logo
ՓԱԿԵԼMenu
Սիրո կանչ

Սիրո կանչ

Ոստիկանության կողմից ծեծի ենթարկված երիտասարդներ։ Մարդու կտրած գլուխ։ Սպանություններ։ Ոչ թե պարզապես սպանություններ՝ դաժանագույն կոտորածներ։ Նա տեսել է այդ ամենը։ Նա վախեցել էր սեփական կյանքի համար, քանի որ դարձել էր կառավարության զայրույթի եւ մահվան սպառնալիքների առարկա, որը նրան ստիպում էր փախչել երկրից: 

Եվ չնայած այդ ամենին, Մարգարիտ Բարանկիցեն հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները։ Այժմ նա ընդլայնել է իր «ընտանիքը», որն ընդգրկում է տասնյակ հազարավոր երեխաներ, ում կյանքերը նա փրկել է՝ չնայած ամենածանր բարդություններին, հույս պարգեւելով պատերազմից որբացած երեխաներին, իսկ ավելի ուշ՝ նրանց, ում ծնողներին խլեց մահացու ՄԻԱՎ-ը։ 

Նա, ինչպես ինքն է ասում, ունի սիրո կանչ. սիրելու բոլոր մարդկանց՝ ամենուր, ցանկացած էթնիկ պատկանելիությամբ եւ աշխարհի բոլոր անկյուններում։ «Երբ դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցնել», – ասում է նա։ 

Սա զարմանալի լավատեսություն է մեկի համար, ով մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետության ազգի հուզումնալից պատմության շրջանում, մի տարածաշրջան, որը կազմալուծվել էր կործանարար ազգամիջյան հակամարտության հետեւանքով։ Քաղաքացիական պատերազմն իրար դեմ հանեց Մարգարիտի ցեղին՝ թութսիներին, ընդդեմ հութու ազգաբնակչության։ Սակայն Մարգարիտի համար նշանակություն չունեն նման արհեստական պատնեշները. իսկապես, 1993 թվականին՝ պատերազմի գագաթնակետին, նա հութուների մի խմբի ապաստան տվեց կաթոլիկ թեմում, որտեղ ինքն աշխատում էր։ Սա մեծ ռիսկ էր, եւ վերջիվերջո, թութսիի պարագլուխը հարձակվեց շինության վրա եւ ստիպեց նրան նայել, թե ինչպես են անդամահատում եւ այրում երկու հութուների, որոնց պաշտպանության համար նա այդքան բան էր վտանգել։

Սակայն Մարգարիտի՝ «երջանկություն պարգեւելու» կոչումն ստիպեց նրան փրկագին վճարել թութսիի պարագլխին՝ փրկելու համար ինչ կարող էր՝ խնայելու իր խնամքին մնացած 25 հութու երեխայի, որպեսզի տեսներ նրանց մեծանալը մի աշխարհում, որը, նա հույս ուներ՝ առավել հյուրընկալ կլինի։ Այդ փորձառությունը նրան ստիպեց հանգել այն որոշման, որ պետք է անել ավելին ոչ միայն իր խնամքի տակ եղած երեխաների, այլեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում որբացած մյուս երեխաների համար։ Այսպիսով, նա հիմնեց Խաղաղության Տուն (Maison Shalom) կոչվող կազմակերպությունը Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաների համար։

Այդ առաքելության ընթացքում հանդիպող ոչ մի խնդիր անլուծելի չէր Մարգարիտի համար. նա մեկնում էր ուղիղ պատերազմական գոտիներ՝ դուրս հանելով երեխաներին անշունչ դիակների միջից, տալով նրանց հնարավորություն, հավատալով, որ նրանք, ինչպես եւ բոլորը, արժանի են ապրելու։ Մարգարիտը հիշում է մի հուզիչ դեպք, երբ մոտեցել է մի մոր, որը սպանվել էր ականից՝ մեջքի հետեւում պահելով չորս ամսական երեխային։ Սկզբում նա մտածում էր, թե երեխան էլ է մահացած, բայց շուտով տեսել է, որ նա ողջ է՝ չնայած լուրջ վնասվածքներով։ Նա վնասել էր իր բերանը, երբ մայրն ընկել էր, եւ ահագին ձեւախեղվել էր։ Մարդիկ նրան ասացին, որ թողնի երեխային մահանա, բայց Մարգարիտը չէր կարող նրան թողնել։ Այսօր այդ երեխան 18 տարեկան է եւ լավատես իր ապագայի հանդեպ։

Այդ երեխայի պատմությունը եւ այլ փրկության դրվագներ նրան լավատեսության եւ իր աշխատանքը շարունակելու ուժ են տալիս նաեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Այսօր, նրա կազմակերպության առաքելությունն ընդլայնվել է. Մարգարիտը եւ իր գործընկերներն այժմ առավելապես հոգ են տանում ՄԻԱՎ-ի պատճառով, քան պատերազմի հետեւանքով որբացած երեխաներին, եւ ոչ միայն Բուրունդիում, այլ նաեւ Ռուանդայում, որտեղ նա այժմ ապրում է, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ 

Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար՝ համալրված գրադարանով, լողավազանով, կինոթատրոնով (միակը երկրում) եւ նույնիսկ ավտոտնակով, որտեղ նախկին զինվորական երեխաները կարող են սովորել վերանորոգել իրենց փոխադրամիջոցները։

Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել Բուրունդիի փախստականներին ապաստանել Ռուանդայում։ Խոսքը, սակայն, աշխարհի միայն իր անկյունի մասին չէ. «Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ»։

Նրա կարծիքով՝ բարությունը կարող է երջանկացնել բոլորին. «Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգեւել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիությունը: 

Մարգարիտ Բարանկիցեն  դարձավ The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը: Մրցանակի Ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: «Ավրորա» մրցանակի  առաջին դափնեկիրը հայտնի դարձավ 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում։