Հայտնի գրող Քրիս Բոհջալյանը հրաժարվել է իր համաշխարհային բեսթսելեր դարձած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շարունակությունը գրելու գաղափարից: Հայոց ցեղասպանության թեմային նվիրված այս ստեղծագործությունն արել է իր գործը: Այժմ հեղինակը ցանկանում է գրել ոչ թե հայերի ողբերգության, այլ նրանց վերածննդի մասին:
Վերմոնտում բնակվող Քրիս Բոհջալյանն Ամերիկայի ամենաընթերցվող գրողներից է, եւ, թերեւս, հայկական ծագում ունեցող ժամանակակից արձակագիրներից ամենահանրաճանաչն է աշխարհում: Նա 18 գրքերի հեղինակ է, որոնցից տասը վաճառքի քանակներով հայտնվել են լավագույնների թվում: The York Times թերթը նրա վեպերը բազմիցս հռչակել է ազգային բեսթսելերներ: Մեր հայրենակցի ստեղծագործությունները թարգմանվել են 28 լեզվով եւ տպագրվել հինգ մայրցամաքի տասնյակ երկրներում: Նրա երեք վեպերի մոտիվներով Հոլիվուդում գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել: Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» ինքնակենսագրական վեպը Հայոց ցեղասպանության մասին ամենահաջողված գեղարվեստական ստեղծագործություններից է: Այս թեմային նվիրված գրքերի թվում վեպն իր տպագրաքանակով եւ վերահրատարակման քանակներով զիջում է գուցե միայն «Մուսա լեռան քառասուն օրվան»: Library Journal եւ Kirkus Reviews թեմատիկ շաբաթաթերթերը Քրիս Բոհջալյանի վեպը ճանաչել են տարվա լավագույն գիրք: Այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպիսիք են Washington Post-ն ու USA Today-ը, հորդորում էին կարդալ այս ստեղծագործությունը: Այժմ ամերիկացի ռեժիսոր Էրիկ Նազարյանն «Ավազե ամրոցի աղջիկների» մոտիվներով մեծ ֆիլմ-էպոպեա է նկարահանում:
Հաշվի առնելով «Ավազե ամրոցի աղջիկների» ցնցող հաջողությունը՝ բազմաթիվ գործընկերներ ու հայրենակիցներ կոչ էին անում Քրիս Բոհջալյանին ձեռնամուխ լինել վեպի երկրորդ մասի ստեղծմանը: Սկզբում Քրիսը լուրջ մտորում էր դրա շուրջ: Նա արդեն տեսնում էր շարունակության սյուժեն: Գիրքը պետք է պատմեր, թե ինչպես է ցեղասպանությունը վերապրած ընտանիքը երջանկություն որոնում Ամերիկայում:
«Եթե ես ձեռնամուխ լինեի «Ավազե ամրոցի աղջիկներ» վեպի շարունակության ստեղծմանը, դրա կոմերցիոն հաջողությունը երաշխավորված կլիներ: Բայց որոշեցի, որ ազգիս շատ ավելի մեծ օգուտ կբերեմ, եթե հայկական թեմայով իմ հաջորդ գիրքն ընթերցողի մոտ ոչ թե կարեկցանք առաջացնի հայերի հանդեպ, այլ ուրախության զգացում», - նշում է Քրիս Բոհջալյանը:
Վերջերս նա ավարտել է աշխատանքը նոր վեպի վրա, որի հերոսուհին՝ հայուհի Նվարդը, կոչված է դառնալ վերածնվող Հայաստանի խորհրդանիշը: Փոքրիկ գյումրեցի աղջիկը, որը 1988թ-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է հարազատներին, տարիների ընթացքում կյանքի է վերադառնում: Նրա ճակատագիրն առիթ է ցույց տալ ոչ այնքան այն դժբախտությունները, որոնցում Հայաստանը հայտնվեց աղետի ու Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով, որքան անհաջողությունները հաղթահարելու հայերի ունակությունը:
