2022 թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Երեխաների կարիքները փոփոխվող աշխարհում» թեմայով Aurora Dialogues առցանց քննարկմանը բանախոսները դիտարկեցին մարտահրավերները, որոնց բախվում են երեխաներն այսօր, ինչպես նաեւ ընդգծեցին մեծահասակների դերն ու պատասխանատվությունը՝ օգնելու նրանց հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
Քննարկմանը մասնակցում էին մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում՝ օգնելով խոցելի երեխաներին: Նրանց թվում են 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վերոնիկ Պետերբրոկ Մեռլոն, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլոն, «Փանզի» հիմնադրամի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Էմիլի Ուորնը:
Ողջունելով մասնակիցներին եւ քննարկմանն առցանց հետեւողներին՝ «ՍիվիլՆեթի» լրագրող, մոդերատոր Էմիլիո Կրիկիոն անդրադարձավ վերջին յոթ տարում «Ավրորայի» ունեցած ազդեցությանը, թե ինչպես է այն օգնել խոցելի համայնքներին ամբողջ աշխարհում: Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 5.7 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղել մարդասիրական 46 նախագծերի աջակցությանը, որոնցից օգտվել է կարիքի մեջ գտնվող գրեթե 1.1 միլիոն մարդ 20 երկրում եւ տարածքում: Այս նախագծերից 26-ի անմիջական շահառուներն են 11 երկրի եւ տարածքի երեխաներ:
««Ավրորա» մրցանակի աջակցության շնորհիվ այս երեխաների կյանքը բարելավվել է․ դպրոցների կառուցում ու վերանորոգում, անվճար բժշկական օգնության տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, տնտեսական հզորացում եւ մարդասիրական այլ միջամտություններ»,- նշեց Էմիլիո Կրիկիոն, ինչին հետեւեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի տեսաուղերձը: «Ավրորայի» աջակցությունն ստացած ծրագրերից շատերն իրականացվել են Աֆրիկայում, որտեղ ապրում եւ աշխատում է բժիշկ Քաթինան:
«Ես ուզում եմ վստահ լինել, որ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ Աֆրիկայի 1.3 միլիարդ բնակչության 60%-ի տարիքը չի գերազանցում 25-ը: Եվ հայացք ուղղելով ապագային՝ մենք պետք է քաջ գիտակցենք, որ աշխարհի ապագա աշխատուժը` ոչ միայն Աֆրիկայի, այլ հավանաբար նաեւ Եվրոպայի, Ասիայի եւ ԱՄՆ-ի, կձեւավորեն ներկայումս Աֆրիկայում ապրող այս երիտասարդները: Հետեւաբար, մենք պետք է այնպես անենք, որ այս երիտասարդները կամ երեխաներն ստանան անհրաժեշտ խնամք՝ առողջապահության տեսանկյունից, ստանան կրթություն, որպեսզի ապագայում ունենան ապահով աշխատատեղ»,- ասաց Թոմ Քաթինան:
Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ աջակցելու կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: «Փանզի» հիմնադրամը 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանի եւ Իլվադ Էլմանի առաջադրած կազմակերպություններից է, որոնց պետք է ուղղվեր մրցանակի ֆոնդը: Այս աջակցության շնորհիվ հարյուրավոր երեխաներ կրթության հնարավորություն ստացան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ կանանց եւ երեխաների նկատմամբ սեռական բռնությունն օգտագործվում է իբրեւ պատերազմի զենք: Բացի այդ, Կոնգոյում սեռական բռնությունից տուժած ավելի քան 4.000 երեխա եւ արհեստագործական համայնքների անդամներ օգտվել են հանքարդյունաբերությանն իբրեւ այլընտրանք տրամադրվող սոցիալ-տնտեսական աջակցությունից:
«Հատկապես մայրերի հետ զրուցելիս հարցնում էինք, թե նրանք ինչպիսի արդարություն կամ ինչպիսի փոխհատուցում կցանկանային: Բոլորն ասում էին, որ ուզում են, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան: Նրանք գիտակցում են, որ դա է ավելի պայծառ ապագա ունենալու հնարավորությունը: Եվ սա է պատճառներից մեկը, թե ինչու ենք կրթության մեջ ներդրում կատարելն այդքան կարեւոր սոցիալ-տնտեսական հենասյուն համարում»,- ասաց «Փանզի» հիմնադրամի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Էմիլի Ուորնը:
Ուշադրությունը բեւեռելով երեխաների կարիքների վրա՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային բացատրեց, թե որքան կարեւոր է «Ավրորա» մրցանակի աջակցությամբ կառուցվող մարդասիրական կենտրոնի դերը: Եզդիների ցեղասպանությունը վերապրած ավելի քան 58.000 մարդ, նախկին մանկահասակ զինվորներ եւ նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաեւ իրաքյան համայնքի այլ անդամներ արդեն օգտվել են եւ դեռ կօգտվեն այս եւ այլ նախագծերից, որոնք իրականացվում են Միրզա Դինայիի աջակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի միջոցներով: «Մենք աշխատում ենք տրավմաներով մարդկանց հետ, ու երբ դու տեսնում ես աշխատանքի արդյունքը, հիմնականում՝ երեխաներին փրկելիս, դա ոգեւորիչ է: Եթե ինչ-որ կերպ, տեսականորեն մտածում ես, թե այլեւս չես շարունակելու, մեղքի զգացում ես ունենում: Ինքդ քեզ ասում ես՝ եթե ես հրաժարվեմ, իմ օգնության կարիքն ունեցողներից կխլեմ բուժման, այլոց կյանքը փրկելու հնարավորությունը»,- նշեց Միրզա Դինային:
«Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի ընտրած կազմակերպություններից մեկն էր, որը պետք է միջոցներ ստանար մրցանակի ֆոնդից: Դրա շնորհիվ ԿԴՀ-ում մոտ 400 լքված եւ սեռական բռնության ենթարկված աղջիկներ ստացան ապաստան, սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ կրթություն, ինչպես նաեւ բարեհաջող կերպով վերադարձան իրենց ընտանիքներ: Ավելի քան 6.100 բուրունդացի փախստականներ, խոցելի աղջիկներ եւ նրանց ընտանիքի անդամներ օգտվել են մարդասիրական տարբեր ծրագրերից, որոնք իրականացրել է «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը Ռուանդայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Իր հերթին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը 8 ծրագիր է ֆինանսավորել՝ աջակցելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցի երեխաներին:
«Ես միշտ շատ զգայուն եմ երեխաների հարցում, թե ինչ է կատարվում երիտասարդ սերնդի հետ, որովհետեւ նրանք են աշխարհի ապագան: Մենք միշտ մտածում ենք աշխարհում տեղի ունեցող վատ երեւույթների մասին: Բայց կան նաեւ բազմաթիվ լավ նախաձեռնություններ, ու շատ կարեւոր է խոսել դրանց մասին: Երբ ես տեսնում եմ Մեգիի [Բարանկիցե] երեխաներին, նրանք կարող են լինել հույսի եւ հաջողության ուղերձ փոխանցող: Երբ դու հնարավորություն ես տալիս այս մոտիվացված երեխաներին, նրանք ուղղակի կլանում են այն»,- ասաց «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վերոնիկ Պետերբրոկ Մեռլոն:
2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, երջանկահիշատակ Չո Լա Աունն ընտրել էր Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը, որին պետք է միջոցներ տրամադրեր մրցանակի ֆոնդից: Եվ ինչպես քննարկման ընթացքում նկատեց մոդերատորը, դա երկու կրոններն իրար կամրջելու լավագույն դրսեւորում էր, երբ մուսուլման դափնեկիրն ընտրում է քրիստոնեական կազմակերպություն՝ նվիրատվության շղթան շարունակելու համար: Դրա շնորհիվ տասնյակ փախստական երեխաներ Մալայզիայում օգտվեցին անգլերենի եւ թվանշային գրագիտության դասընթացներից։ Ավելի քան 75.200 ռոհինջա փախստականներ Բանգլադեշում եւ Մալայզիայում օգտվեցին փախստականների ճամբարային պայմանների բարելավումից, կրթության եւ ապրուստի հնարավորություն ունեցան, որոնք տրամադրեց Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը:
«Ինչպես մյուս բանախոսներն ասացին, երեխաները հասարակության ապագան են, բայց նրանք նաեւ հասարակության ներկան են։ Ու նրանք մեզ ուժ եւ էներգիա են տալիս։ Մենք պետք է լսենք նրանց եւ սերտենք այն արժեքները, որոնց կրողն են նրանք: Միգուցե մենք ենք դրանք փոխանցել նրանց, բայց հետո ինչ-որ կերպ մոռացել ենք դրանց մասին կամ մի կողմ դրել: Մենք պետք է օգնենք նրանց պահպանել այդ հույսը եւ շարունակել սովորել, ինչպես նաեւ շարունակել ներգրավել մեզ եւ մարտահրավեր նետել, քանի որ նրանք տեսնում են մեր թերություններն ու թույլ կողմերը»,- ասաց Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար, հայր Ռոբերտ Վիտիլոն:
Վերջում մոդերատոր Էմիլիո Կրիկիոն շնորհակալություն հայտնեց բանախոսներին քննարկմանը մասնակցելու եւ ամբողջ աշխարհում ոգեշնչող մարդասիրական առաքելություն իրականացնելու համար։
Քննարկումը հայերեն թարգմանությամբ կարող եք դիտել ստորեւ: