2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներ Ֆարթուն Ադանը, Ջամիլա Աֆղանին, Թոմ Քաթինան եւ Դենիս Մուկվեգեն ներկայացրին իրենց գործունեությունն ու դրանց դրդապատճառները եւ քննարկեցին, թե ինչպիսի օգնություն է իրենց անհրաժեշտ համապատասխան համայնքներում շոշափելի փոփոխությունների հասնելու համար։ 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումներին ընդառաջ այս հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանում, որին ներկա էին հայաստանյան բուհերի բազմաթիվ ուսանողներ եւ դասախոսներ։
Հյուրերին ողջունելով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանն ասաց. «Համալսարանը լավագույն վայրն է այս նպատակի համար այն իմաստով, որ ՀԱՀ եւ երեւանյան այլ բուհերի հարյուրավոր ուսանողների այս լսարանն ապագա հումանիտար գործիչների բավականին ներկայացուցչական մի թիվ է։ Անշուշտ, նրանք բոլորը մեծ օգուտ կքաղեն այս օրինակելի մարդկանց լսելուց»։
«Այսօր մենք ներկայացնում ենք ընդամենը հինգ պատմություն, սակայն հավատացեք՝ սա տեղի է ունենում ամեն օր եւ ամբողջ աշխարհով մեկ, ու կան մեծ թվով մարդիկ, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը»,– բացման խոսքում նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Բեմ հրավիրվեց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն՝ ողջունելու «Ավրորա» մրցանակի 2017 թ. հավակնորդներին եւ խոսելու 2016 թ. «Ավրորա» մրցանակի թողած ազդեցության մասին։
«Ավրորա մրցանակն ամբողջովին վերափոխեց մեր՝ բուրունդեցի փախստականներիս կյանքը։ Բոլոր այն երիտասարդները, որոնք վերադարձան համալսարաններ, բոլոր կանայք, որոնք կարող են արդեն կերակրել եւ դպրոց ճանապարհել իրենց երեխաներին, ուղարկել են ինձ ձեզ մոտ՝ շնորհակալություն հայտնելու»,– ասաց նա։
Հավակնորդների հետ զրույցը վարում էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Լեոնարդ Ֆայերսթոունի անվան կրոնագիտության պրոֆեսոր Դոնալդ Միլլերը, որը շեշտեց ավելի լայն լսարանի առջեւ իրենց գործունեությունը ներկայացնելու կարեւորությունը՝ ասելով. «Այս հինգը բոլորն էլ անհատներ են, որ ունեն խորը բարոյական առանցք, տեսլական, նվիրում, խիզախություն ու տոկունություն։ Նրանք ի ցույց են դնում հույսի գոյության հնարավորությունը մի աշխարհում, որը ժամանակ առ ժամանակ կարող է անչափ մթագնել՝ լցվելով բռնությամբ ու շահագործմամբ։ Այս մարդկանց ինչ-որ իմաստով կարելի է համարել նաեւ բարոյականության գործարարներ»։
«Ավրորա» մրցանակի 2017թ. հավակնորդներն ապա հրավիրվեցին խոսելու իրենց գործունեության մասին եւ, մասնավորապես, պատմելու, թե որպես մարդասեր՝ ինչ են անում կանանց հիմնախնդիրների եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Երբ մենք աշխատում ենք երիտասարդ աղջիկների հետ, նրանց թվում է, թե բռնաբարության տանելով անվերադարձ կորցրել են ամեն տեսակի ապագա։ Իսկ մենք նրանց համոզում ենք, որ՝ ոչ, ապագա նրանք ունեն եւ որ դա իրենց մեղքը չէ։ Մենք նրանց տալիս ենք կրթություն եւ կացարան։ Ինձ ոգեշնչում է, երբ տեսնում եմ այդ աղջիկներին բասկետբոլ խաղալիս, վազելիս, միասին թեյ խմելիս»,– ասաց Ֆարթուն Ադանը, որն իր դստեր՝ Իլվադ Էլմանի հետ միասին ներկայացվել է 2017թ. «Ավրորա» մրցանակի։
Պրոֆեսոր Միլլերը հարցրեց հավակնորդներին, թե ինչպես են ուժ գտնում իրենց մեջ՝ այդպիսի ծանր պայմաններում սկսած գործը շարունակելու համար։
«Մեր կատարած աշխատանքը չափազանց հետաքրքիր է եւ երբեք չի ձանձրացնում։ Մենք լուծում ենք ամեն տեսակի հարցեր։ Սա կարող է նույնիսկ հյուծել մարդուն, քանի որ արթնանում ես առավոտյան վաղ եւ գիտես, որ նույն օրը 500 հիվանդ ունես տեսակցելու։ Դրա ուժը գալիս է միայն Աստծուց», – ասաց «Ավրորա» մրցանակի 2017 թ. դափնեկիր Թոմ Քաթինան։
«Երբ փրկում ես մի մարդու կյանք, նշանակում է՝ փրկել ես ամբողջ տիեզերքի կյանքը։ Սա է, որ առաջ է մղում ինձ»,– հավելեց Ջամիլա Աֆղանին։
«Մեզ հարկավոր է ավելի խորը նայել «սիրիր մերձավորիդ ինչպես ինքս քեզ» պատվիրանի իմաստին, ավելի խորը նայել ինքներս մեզ, քանի որ սա արվում է առ Աստված սիրո համատեսքստում»,– եզրափակեց Դենիս Մուկվեգեն։
Ուսանողներն ու հյուրերը հավակնորդներին հարցեր ուղղեցին համաշխարհային հումանիտար ճգնաժամի շուրջ նրանց տեսակետների մասին եւ խորհուրդ հարցրին այդ ասպարեզում առաջ գնալու վերաբերյալ։ Հավակնորդները խոսեցին նաեւ այն կազմակերպություններից, որոնց ցանկանում են օժանդակել՝ իրենց տարածաշրջաններում իրավիճակը մեղմելու համար։
Զրույցը եզրափակեց Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, պրոֆեսոր Վարդան Գրեգորյանը, որն ասաց. «Ես ցանկանում եմ ողջունել բոլոր հերոսներին, որովհետեւ նրանք հիշեցնում են մեզ, թե ինչպես է պետք մնալ ազնիվ ու համեստ եւ ինչպես է պետք աջակցել ոչ թե աշխարհի ուժեղներին, այլ սովորական մարդկանց»։