«Ես առավելություն ունեմ՝ ես հայտնի եմ: Մարդիկ խանութներում փնտրում են իմ գրքերը: Որոշեցի, որ պարտավոր եմ օգտվել այս առավելությունից, որպեսզի ընթերցողի մոտ ճիշտ պատկերացում ստեղծեմ իմ նախնիների հայրենիքի մասին», - ասում է Քրիսը:
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր հայտնի հայ մարդ պարտավոր է նույնն անել: Քրիս Բոհջալյանը միշտ իրեն հայ է անվանում եւ ոչ թե ամերիկահայ, ինչպես սովորաբար ընդունված է ասել: Կեսարիայում ծնված հայերի հետնորդ լինելով հանդերձ՝ նա միաժամանակ բարձր է գնահատում նաեւ մորից ժառանգած իր շվեդի արյունը: «Մայրս հայ չէ: Բայց ամեն ինչ արել է, որ ես իսկական հայ մեծանամ, - հիշում է Քրիսը, - իմ մանուկ հասակում նա ինձ համար Հայաստանի պատմության գրքեր էր կարդում, հայթայթում էր Վիլյամ Սարոյանի ու Մայքլ Արլենի պատմվածքները: Հենց իր հետ էի կիսում տպավորություններս, երբ առաջին անգամ կարդացի մեծ Ֆրանց Վերֆելի վեպը: Մայրս համարում էր, որ հայ լինելը պատիվ է»:
Ստեղծագործելու տենչը Քրիս Բոհջալյանը ժառանգել է նախնիներից: Բոլորովին վերջերս նա իմացել է, որ նրա պապը` Նազարեթ Պետրոս Բոհջալյանը նույնպես ստեղծագործել է: Նազարեթը բանաստեղծ ու երաժիշտ էր: «Ընկերներս ինձ օգնեցին պրպտել թուրքական արխիվները, - պատմում է գրողը, - զարմանքով իմացա, որ XIX դարի վերջում պապս Օսմանյան կայսրությունում այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որն այժմ Ամերիկայում ունեն գուցե միայն հայտնի ռոք երաժիշտները: Նա ելույթներ էր ունենում Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում: Նրան հրավիրում էին անգամ Կոստանդնուպոլիս եւ Երուսաղեմ՝ սեփական երգերը կատարելու: Կարող եմ միայն պատկերացնել, թե ինչպիսի կարիերա կունենար, եթե չլիներ ցեղասպանությունը...»: (Բոհջալյանի ընտանեկան պատմությունը)
Բոհջալյանը շրջել է Արեւմտյան Հայաստանը՝ բոլոր ուղղություններով: Այնտեղ նրա նախնիների տունն է: Ընկերները կոչ են անում նրան դատի տալ թուրքական կառավարությանը՝ նրա մեծ պապի կառուցած քարե տան եւ նրա ընտանիքին պատկանող հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքների վերականգնելու համար: Սակայն հայրենիքը նրա համար բնավ առանձնատունն ու ֆերման չէ, որ պատկանել են նրա նախնիներին: Բոհջալյանի համար հայրենիքը Հայաստան երկիրն է: Դուդանի ձորն է, ուր 1915թ-ին նետում էին հարյուրավոր սպանված հայերի դիերը, քրդերով բնակեցված Չունկուշ գյուղն է, որտեղ բնակվում է վերջին հայուհին՝ 102-ամյա Ասյա տատիկը, Բիթլիսն ու Վանն են, Սարդարապատն ու Ծիծեռնակաբերդն են, Էջմիածինն ու Երեւանն են:
«Ես առանց Հայաստանի երկար չեմ դիմանում, - ասում է Քրիսը,- ժամանակ առ ժամանակ ինձ անհրաժեշտ է լինել նախնիներիս հայրենիքում, որ լիցքավորվեն իմ հոգեւոր մարտկոցները»:
Այդ մարտկոցների արձակած էներգիան ջերմություն է պարգեւոմ Քրիս Բոհջալյանի վառ տաղանդի միլիոնավոր երկրպագուներին:
Արտյոմ Երկանյան
Լուսանկարը՝ Երկանյանի անձնական արխիվից
Արտյոմ Երկանյան. լրագրող, հեռուստամեկնաբան, վավերագրող: Նա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող վավերագրական ֆիլմաշարի հեղինակ է, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, «Աշխարհի հայերը» հաղորդաշարի հեղինակ, «Նովոյե վրեմյա» թերթի քաղաքական մեկնաբան: