց: Այս խնդրին արձագանքելու համար EliseCare-ն ստեղծեց շարժական կլինիկաներ՝ օգտագործելով հին ավտոբուսներ: Տեղից տեղ շարժվելով՝ այս ավտոբուսները տրամադրում էին պրոֆեսիոնալ խնամք բոլոր ուղղություններով՝ ընդհանուր բժշկություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, վիրաբուժություն, հղիության վերահսկում, հետծննդյան խնամք, հոգեկան առողջություն, ցավի բուժում եւ ասեղնաբուժություն:
– Գրեթե մեկ տասնամյակ դուք զբաղվում եք մարդասիրական աշխատանքով: Ինչպե՞ս են փոխվել մարտահրավերներն այս ընթացքում: Որո՞նք են այսօրվա հիմնական խնդիրները:
Այսօր մենք աշխատում ենք արտակարգ իրավիճակների երկարաժամկետ հետեւանքների վրա, ինչպիսին օրինակ՝ կանանց եւ երեխաների իրավունքների խախտումն է: Պատերազմական գոտում եւ հետկոնֆլիկտային իրավիճակներում մեր նոր մարտահրավերները ծրագրերն են, որոնք իրականացնում ենք որբերի կամ խեղված կանանց համար: Մեր ծրագրերից մեկը, որը կոչվում է «Վերապրածների կենտրոն», ստեղծվել է կանանց եւ երեխաների համար, որոնք անցել են ահաբեկչության, ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքների միջով «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Ծրագիրն իրականացվում է Հյուսիսային Իրաքի մեր ստացիոնար կլինիկաներում, որոնք գործում են Դուհոկ նահանգում (Քուրդիստանի շրջան): Բժիշկների, հոգեբանների, ասեղնաբույժների եւ գինեկոլոգների թիմերով մենք աշխատում ենք տրավմաների ենթարկված մարդկանց հետ՝ բժշկական խնամքի, հոգեթերապիայի եւ EMDR-ի (աչքերի շարժումներով ապազգայունացում եւ վերամշակում) նման թերապիաների, հիպնոսի եւ նույնիսկ յոգայի միջոցով: Բուժումն ու կանոնավոր վերահսկումը կարեւոր է թե՛ նրանց ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության համար:
– Որպես ցավի կառավարման գործում մասնագիտացած կազմակերպություն՝ EliseCare կազմակերպությունը գործունեություն է ծավալում նաեւ Արցախում: Ո՞ր է ձեր հիմնական գործունեությունը տարածաշրջանում:
2002-2011 թթ. ընկած ժամանակահատվածում ես պարբերաբար այցելում էի Հայաստան եւ Արցախ՝ օգնելու պատերազմից տուժած քաղաքացիներին: Նախ ես աշխատում էի երեւանյան հիվանդանոցներից մեկում, հետո սկսեցի աշխատել անմիջապես տեղում՝ Լեռնային Ղարաբաղում: Արդեն նշեցի, որ մեր մատուցած ծառայությունների մեջ մտնում է նաեւ ասեղնաբուժությունը, որը շատ արդյունավետ է պատերազմում վիրավորվածներին իրական օգնություն տրամադրելու հարցում՝ հատկապես նրանց դաժան ցավից ազատելու տեսանկյունից: Սա կոչվում է ցավի կառավարում եւ եղել է մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը:
Պատերազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. սեպտեմբերի 27-ին եւ հետագա ամիսներին մարդասիրական ճգնաժամի սրացումը պատճառ դարձան, որպեսզի մենք վերսկսենք մեր գործունեությունը Լեռնային Ղարաբաղում 2020-ին՝ ստեղծելով շարժական երեք կլինիկա, օգտագործեով Իրաքի մոդելը: Մեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում առաջնագծի երկայնքով է, այն տարածքներում, որտեղ հայերը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ են: Ցավոք, այդ վտանգավոր գոտիներում «բժշկական անապատ» է (խմբ.՝ տերմինն օգտագործվում է՝ նկարագրելու շրջանները, որտեղ բնակչությունը չունի առողջապահության անհրաժեշտ հասանելիություն), որտեղ ապրում է 30.000 հայ: Մեր շարժական կլինիկաները բուժօգնություն են տրամադրում այդ գյուղերում ապրող ընտանիքներին:
– «Ավրորան» աջակցում է մերօրյա հերոսներին՝ կարեւորելով համայնքներում նրանց կատարած կենսական աշխատանքը: Ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել այս համայնքի անդամ:
«Ավրորայի» նման կազմակերպությունների շնորհիվ աջակցություն ստանալն ու մեր աշխատանքը տեսանելի դարձնելը հնարավորություն են տալիս մեզ ծրագրելու եւ իրագործելու մեր քայլերը՝ համագործակցելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինների եւ եվրոպական կառույցների հետ: Կարեւոր է զոհերի ձայնը լսելի դարձնել այն սահմաններից դուրս, որտեղ նրանք տառապում են, եւ միջազգային հանրության աջակցությամբ աշխատել խաղաղության հաստատման եւ վերակառուցման ուղղությամբ: