Պաբլո Արզումանյան

Պաբլո Արզումանյան

Սուր, մահ, անապատ, փախուստ, կացարան, որբանոց, նավ, նոր կյանք, մի լուսանկար, սեր, երկու զավակ, դաշնամուր, գրքեր, թվեր, ոսկյա շքանշաններ, պատվոգրեր...  Մի հայ ընտանիք, որին հաջողվեց փախչել սարսափելի ոճրագործություններից, կյանքը նորից սկսել, հաջողության հասնել:

Քույր եւ եղբայր Դիանա եւ Պաբլո Արզումանյաններին հայրը՝ Պետրոսը, փոխանցել էր իր մեջ եղած լավագույնը եւ պատգամել, որ լավ կրթություն ստանան: «Հայրիկը մեզ ասում էր, որ պետք է սովորենք, որպեսզի եթե մեզ հետ հանկարծ ու պատահի այն, ինչ իր հետ էր պատահել, եւ ստիպված լինենք ուրիշ երկիր գնալ, լավ ուսում ստացած լինենք»,- հիշում է Դիանան: Զավակները նրան հուսախաբ չարեցին՝ երկուսն էլ փայլեցին իրենց մասնագիտություններում:

Ընդհատված մանկություն

Պետրոս Արզումանյանը ծնվել է Ադաբազարում (ներկայիս Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում)։ Ութ տարեկանը հազիվ լրացած՝ նա ապրեց հայերին բաժին ընկած մեծ ողբերգությունը:

Օսմանյան Թուրքիայում հայերի հալածանքի ժամանակ մեծ ընտանիքի 28 անդամներից  ողջ մնաց միայն Պետրոսը։ Նա փախավ անապատ, առանց ճանապարհն իմանալու, սակայն համոզված, որ փրկվելու է: Ծարավի այդ ճանապարհին, որտեղ արեւն ու քամին մինչեւ ոսկորն էին հասնում, մի շուն կծեց նրա ոտքը: Նրան օգնեցին ուղեկից հայերը. վերքը լվացին ուղտի մեզով եւ վարակից խուսափելու համար այրեցին վառոդով: «Մեծ սպի էր մնացել»,- ասում է Պաբլոն՝ հայացքն իջեցնելով եւ ձեռքը դեպի աջ ոտքն ուղղելով, ասես այդ սպին հենց իր մաշկի վրա է: Պետրոսին հաջողվեց արաբական մի գյուղ հասնել, որտեղ մահմեդական մի ընտանիք նրան որդեգրելու եւ իրենց ավանդույթներով մեծացնելու ցանկություն հայտնեց: Սակայն Պետրոսի ազգանունն ավելի ուժեղ էր՝ ոչինչ չէր կարող զրկել նրան իր հայկական ինքնությունից:

Մի գիշեր փախավ ու հասավ արաբական մեկ այլ բնակավայր, որտեղ ծառայեց որպես մի կույրի ուղեկցող: «Երբ արաբն ուտելիքի հետեւից էր գնում, խնդրում էր, որ հայրս մի բան պատմեր, որպեսզի վստահ լիներ, որ ոչինչ չի ուտում»,- հիշում է Պաբլոն: Պետրոսը կրկին փախավ: Եկավ Հալեպ, որտեղ արդեն հիմնադրվել էր Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությունը: Որոշ ժամանակ այնտեղ մնաց եւ երբ դուրս եկավ, ցանկանում էր Ամերիկա գնալ, բայց՝ «Արգենտինայում նավից իջավ եւ այստեղ էլ մնաց»,- ժպտում է Պաբլոն: Ճանապարհին՝ նավի վրա, ծանոթացավ մի քանի հայրենակցի հետ: Նրանցից մեկը ընտանեկան մի լուսանկար ցույց տվեց նրան, եւ Պետրոսը սիրահարվեց լուսապատկերի երիտասարդ աղջկան`Ռեբեկային:

Ռեբեկա Թութունջյանը ծագումով Արմաշից էր: Նրա հայրը` Ներսեսը, այդ քաղաքի քաղաքապետն է եղել: Հայերի ցեղասպանության ժամանակ թուրքական բանակը նրան ձերբակալում է եւ ստիպում աշխատել իրենց համար. նա պետք է բանակի հաշվապահությունը վարեր: «Նա մեզ մի քանի անգամ պատմել է այն մեծ գումարների մասին, որ օսմանյան սպաները գողանում էին բանակից»,- ասում է Պաբլոն: Օգտվելով իր զբաղեցրած բարձր պաշտոնից՝ Ներսեսը շատ հայերի է օգնում ջարդից փախչել: Այդ ընթացքում Սիրվարդը` Ներսեսի կինը, նախապատրաստում է իր եւ չորս զավակների փախուստն ու ժամանում Հունաստան: Պատերազմի ավարտից հետո ամուսինները պատահականորեն հանդիպում են. մի գնացքում Սիրվարդը լսում է, թե ինչպես էր ինչ-որ մեկը Ներսես Թութունջյանի մասին խոսում՝ասելով, թե նա ողջ է: Հետագայում նրանք գալիս են Արգենտինա: «Առաջին անկողինը, առաջին տաք ճաշը նրանց հասավ Փրկության բանակի շնորհիվ»,- երախտագիտությամբ խոստովանում է Դիանան:

 

Արզումանյանների ընտանիքը՝ Պետրոսն ու Ռեբեկան՝ իրենց երեխաների՝ Մարիա-Դիանայի եւ Պաբլոյի հետ, Բուենոս Այրես
Լուսանկարը՝ Արզումանյանների ընտանեկան արխիվի

Դիանան ու Պաբլոն հիշում են, որ տատիկն ու պապիկը` Ներսես եւ Սիրվարդ Թութունջյաններն իրար հետ խոսում էին ապրած սարսափելի պատմությունների մասին. «Երբեմն թուրքերեն էին խոսում, որ չհասկանայինք, եւ մեզ ցավ չպատճառեին»: Թոռների հետ միշտ հայերեն էին խոսում: «Հայրս եւ մայրս բարկանում էին, եթե հայերեն չէինք խոսում, իսկ տատիկը շատ քիչ էր իսպաներեն խոսում: Երբեք չէին մոռանում, թե որտեղից էին եկել, ոչ էլ ապրածն էին մոռանում: Հայրս միշտ մղձավանջներ էր տեսնում երազում, եւ մայրիկս ստիպված էր նրան արթնացնել»,- տխրությամբ հիշում է Դիանան:

Նոր կյանք

Արգենտինա գալուն պես Պետրոսն աշխատում էր բառացիորեն օր ու գիշեր, շաբաթվա յոթ օրը, Բերիսոյի (Լա Պլատա) «Արմուր» եւ «Սվիվթ» սառնարանների գործարանում: Նրա նպատակն էր փող կուտակել, որ տոմս գնի ողջ մնացած ազգականների` իր եղբորորդիներ Սիրանույշ, Պողոս եւ Խաչիկ Արզումանյանների  համար: Նպատակին հասնելով՝ դեռ իրեն պարտավորված էր զգում նրանց խնամել։ Պետրոսը հարազատների համար ստեղծեց անհրաժեշտ կենսապայմաններ՝ բնակարան, աշխատանք, նույնիսկ երիտասարդ Սիրանույշին  թատրոնի դասերի ուղարկեց: Այսօր Արմենիա փողոցում գտնվող Արգենտինայի հայկական կենտրոնի սրահը նրա անունն է կրում` «Սիրանույշի սրահ»:
 

Պողոս, Սիրանուշ եւ Պետրոս Արզումանյանները, Բուենոս Այրես
Լուսանկարը՝ Արզումանյանների ընտանեկան արխիվի

