«Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ, ոչ թե նրանց, որոնք վճարում են ձեզ, կամ ձեր խմբագիրներն են, աղբյուրները, ընկերները, կամ առաջընթացի հնարավորությունները։ Միա՛յն հանրության առաջ»:
Ով է նա
Բեն Բաղդիկյանն ամերիկահայ նշանավոր լրագրող էր, որն իր օրինակելի գործունեությամբ խոշոր հետք է թողել իր ոլորտում՝ արժանանալով Պուլիցերյան եւ Փիբոդի մրցանակներին։
Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա ծնվել է Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին, Մարաշում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ փրկվել են եղեռնից եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացիները հարձակում են գործել Փերլ Հարբորի վրա, նա զինվորագրվել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչեւ պատերազմի ավարտը։
Իբրեւ լրագրող՝ իր գործունեությունը Բեն Բաղդիկյանը սկսել է պատերազմից հետո եւ աշխատանքի անցել Washington Post թերթում։ Ժամանակի ընթացքում Բաղդիկյանը դարձել է թերթի տեղական նորությունների բաժնի ղեկավար-խմբագրի տեղակալը եւ իր գործունեության տարիներին օգնել է հանրայնացնել Պենտագոնյան Թղթապանակը։
Թողնելով ամենօրյա լրատվության ոլորտը՝ նա կենտրոնացել է ավելի ծավալուն գործերի վրա եւ տպագրել The Media Monopoly (Լրատվական մենաշնորհ) նշանավոր աշխատությունը, որում ցույց է տվել, թե ինչպես են ամերիկյան մի քանի կազմակերպություններ իրենց վերահսկողության տակ առել լրատվական ոլորտի մեծ մասը։ Թեեւ նա հրատարակել է այլ գրքեր եւս, նա այժմ հիմնականում հայտնի է այս եւ դրան հաջորդած «Նոր լրատվական մենաշնորհ» աշխատություններով։
Պրոֆեսիոնալ գործունեության տարիներին Բեն Բաղդիկյանը եղել է նաեւ Կալիֆորնիայի համալսարանի Բերկլիի լրագրության դպրոցի պրոֆեսոր եւ պատվավոր դեկան։
Հետաքրքիր փաստ
Բաղդիկյանն ապրել է Ամերիկայի հարավի հասարակ ժողովրդի մեջ, որպեսզի կարողանա ամենայն հավաստիությամբ գրել 1960-ականներին հանուն քաղաքացիական իրավունքների ընթացող պայքարի մասին։
Ավելին