logo
ՓԱԿԵԼMenu
2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած երեք թիմերը

2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած երեք թիմերը

«Երիտասարդական Ավրորա» հինգերորդ ամենամյա նախագծի եզրափակիչ փուլ են հասել UWC Ատլանտիկ, UWC Արեւելյան Աֆրիկա եւ Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջների թիմերը` իրենց ներկայացրած նախագծերով: «Երիտասարդական Ավրորան» իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների», Scholae Mundi կրթական հարթակի եւ Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի համագործակցությամբ: Ամեն տարի այն հնարավորություն է տալիս մասնակցող ուսանողական թիմերին ներկայացնելու նախագծեր, որոնք նպատակ ունեն հաղթահարելու իրենց համայնքների մարդասիրական խնդիրները: Եզրափակիչ հասած բոլոր երեք թիմերն այժմ կպատրաստվեն իրենց նախագծերի վերջնական ներկայացմանը ժյուրիին 2021 թ. հոկտեմբերի 14-ին:  

Այս տարի «Երիտասարդական Ավրորայի» նախընտրական փուլին ներկայացվել էր 15 նախագիծ գրեթե բոլոր UWC դպրոցներից եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Դրանք բոլորն ուղղված էին մարդասիրական կարեւոր խնդիրների ստեղծարար լուծումներին: 

Սոցիալական ազդեցության Nomanini ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր, նախընտրական հանձնաժողովի անդամ Վահիդ Մոնաջեմը հայտարարեց. «Սա առաջին, բայց հուսով եմ՝ ոչ վերջին անգամ է, որ հանդես եմ գալիս «Երիտասարդական Ավրորայի» ժյուրիի կազմում: Ես տպավորված եմ աշխարհը բարեփոխելու այս միասնական ձգտումով, որի արտահայտման ձեւերն այնքան տարբեր էին: Հաշվի առնելով ներկայացված առաջարկների բարձր չափորոշիչները՝ դժվար էր գնահատել: Դրանցում արտահայտված նվիրվածությունը, պրակտիկ մոտեցումն ու ինքնահայեցողության աստիճանն ինձ լավատեսություն են ներշնչում ապագայի հանդեպ՝ անկախ մարտահրավերներից, որոնց բախվում է մարդկությունը»: 

Նախագծերի թեմաները բազմազան են՝ Հոնկոնգի դպրոցների LԳԲՏՔԻԱ+ (LGBTQIA+) ուսանողներին աջակցելուց մինչեւ Ճապոնիայի եւ Կորեայի երիտասարդների համախմբում՝ քննարկելու իրենց երկրների պատմության կնճռոտ հարցերը, Կանադայի Մետուլիա համայնքի անоթեւաններին օգնելու համար լուծումներ փնտրելուց մինչեւ Արցախի ուսանողներին կրթական աջակցություն տրամադրելը: Բոլոր նախագծերը գնահատվել են ըստ վեց չափորոշիչի՝ ստեղծարարություն, կայուն լուծումներ, հետազոտության որակ, հնարավոր ազդեցություն, նվիրվածություն եւ ինքնահայեցողություն: Եզրափակիչ փուլ հասած երեք նախագծերի մասին ավելին կարող եք ընթերցել ստորեւ: 

Ըստ «Երիտասարդական Ավրորայի» պահանջի՝ յուրաքանչյուր թիմ պետք է բացահայտի մարդասիրական խնդիր, որն ազդում է իրենց շրջակա համայնքի վրա: Մինչդեռ UWC դպրոցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համաշխարհային սփռման շնորհիվ բոլոր 15  նախագծերի համընդհանուր ազդեցությունը տարածվում է չորս մայրցամաքների՝ բազմաթիվ երկրների եւ համայնքների վրա: Բոլոր 15 թիմերը, անկախ այն հանգամանքից՝ հասել են եզրափակիչ փուլ, թե՝ ոչ, նախընտրական հանձնաժողովից մանրամասն դիտարկումներ են ստանում, ինչը կօգնի նախագծերի հետագա զարգացմանն ու իրագործմանը: Եզրափակիչ հասած երեք թիմերն այդ նկատառումները կներառեն իրենց վերջնական առաջարկներում՝ նախագծերը ժյուրիին ներկայացնելուց առաջ: Նրանք ժյուրիին կներկայանան հոկտեմբերին՝ պայքարելով 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար: 