1929 թվականին Պետրոսը եւ Ռեբեկան ամուսնությունը գրանցեցին Բուենոս Այրեսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում: Նրանք իրենց կյանքը շարունակեցին Արգենտինայում։ Այնտեղ էլ ծնվեցին ու մեծացան նրանց երկու զավակները՝ Դիանան ու Պաբլոն, որոնց ծնողները ներշնչեցին սեր աշխատանքի, կրթության եւ մշակույթի հանդեպ:

Ականավոր  քույր ու եղբայր

Պաբլո Արզումանյանը երեխա ժամանակ ավագ քրոջ դասագրքերից մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում, քանի որ դա նրան զվարճացնում էր, եւ երբեմն դրանց մեջ սխալներ էր գտնում: Քույրը պատմում է, որ Պաբլոն մի քանի տարի ազատ գրաֆիկով դպրոց հաճախեց, եւ ուսուցիչներն ասում էին, որ նա հանճար է: Սովորեց ապահովագրական վիճակագրություն եւ գերազանցությամբ ավարտեց Բուենոս Այրեսի համալսարանի համապատասխան ֆակուլտետը: Աշխատանքային ուղին սկսելով որպես օգնական՝ ութ տարի անց դարձավ ֆինանսական հաշվարկի, վիճակագրության եւ թվային անալիզի դասախոս՝ 43 տարի շարունակ մեծ բավականությամբ դասավանդելով նույն համալսարանում։ Նա բանկային ֆինանսների ոլորտի ականավոր մասնագետ է:

Մարիա Դիանա Արզումանյանը տարրական եւ միջնակարգ դպրոցներն ավարտեց ոսկե մեդալով: Ստացավ բարձրագույն երաժշտական կրթություն՝ սովորելով դաշնամուր եւ երգ, նույնպես ավարտեց ոսկե մեդալով: Մասնակցել է  բազմաթիվ մրցույթների, բազմաթիվ համերգներ տվել, երկու սկավառակ ձայնագրել Կոլումբոսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, երգահան Ռոբերտո Կաամանիոյի հետ: 36 տարուց ավելի է՝ դասավանդում է Արգենտինայի կաթոլիկ համալսարանի երաժշտական ֆակուլտետում, Մանուել դե Ֆայայի անվան ազգային կոնսերվատորիայում եւ Խուան Խոսե Կաստրոյի անվան մարզային կոնսերվատորիայում։ Վերջինը Հարավային Ամերիկայի կարեւորագույն երաժշտական հաստատություններից է, որտեղ նրա աշակերտների թվում է եղել հանրահայտ Էլենա Ռոջերը:

«Հայրս ինքնուս էր ամեն ինչում: Իսպաներենը սովորեց արտագրելով եւ նշումներ անելով: Դաշնամուր նվագում էր լսողությամբ, առանց որեւէ նոտա իմանալու: Նա շատ էր սիրում գիրք կարդալ»,- հպարտությամբ պատմում է Դիանան: Երբ դուստրը փոքր էր, Պետրոսը, նկատելով նրա բնածին տաղանդը, զրկանքների գնով  նրան դաշնամուր է նվիրում, որը դառնում է Դիանայի կյանքի վճռորոշ առարկան:

Երեկոն է իջնում: Դիանան եւ Պաբլոն հանում են իրենց ընտանեկան սրբությունները. լուսանկարներ, որոնք վառ են պահում հիշողությունը եւ հետ տանում դեպի երջանիկ մանկության պատկերները, բույրերն ու համերը: 

 

*Գլխավոր նկարում՝ Թութունջյանների ընտանիքը. կանգնած՝ ձախից՝ Ժիրայր, Ռեբեկա, Հակոբ, նստած՝ ձախից՝ Ներսես, Վազգեն,Սիրվարդ, Ֆրանսիա
Լուսանկարը՝ Արզումանյանների ընտանեկան արխիվի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: