«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կապերի եւ ռազմավարական հաղորդակցության տնօրեն է նշանակվել Քոլին Թոմաս-Ջենսենը։ Նա կղեկավարի կազմակերպության՝ մարդասիրական ընդլայնվող համայնքի աջակցությանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ նպաստելով անհատներին եւ տեղական կազմակերպություններին ավելի արդյունավետ եւ կայուն ֆինանսական միջոցներ տրամադրելուն, որոնք իրենց հերթին օժանդակություն եւ պաշտպանություն են տրամադրում ծայրահեղ կարիքի մեջ գտնվող համայնքներում։ Մինչեւ «Ավրորային» միանալը Թոմաս-Ջենսենը եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
«Ուրախ եմ «Ավրորային» միանալու հնարավորության համար եւ խթանելու վերջինիս ջանքերն՝ ուղղված ամենասուր ճգնաժամերի առաջնագծում մարդասիրական խիզախ աշխատանք իրականացնողների աջակցությանը»,- ասաց Թոմաս-Ջենսենը: «Քանի որ կառավարությունները եւ զինված խմբերը հետզհետե ավելի հանդուգն են դառնում միջազգային մարդասիրական օգնություն տրամադրողների մուտքը սահմանափակելիս, այսօր առավել, քան երբեւէ, կարեւոր է հզորացնել տեղում արձագանքողների համաշխարհային ցանցը՝ նպաստելով նորարար եւ կայուն լուծումներ առաջարկող նախաձեռնությունների իրականացմանը՝ աջակցելու նրանց կենսապահպան գործունեությանը»:
Թոմաս-Ջենսենն իր գործունեությունն սկսել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում՝ մարդասիրական աշխատանք իրականացնելով Սուդանում՝ Դարֆուրի ցեղասպանության ժամանակ: Աշխատելով Միջազգային ճգնաժամային խմբի եւ Enough նախաձեռնության հետ՝ նա մշակել եւ ղեկավարել է ազդեցիկ տեղեկատվական արշավներ՝ ապահովելու միջազգային առավել արդյունավետ արձագանք ցեղասպանություններին եւ զանգվածային ոճրագործություններին։ 2010-2017 թթ․ նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Պետքարտուղարությունում եւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում։
«Մենք ուրախ ենք ողջունել Քոլին Թոմաս-Ջենսենին «Ավրորայի» թիմում։ Քոլինի խոր հավատն աշխարհի ամենահրատապ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մեր հավաքական պատասխանատվության հանդեպ համահունչ է «Ավրորայի» բուն առաքելությանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արմինե Աֆեյանը: «Նրա փորձառությունը մարդասիրությունն ու մարդու իրավունքներն առաջ մղելու գործում, անկասկած, կօգնի մեզ հասնել նույնիսկ ավելի մեծ ազդեցության մեր գործունեության այս առանցքային փուլում»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Մինչեւ հիմա «Ավրորան» օգնության ձեռք է մեկնել ավեի քան 3.4 միլիոն մարդու 60 երկրում եւ տարածքում՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով 463 նախագծի, որոնք ուղղված են արագ արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը եւ բազմաթիվ այլ ծառայությունների տրամադրմանն անապահով համայնքներում:
Այս տարի «Ավրորան» կնշի իր գործունեության 10-ամյակը, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ մայիսին Լոս Անջելեսում կկայանա Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, սեպտեմբերին Նյու Յորքում կհայտարարվեն «Ավրորայի» հերոսների անունները, իսկ նոյեմբերին Էլիս կղզում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որտեղ կհայտարարվի 2025 թ․ դափնեկրի անունը։