Հինգերորդ տարին անընդմեջ «Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է տալիս ուսանողներին գործով բարեփոխելու աշխարհը՝ մարդասիրական խնդիրները հաղթահարելով նորարարական եւ կայուն լուծումների օգնությամբ: 

Ինչպես նկատեց Teach For All կրթական համաշխարհային ցանցի ուսուցման եւ զարգացման մասնագետ, 2021 թ. նախընտրական հանձնաժողովի անդամ Մարթա Լուսիա Քուփֆերը. ««Երիտասարդական Ավրորան» աջակցում է երիտասարդներին, քանի որ հենց նրանց ձեռքում պետք է կենտրոնացած լինի բարեփոխումներ իրականացնելու ուժը»: 

 

Եզրափակիչ հասած երեք թիմերը.

UWC Ատլանտիկ. «Լսելով միմյանց»

Այս նախագիծն ուղղված է երիտասարդների շրջանում մտավոր առողջության ճգնաժամին: Թիմի նպատակն է ստեղծել հասակակից ունկնդիրների հարթակ հարեւան դպրոցների համար՝ հիմնված մի մոդելի վրա, որը 11 տարի փորձարկվել է UWC Ատլանտիկ քոլեջում, որով ուսանողներին վերապատրաստում եւ խրախուսում են օգնելու հոգեկան առողջության խնդիրներով այլ ուսանողների: Այս մոդելը տարածելով տարածաշրջանի ավելի շատ դպրոցներում՝ ուսանողներն իրենց համայնքում կօգնեն հաղթահարելու երիտասարդների շրջանում աճող մի շարք հոգեկան խնդիրներ: 

Խոսելով նախագծի հանդեպ ունեցած իր հավատի մասին՝ թիմի անդամ Էլամեյը, որը Ուելսից է եկել, ասաց. «Ես հավատում եմ այս նախագծին, քանի որ անձամբ եմ տեսել, թե այն ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ անհատների եւ համայնքի վրա: Տեսել եմ, թե այն որքան օգտակար է ուսանողների համար, որոնք իրենց խնդիրներով հանգիստ կարող են մոտենալ հասակակիցներին, նաեւ այն, թե որքան օգտակար է, երբ հասակակիցները պատրաստ են լսելու նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն: Ես նաեւ տեսել եմ, որ երբ ուսանողներն ակտիվորեն աջակցում են հոգեկան առողջությանն ուղղված ջանքերին, առօրյա զրույցներում այդ մասին խոսելու մշակույթն ավելի  է տարածվում, եւ, ընդհանուր առմամբ, համայնքում թեմայի վերաբերյալ տաբուներն ավելի քիչ են: Քանի որ նախկինում ես սովորել եմ Ուելսի տեղական դպրոցներում, որտեղ իմ եւ իմ տարեկիցների հոգեկան առողջությունն առաջնահերթություն չէր՝ անկախ դրա վատթարացումից, ես գիտեմ, թե որքան մեծ է կարիքն այնպիսի համակարգի, որը մշտապես կընդունի ու կաջակցի: Եվ ես հավատում եմ, որ խնդրի լուծումը հասակակից ունկնդիրների մոդելի ինտեգրումն է տեղական դասարաններ»: 

Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա․ «Հույսի սերմեր»

Այս թիմի նպատակն է աջակցել Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծելով երիտասարդական կենտրոն, որը միաժամանակ կծառայի եւ որպես առցանց կրթական կենտրոն, եւ որպես սոցիալական տարածք: Հաշվի առնելով նոր մարտահրավերները, որոնց նրանք բախվել են վերջին մեկուկես տարում, ուսանողները հույս ունեն օգնելու մեղմել այս շրջանի կրթական եւ հոգեկան առողջությանն առնչվող վատ հետեւանքները: 

Անդրադառնալով նախագծում կատարած իր աշխատանքին՝ «Հույսի սերմեր» թիմի անդամ Փրինսը (որը մեծացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մինչեւ 2017 թ.՝ որպես փախստական Զիմբաբվե տեղափոխվելը) ասաց. «Այս նախագիծը ցույց է տալիս, որ երիտասարդների՝ դրական փոփոխություններ իրականացնելու մասին երազանքները վերացական բնույթի չեն, մենք նաեւ մարտահրավեր ենք նետում ավանդական գործելաոճին՝ առաջարկելով աշխարհը բարեփոխելու ավելի ռեալ եւ հստակ միջոցներ: Այս ծրագրի վրա աշխատելը բացառիկ հնարավորություն էր ինձ համար ավելի լավ իմանալու իմ ուժեղ եւ թույլ կողմերը: Այն նաեւ վերահաստատեց, թե որն է իմ նպատակը եւ ինչն է իմաստավորում իմ կյանքը: Այն կտրուկ փոխեց իմ պատկերացումը մարդասիրական խնդիրների բարդության մասին, որոնք մենք ձգտում ենք հաղթահարել»: 

UWC Արեւելյան Աֆրիկա․ «Լորաքս» նախագիծ

«Լորաքս» նախագծի նպատակն է լուծել հողի էրոզիայի եւ անտառահատման խնդիրը «սերմ-ռումբերի» տարածմամբ, որն Արուշայում (Տանզանիա) կիրականացվի տեղի դպրոցի ուսանողների օգնությամբ: «Ռումբերը» սերմով, հողով եւ կավով լցված փոքրիկ գնդեր են, որոնք պատրաստել են UWC Արեւելյան քոլեջում՝ սոցիալական պատասխանատվության զարգացման ծրագրի շրջանակում: «Ռումբերը» տարածելու են քոլեջի ուսանողները, ինչպես նաեւ տեղական դպրոցների այլ աշակերտներ՝ օգնելով ծառեր աճեցնել տարածքում: Թիմը նախատեսում է նաեւ տեղի դպրոցները վերազինել անձրեւաջրերի հավաքման համակարգով, որն ապահովում է խմելու մաքուր ջուր: Սա նրանք կարող են նաեւ օգտագործել չոր սեզոնին իրենց տնկած ծառերը ջրելու նպատակով: 

Թիմի անդամ իրանցի Ամիտիսը պատմեց, թե որքան տարված է նախագծով. «Հողի էրոզիան մեծ խնդիր է Տանզանիայում եւ ընդհանուր Արեւելյան Աֆրիկայում, բայց, ցավոք, ոչ բոլոր երկրներն են փորձում լուծել խնդիրը: Այդուհանդերձ, Քենիայում խնդրի դեմ պայքարել են «սերմ-ռումբերի» օգնությամբ: Տեսնելով նրանց հաջող արդյունքները՝ ես հավատում եմ, որ մենք ճիշտ մեթոդ ենք ընտրել: Բացի այդ, նախագծում ընդգրկելով տեղական դպրոցների երեխաներին եւ նրանց տրամադրելով ոչ միայն «սերմ-ռումբեր» եւ դրանց մասին գիտելիք, այլ նաեւ անձրեւաջրերի հավաքման համակարգ, մենք էական ազդեցություն կունենանք նրանց կյանքի վրա: Այս նախագիծը կօգնի հարյուրավոր երեխաների՝ նրանց հասանելի դարձնելով մաքուր ջուր, մրգատու ծառեր եւ ավելի ապահով դպրոցական միջավայր: Ես հասկանում եմ, որ մեր նախագիծը չի լուծի խնդիրն ամբողջ Տանզանիայում, բայց հավատում եմ, որ այն ճիշտ ուղղությամբ արված մեծ քայլ է եւ մի օր կարող է վերաճել մեծ ծրագրի, ինչպիսին Seedballs Kenya նախագիծն է: Նախագծի վրա աշխատանքն ինձ օգնել է հասկանալ, որ եթե վճռական ես՝ բարեփոխելու որեւէ բան, միշտ կարող ես գտնել աջակցություն: Այն ինձ ցույց տվեց, որ գործընկերներ գտնելով՝ ցանկացած բան կարող ես անել»:

Լուսանկարում՝ Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա, UWC Արեւելյան Աֆրիկա եւ UWC Ատլանտիկ քոլեջների թիմերը: